«ՀՀ-ում ՏԻ համակարգի հետագա զարգացման եւ ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» փաստաթուղթը ներկայացվեց ՏԿՆ կոլեգիայի նիստում


«ՀՀ-ում ՏԻ համակարգի հետագա զարգացման եւ ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» փաստաթուղթը ներկայացվեց ՏԿՆ կոլեգիայի նիստում

  • 16-11-2012 15:17:24   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեց «Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման եւ ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» փաստաթուղթը: Այն մշակել է ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, փորձագետներից կազմված աշխատանքային խումբը` ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցություն» ծրագրի շրջանակում: «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ալեքս Սարդարի խոսքով` փաստաթղթի հիմնական նպատակը ապակենտրոնացման քաղաքականության հիմնախնդիրների ամբողջացումն է` երկրի կայուն զարգացման եւ ռազմավարական այլ ծրագրերին համապատասխան: Փաստաթղթի հիմնական խնդիրներից են տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման առաջնային ուղղությունների սահմանումը, ապակենտրոնացման պետական քաղաքականության հիմնական սկզբունքների, նպատակների ու ակնկալվող արդյունքների նկարագրումը, քաղաքականության իրականացման հիմնական փուլերի, իրականացվող քայլերի ու միջոցառումների սահմանումը: Ըստ հեղինակների`փաստաթուղթը ներառում է ապակենտրոնացման բոլոր բաղադրիչները. չորս գլուխները վերաբերում են վարչատարածքային բաժանման եւ միջհամայնքային համագործակցության, իշխանության եւ ֆինանսական ապակենտրոնացման, տեղական ժողովրդավարության, ՏԻՄ ընտրական համակարգի զարգացման հարցերին: Յուրաքանչյուր գլխում ներկայացվում են տվյալ ոլորտի հիմնախնդիրները եւ զարգացման առանցքային ռազմավարական ուղղությունները` կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարի համար: Նիստը վարող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ ՄԶԳ-ին՝ ծրագրի աջակցության եւ աշխատանքային խմբին` հետաքրքիր փաստաթղթի մշակման համար: «Փաստաթղթում տեղ են գտել տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման տեսակետից բոլոր կարեւորագույն խնդիրները, ներկայացված են գաղափարներ, որոնց շուրջ հնարավոր է երկխոսություն ծավալել»,-նշեց նա: Միաժամանակ Ա. Գեւորգյանն ընդգծեց լայն քննարկումների անհրաժեշտությունը եւ ողջունեց կոլեգիայի անդամ, ԱԺ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանի ՝ ԱԺ համապատասխան հանձնաժողովում փաստաթղթի վերաբերյալ լսումների կազմակերպման առաջարկը: Առաջարկվեց նաեւ քննարկումներ կազմակերպել Հանրային խորհրդում: Ստացված առաջարկությունների հիման վրա այն կլրամշակվի եւ կհրապարակվի` որպես վերջնական փաստաթուղթ, որը կարող է ոլորտի համար ուղենիշ դառնալ: ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ կոլեգիայի նիստի օրակարգային մյուս հարցը վերաբերում էր ընթացիկ տարվա հոկտեմբերի 12-13-ին Երեւանում կայացած հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովի արդյունքներին եւ երրորդ համաժողովի նախապատրաստմանը: Առաջարկվում է որոշակի փոփոխություն կատարել համաժողովի ձեւաչափում եւ այն անցկացնել երկու հարթակում, որոնցից առաջինը առավել գլոբալ՝ ազգային մակարդակով երկխոսության, գործարար համաժողովների, առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսների կազմակերպման հնարավորություն կստեղծի, իսկ երկրորդը կվերաբերի միջտարածաշրջանային մակարդակին՝ շեշտը դնելով մարզերում գործընկեր տարածաշրջանների միջեւ գործնական շփումների, տարաբնույթ միջոցառումների կազմակերպման վրա:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play