Կրթական ծրագրերի յուրացման պահանջը պետությունը վերցրել է իր վրա


Կրթական ծրագրերի յուրացման պահանջը պետությունը վերցրել է իր վրա

  • 16-11-2012 19:05:10   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովում այսօր կազմակերպվել են "Հանրակրթական բարեփոխումները` բոլորի համար կրթությունն ապահովելու համատեքստում" խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, կրթության ոլորտի, ինչպես նաեւ տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Լսումների ընթացքում քննարկվել են "Կրթության մասին" եւ "Հանրակրթության մասին" ՀՀ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հա նձնաժողովի նախագահ Ա. Դավթյանը, ով, մասնավորապես, նշել է, որ համընդհանուր ներառականության սկզբունքն ամրագրված է Հայաստանի ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին եւ այլ հռչակագրերում. "2011-15 թթ. Կրթության զարգացման ծրագրում եւս ամրագրված է համընդհանուր ներառականության սկզբունքը, որին մեծամասամբ միտված են այս օրենսդրական փոփոխությունները: Հանրակրթության մասին չափորոշիչն արդեն սահմանում է, որ կրթական ծրագրերի յուրացման պահանջը պետությունը վերցրել է իր վրա",-նշել Ա. Դավթյան: Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով շնորհակալություն է հայտնել ԱԺ համապատասխան հանձնաժողովին` օրինագծերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու համար. "Համոզված եմ, որ օրինագծի փաթեթը մինչեւ երկրորդ ընթերցում անցնելու է բուռն քննարկումների շրջան. սակայն այսօր ցանկանում եմ ընդգծել այն արժեհամակարգը, որի վրա խարսխված է այս օրինագիծը: Մեր մոտեցումներն այս խնդրում շատ պարզ են` վերոնշյալ օրինագծում ներառված է ոչ միայն կրթական համակարգի, այլեւ մարդկային արժեքների ողջ համակազմը: Նշեմ մի քանի թեզիս, որոնց վրա խարսխված է օրինագիծը, առաջին` ՀՀ բոլոր երեխաները մերն են` անկախ իրենց ֆիզիկական զարգացվածության աստիճանից կամ այս կամ այն առողջական խնդիրներից: Երկրորդ` մենք բոլոր երեխաների առջեւ ունենք հավասար պարտավորություններ. մենք պարտավոր ենք ապահովել երեխաների մանկությունն իր ամբողջ համակազմով` այդ թվում կրթության ոլորտում նրան տալով հնարավորություն: Երրորդ` ոչ թե երեխան պետք է մեզ հարմարվի, այլ մենք պետք է հարմարվենք երեխային. յուրաքանչյուր երեխայի պետք է փորձենք մատուցել իր համար մատչելի եւ պահանջված` այդ թվում կրթական ծառայություն: Եվ չորրորդ` Հայաստանում կրթության համակարգը դառնում է առաջատարը` հանրային կարծրատիպերի բեկման եւ նոր հասարակություն ձեւավորման գործում: Իրականում, ներառականությունը պետք է ընկալել շատ ավելի լայն հարթության եւ արժեհամակարգի մեջ, քան լոկ կրթական ծառայություններով նման երեխաներին տեղ տալու օրինագիծ: Կրթության ոլորտը հավակնում է դառնալ այն <լոկոմոտիվը>, որով պետք է բացվեն մինչ այժմ փակ հաղորդակցման, հոգեբանական, արժեհամակարգային ուղիները, որպեսզի մեր հասարակությունը, իր բոլոր անդամներին ներառելու եւ կողքին տեսնելու ցանկությունից զատ, նաեւ իր կողքինին աջակցելու պատրաստակամություն դրսեւորի: Այսինքն, այս օրինագծով մենք հավակնում ենք լուրջ արժեհամակարգային բեկումների: Ուրախ եմ, որ Ազգային ժողովում օրինագծի առաջին ընթերցման ընթացքում քաղաքական գրեթե բոլոր ուժերը դրսեւորել են քաղաքական իմաստով ներառական մոտեցում, որովհետեւ կրթության ոլորտի հարցերը պետք է չդիտարկել որպես քաղաքական օրակարգի տարաձայնություններ",-իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը` հավելելով, որ ներառականության սկզբունքի կիրառման տեսակետից Հայաստանն առաջատար դիրքերում է ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլ մի շարք արեւելաեվրոպական երկրների համեմատությամբ: "Սա մեր գործընկեր միջազգային