Հակախտրական օրենքի նախագծի մշակումը տեղի չի ունեցել թափանցիկ պայմաններում


Հակախտրական օրենքի նախագծի մշակումը տեղի չի ունեցել թափանցիկ պայմաններում

  • 16-11-2012 14:48:33   | Հայաստան  |  Իրավունք

Նոյեմբերի 16-ին` հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ն կազմակերպել էր քննարկում ՀՀ-ում հակախտրական օրենսդրության նախաձեռնման, մշակման եւ ջատագովության շուրջ: «Անվիճելի է, որ յուրաքանչյուրը պետք է իրական հնարավորություն ունենա օրինական միջոցներով պաշտպանելու սեփական իրավունքները՝ իր անձի հանդեպ խտրականության պարագայում: Հայաստանը միացել եւ/կամ վավերացրել է խտրականության վերացմանն ուղղված բոլոր միջազգային հիմնական իրավական գործիքները: Այդուհանդերձ Հայաստանում խտրականության խնդիրը երբեւէ հետեւողականորեն չի քննարկվել եւ անձի նկատմամբ խտրականության կիրառման կանխման եւ պատժման արդյունավետ իրավական մեխանիզմներ չկան: Այս համատեքստում հարկ է ձեւավորել խտրականության, անհանդուրժողականության եւ այլատյացության կանխման, դրանց դրսեւորումներին պատշաճ արձագանքնման գործուն մեխանիզմներ»,- նշեց կազմակերպության ղեկավար Մամիկոն Հովսեփյանը: Կազմակերպության իրավաբան Լուսինե Ղազարյանը ՀՀ-ում հակախտրական օրեսնդրություն ունենալու անհրաժեշտությունը հիմնավորեց Հայաստանում գործող օրենքներում առկա բացերով, ինչպես նաեւ միջազգային ստորագրված եւ/կամ վավերացված կոնվենցիաներով եւ հանձնարարականներով: Այնուհետ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաշմանդամների եւ փոքրամասնությունների իրավապաշտպան Տաթեւիկ Խաչատրյանն ու իրավական վերլուծության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Վարդեւանյանը նշեցին, որ ՄԻՊ գրասենյակի կողմից արդեն իսկ մշակվել է հակախտրական օրենքի նախագծի նախնական տարբերակը, ինչպես նաեւ ներկայացրին ՄԻՊ գրասենյակի դիրքորոշումը այս օրենսդրության անհրաժեշտության եւ կարեւորության վերաբերյալ: Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկման ընթացքում իրենց մտահոգությունը հայտնեցին այն փաստի շուրջ, որ ՄԻՊ աշխատակազմի կողմից մշակված հակախտրական օրենքի նախագծի մշակումը տեղի չի ունեցել թափանցիկ պայմաններում եւ հանրության մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա կազմակերպությունները նշեցին նաեւ, որ տարիներ շարունակ իրենք իրենց գործությունեությունը ծավալել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եւ պայքարել խտրականության տարատեսակ դրսեւորումների դեմ, սակայն նրանց հնարավորություն չի տրվել իրենց փորձառությունը եւ խտրականությանը առնչվող ոլորտներում իրենց գիտելիքները կիրառել օրենքի նախագծի նախաձեռնման եւ նախնական մշակման փուլում: Հանդիպման ավարտին քննարկմանը ներկա կազմակերպությունները վերահաստատեցին անհրաժշետությունը` առավել անմիջական եւ ակտիվ ներգրավվածություն ունենալու այդ օրինագծի մշակման հետագա փուլերում, ինչի համար ՄԻՊ-ի գրասենյակին պահանջ ներկայացվեց` երաշխավորելու նրանց գործունեության թափանցիկությունն ու հանրայնացումը, ինչպես նաեւ ՀԿ-ներին կոչ արվեց համախմբել ջանքերը առավել համընդգրկուն հակախտրական օրենսդրության նախագիծ ունենալու եւ դրա ադվոկացիան իրականացնելու համար: «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Մադոյանը նշեց, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ՄԻՊ գրասենյակի հետ համատեղ կմասնակցեն օրենքի նախագծի մշակման գործընթացին, որպեսզի երաշխավորեն ոլորտում առկա հիմնախնդիրներին արձագանքող համապարփակ օրենսդրական նախագծի առկայություն: Ինչպես նաեւ հավելեց, որ եթե չապահովվի այս նախագիծի մշակման գործընթացի թափանցիկությունը, չերաշխավորվի հանրային մասնակցությունը եւ համակողմանիությունը, ապա քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստիպված կլինեն հանդես գալ իրենց կողմից մշակված օրենսդրական նախագծով: Մյուս քննարկումը ՄԻՊ աշխատակազմը նախատեսել է ս.թ. նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play