Ոչ բոլոր անօթևաններին է բախտ վիճակվում բնակարան ստանալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ոչ բոլոր անօթևաններին է բախտ վիճակվում բնակարան ստանալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 21-11-2012 10:10:45   | Շիրակի մարզ  |  Բարեգործություն



Երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած և ահա շուրջ 24 տարի վագոն-տնակներում ու կիսափլված շենքերում մի կերպ պատսպարված բազմաթիվ ընտանիքներ տարաբնույթ պատճառաբանություններով բնակարաններ չեն ստանալու:

Մեր հանդիպումների ժամանակ անօթևան ընտանիքներից երբեմն լսում ենք բնակարանային իրավունքից զրկվելու եւ բնակարան չստանալու այնպիսի պատմություններ, որոնք անգամ մեզ ոչ միայն անտրամաբանական, այլ նաև անհավատալի են թվում: Եվ որ ամենացավալին է, ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում նշված չէ, թե երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հերթացուցակներում հաշվառված, սակայն բնակարանային փոխհատուցումից զրկված ընտանիքներին ինչ ճակատագիր է սպասում: Թեմայից մի փոքր շեղվելով նշենք, որ մեզ Գյումրիում անգամ հանդիպում են կանգուն, բայց ամրացման կարիք ունեցող շենքեր, որոնք բնակիչների պնդմամբ` առհասարակ որևէ տեղ, այդ թվում որպես համայնքային սեփականություն հաշվառված չեն և դրանց քանդման կամ ամրացման համար իշխանության որևէ մարմին պարտավորություն չի ստանձնում: Նման մի դեպքի էլ «Շիրակ կենտրոնի» աշխատատակիցները ականատես եղան այսօր` Գյումրու երկաթգծի թաղամասում:
67-ամյա Ադամյան Օգսիդայի 9 անձից բաղկացած ընտանիքը վաղուց ապրում է երկու տարբեր տնակներում, իսկ նախքան երկրաշարժը բնակվել են «Թբիլիսյան սիմաֆոր»- 19 շենքում, որը կառուցվել է դեռ նախորդ դարի 20-ական թվականներին և ԽՍՀՄ-ի ժամանակ պատկանելիս է եղել երկաթուղային դեպոյին: Սակայն շենքը երկրաշարժից հետո հանվել է երկաթգծի հաշվեկշռից և չի փոխանցվել համայնքին: Այդ շենքի բնակիչների մի մասին այնուամենայնիվ նախորդ տարիներին հաջողվել է որպես անօթևաններ բնակարաններ ստանալ պետությունից, իսկ մի մասին Գյումրու քաղաքապետարանը անօթևանների հերթացուցակում չի հաշվառել, պատճառաբանելով, թե շենքը կանգնած է, թեկուզ և վթարային վիճակում: Իսկ Ադամյանների ընտանիքին էլ մերժել են բնակարան տրամադրել` պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետում բնակբաշխման հանձնաժողովին չհանձնելու պատճառով, թեև տան ավագը` Օգսիդան էլ իր հերթին փաստաթղթերի հանձնման ուշացումը հիմնավորում է նրանով, որ հիվանդանոցում բուժում ստանալիս է եղել և իրազեկված չի եղել: 
Այլ մանրամասներ` «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված տեսանյութում:
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play