ՀՀ 3 նախագահներից 2-ը կողմ են 100% համամասնականին


ՀՀ 3 նախագահներից 2-ը կողմ են 100% համամասնականին

  • 16-11-2012 07:56:21   | Հայաստան  |  Վերլուծություն
Ընտրական օրենսգիրքը փոփոխելու մասին խոսվում է բոլոր ընտրություններից առաջ. այդ առումով փետրվարին կայանալիք ընտրություններին ընդառաջ Ընտրական օրենսգրքում նորից փոփոխություններ կատարելու մասին խոսակցությունները պիտի որ սովորական լինեին: Բայց դրանք այս անգամ անսովոր են թերեւս այն պատճառով, որ առջեւում ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրություններն են, իսկ փոփոխությունները, որոնք դրվել են սեղանին, վերաբերում են նախեւառաջ խորհրդարանին: Դրանք ընդամենը երկուսն են` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ եւ անցում խորհրդարանական կառավարման համակարգին: Իսկ որ առավել ուշագրավ է` այդ փոփոխությունների անհրաժեշտության մասին ընտրություններից 3 ամիս առաջ սկսեց խոսել խորհրդարանական ԲՀԿ խմբակցությունը, որը մինչեւ 2012 թվականի մայիսի խորհրդարանական ընտրությունները, որպես իշխանական կոլիցիայի անդամ, ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ միասին հեղինակել էր նոր Ընտրական օրենսգրքի նախագիծ, որտեղ ամրագրվում էր խորհրդարանում տեղերի 41 մեծամասնական եւ 90 համամամասնական հարաբերակցությունը: Ի դեպ, ԲՀԿ-ն, որը նախագահական ընտրություններից առաջ որոշեց հանդես գալ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկով, մայիսյան ընտրությունների ժամանակ նաեւ մեծամասնական ընտրատարածքներում հաղթանակների շնորհիվ կարողացավ մեծացնել իր ներկայությունը Ազգային ժողովում: Ավելին, դարձյալ մայիսի խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ ՀՅԴ-ն խորհրդարանին ներկայացրեց 100 % համամասնական ընտրակարգ առաջարկող իր նախագիծը, ԲՀԿ-ն այն պաշտպանելու համար հատուկ ջանք չներդրեց` որոշելով, որ խմբակցության անդամները կքվեարկեն ամեն մեկը իր խղճի մտոք: ՀՅԴ-ի այս նախաձեռնությունը 4-րդ գումարման Ազգային ժողովում չընդունվեց, 5-րդ գումարման ԱԺ-ում խմբակցությունը դարձյալ որոշեց այս առաջարկությանը օրենքի ուժ տալ: Նախագծի ընդգրկումը օրակարգ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնժողովը հետաձգեց մինչեւ 1 տարով, իսկ կառավարությունը դրան դրական եզրակացություն չի տվել: Կառավարությունը դրական եզրակացություն չի տվել նաեւ ՀԱԿ խմբակցության` Ընտրական օրենսգրքում փոփոխություններ, այդ թվում նաեւ 100% համամասնական ընտրակարգ առաջարկող նախագծին. ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնժողովը այս նախագիծը դեռ չի քննարկել: Փոխարենը դարձյալ մինչեւ մեկ տարով հետաձգել է ընդդիմադիր մեկ այլ խմբակցության` «Ժառանգության» Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող նախագիծը: Այն, իհարկե, չի վերաբերում 100% ընտրահամակարգին, բայց «Ժառանգությունը» եւս վերջին շրջանում «անմասն» չի եղել այս հարցի քննարկումներից, մասնավորապես, 4-րդ գումարման ԱԺ-ում ՀՅԴ-ի հետ միասին մշակել էին օրենսգրքին վերաբերող փոփոխությունների հիմնական կետերը, որոնցից մեկն էլ վերաբերում էր 100% համամասնականին: Մի խոսքով, մինչ նախագահական ընտրություններին նախորդող այս պահը խորհրդարանական բոլոր ուժերը, բացի ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից, փորձել են օրենքի ուժ տալ 100 տոկոս համամասնականի «տեսլականին»: Բացառությունն, իհարկե, ԲՀԿ-ն է, որը նախկին նախաձեռնությունները չի պաշտպանել, իսկ այժմ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու փոխարեն որոշել է հարցի շուրջ քաղաքական կոնսուլտացիաներ սկսել կուսակցությունների հետ: Ի դեպ, սա առաջին անգամն է նաեւ, երբ Ընտրական օրենսգրքի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ, ուղղակի կամ միջնորդավորված, հայտնի են հանրապետության 3 նախագահների դիրքորոշումները: Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը կողմ է 100% համամասնական ընտրակարգին, Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն դրան դեմ է, Ռոբերտ Քոչարյանն էլ անձամբ է իր տեսակետը հայտնել դրա շուրջ, այն է` որքան շուտ հրաժարվենք մեծամասնական ընտրակարգից, այնքան լավ: parliamentmonitoring.am
Նոյյան տապան  -   Վերլուծություն