Ներդրվեց լիցենզավորման հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգը


Ներդրվեց լիցենզավորման հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգը

  • 14-03-2011 17:13:39   | Հայաստան  |  Տնտեսություն
Հայաստանի կառավարությունում ավարտին է հասցվել լիցենզավորման հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի ներդրումը։ Այսուհետեւ կառավարության կայքիէջի միջոցով քաղաքացիները կարող են դիմել տարբեր գերատեսչություններին լիցենզիայի այս կամ այն տեսակը ստանալու համար։ Այս մասին մարտի 14-ի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը։ Նշելով, որ այս համակարգը էապես կբարելավի բիզնես միջավայրը, նա հայտնեց նաեւ, որ արդեն ստացվել են քաղաքաշինության ոլորտում գործունեության լիցենզիաներ ստանալու հայտեր։ Դ.Սարգսյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ լիցենզավորման վճարները իրականացվում են բանկերի միջոցով, սակայն մոտակա մեկ ամսվա ընթացքում վճարումները կարող են իրականացվել բանկային քարտերի միջոցով։ Ըստ նրա, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում լրագրողներին կերկայացվի նաեւ էլեկտրոնային ռեգիստրի համակարգը։ Այդ համակարգի միջոցով բիզնեսը հնարավորություն կստանա 15-20 րոպեի ընթացքում գրանցել ձեռնարկություններ, կազմակերպություններ, առանց հարկային ծառայություն ներկայանալու ստանալ հարկ վճարողի հաշվառման համարը, վճարումներ կատարել, իսկ պետական մարմիններն էլ միասնական պատուհանի միջոցով հնարավորություն կունենան գրանցել ֆիրմային անվանումը։ Քաղաքացիները հնարավորություն կունենան նաեւ տեղեկանալ ցանկացած բիզնեսի կանոնադրության, սեփականատերերի մասին։ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն ընդգծեց, որ այս նորամուծությունների համար պահանջարկի տեսանկյունից կառավարությունը բավականին մեծ ակնկալիքներ ունի, հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանում գոյություն ունեն շուրջ 200 հազար լայնաշերտ ինտերնետ սպառողներ։ Ընդամենը մեկ տարի առաջ այդ թիվը կազմել է 70 հազար, եւս մեկ տարի դրանից առաջ՝ 30 հազար, այսինքն՝ նման ինտերնետ օգտագործողների թիվը տարեկան աճում է 2-3 անգամ։ Դա հիմք է տալիս ակնկալելու, որ այս տարեվերջին այդ թիվը կարող է հասնել 400 հազարի։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play