կազմակերպություններիի գնահատականն է, որ իրականում Հայա ստանում կատարվել է հսկայական աշխատանք: Ավելին, համոզված եմ, որ ներառականության սկզբունքը պետք է տարածվի նաեւ կրթական համակարգի այլ հատվածների, մասնավորապես, մասնագիտական կրթության վրա: Այս համատեքստում տեղեկացնեմ, որ նախարարությունն իր միջազգային գործընկերներին է ներկայացրել նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում նախատեսվող երկու փորձնական նախագիծ` ներառականության սկզբունքով առաջնորդվել նաեւ մասնագիտական կրթության համակարգում: Նաեւ բուհերում որոշակի խնդիրներ ունեցող երիտասարդների համար անհրաժեշտ ինտեգրված միջավայրի ս տեղծման նպատակով արդեն հաջորդ տարի մասնաշենքային միջին ծանրաբեռնվածությամբ երկու բուհերում կսկսենք նման միջավայրի ստեղծման աշխատանքները, որոնց օրինակով եւ համապատասխան ժամանակացույցով էլ բոլոր բուհերին կխնդրենք իրենց արտաբյուջեի հաշվին հետեւել այդ օրինակին: Բացելով դռները մեր բոլոր երիտասարդների եւ երեխաների առջեւ` պետությունը պետք է կրի նաեւ ֆինանսական պատասխանատվություն: Մենք բավական արժանահավատ ենք համարում այն ժամկետները, որոնք արձանագրված են օրինագծում. ցանկությունները կյանքի կոչելու համար պետք է մի օր սկսել աշխատել: Իհարկե, բ ոլոր խնդիրները միանգամից չեն լուծվի. օրինագիծն ընդունելուց հետո համալիր գործողությունների ծրագիր է պահանջվում, որը չի վերաբերում միայն կրթօջախներում համապատասխան միջավայրի ստեղծմանը, այլ ավելի բարդ եւ ժամանակ պահանջող, հոգեբանական բնույթի երկուստեք դրսեւորվող խնդիր է: Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողները դեռեւս ունեն այն մտավախությունը, թե արդյոք իրենց երեխաները կարող են ամբողջությամբ ինտեգրվել սովորական դպրոցներում, իսկ առողջ երեխաների ծնողների մոտ էլ առկա է այն կաղապարված մոտեցումը, որ իրենց երեխայի կողքին պետք է չսովորեն որոշակի խնդիրներ ունեցող երեխաները: Այո, խնդիրներ կան, բայց Տավուշի մարզում իրականացված փորձնական ծրագիրը, իր բոլոր դժվարություններով հանդերձ, ապացուցել է իր կենսունակությունը` որպես մոդել, այսինքն, ճիշտ մոտեցման դեպքում հասարկությունն ինքը կարող է լծվել այդ քաղաքականության իրականացման գործին: Ավելին, Տավուշի մարզի փորձը ցույց տվեց, որ այս մոդելը նաեւ ֆինանսական տեսակետից է շահութաբեր: Այս խնդրում մենք երկու մոտեցում ունենք` կամ անել այն, ինչ անում ենք, այսինքն, փոքր կապիտալ ծախսել, բայց մեծ օպերացիոն ծախսեր, երբ հատուկ դպրոցում երեխայի վրա ծախսվող գումարը մոտ 4 անգամ ավելի մեծ է, քան ներառականում, կամ էլ անել մեծ ներդրումներ, հետո անցնել ավելի ցածր մակարդակի օպերացիոն ծախսերի",-ընգծել է նախարարը եւ հավելել, որ վերոնշյալ օրինագծով բարձրացվում են նաեւ այլ կարեւոր խնդիրներ, մասնավորապես, մանկավարժների ստաժի համապատասխան բնորոշման, մանկավարժ մասնագետի բնորոշման հստակեցման, մասնավոր դպրոցների համապատասխան գիտելիքներով զինված տնօրեն ունենալու խնդիրներն օրենսդրորեն լուծելու, ինչպես նաեւ տարրական դասարանների բոլոր դասագրքերը անվճար լինելուն վերաբերող հարցեր: "Որպես ամփոփում` ցանկանում եմ շեշտել, որ կրթության ոլորտում դժվար է համընդհանուր համաձայնության գալ, բայց որ վերջնական որոշում կայացնելուց առաջ մենք պետք է հաշվի առնենք մեր շահառուների մեծ զանգվածի կարծիքը, սա ակնհայտ է: Եվ սեւակյան այն արտահայտությունը, որ ոսկե միջինը որպես կանոն կանաչում է, բայց պտուղ չի տալիս, մեզ մղում է գալ այնպիսի համաձայնության, որը ոչ միայն կանաչի, այլ նաեւ շոշոփելի արդյունքների մեզ բերի",-նշել է նախարար Աշոտյանը: Լսումների ընթացքում հարցեր են ուղղվել հիմնական զեկուցողին, ինչպես նաեւ հնչել են թեմատիկ ելույթներ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play