Կվերաձեւվե՞ն արդյոք Եւրոպայի սահմանները


Կվերաձեւվե՞ն արդյոք Եւրոպայի սահմանները

  • 22-11-2012 16:44:53   | Հայաստան  |  Վերլուծություն

 

Սույն թվականի սեպտեմբերի 27-ին Իսպանիայի մաս կազմող Կատալոնիայի խորհրդարանը որոշում կայացրեց, ըստ որի` նոյեմբերի 25-ին ինքնավար մարզում կայանալիք վաղաժամ խորհրդարանական ընտրություններին զուգահեռ` կանցկացվի նաեւ անկախության հանրաքվե:
 
Թեեւ պաշտոնական Մադրիդը բավական կոշտ արձագանքեց կատալոնացիների նման որոշմանը` նշելով, թե կօգտագործվեն իրավական բոլոր լծակները Իսպանիայի կազմից մարզի դուրս գալը խոչընդոտելու համար եւ անգամ հնչեցին կոչեր` զորք ուղարկել «ապստամբ Կատալոնիա», սակայն հարցն ուշադրության կենտրոնում պահող եվրոպացի դիտորդների մեծ մասը կարծում է, որ Իսպանիայի կենտրոնական կառավարության նման կոշտ մոտեցումը կարող է միայն սրել իրավիճակը եւ զարգացումները դարձնել անկանխատեսելի: Բերվում է այն փաստարկը, որ Կատալոնիայի 7.5 մլն բնակչության մոտ 2/3-ը կողմ է անկախությանը, եւ այդ պարագայում ուժի կիրառումը Եվրամիության անդամ Իսպանիայի կողմից կարող է ունենալ միայն կարճատեւ զսպող նշանակություն` փոխարենը ծայրահեղ բացասական հետեւանքներ ունենալով առանց այդ էլ խոր ճգնաժամում գտնվող իսպանական տնտեսության համար:
 
Մյուս կողմից` գրեթե կասկածի տակ չի առնվում այն գնահատականը, որ եթե ներկայում կատալոնացիներին չհաջողվի հասնել de jure անկախության, առաջիկա հանրաքվեն միանշանակ լուրջ քայլ է հանդիսանալու այդ ուղղությամբ եւ հարցն այլեւս վերաբերելու է ժամանակին:
 
Խնդիրը, սակայն, միայն Կատալոնիան ու Իսպանիան չեն: Վերջին երկու ամիսներին փոխվեց իրավիճակը նաեւ Մեծ Բրիտանիայի կազմում գտնվող Շոտլանդիայի եւ Բելգիայի մաս հանդիսացող Ֆլանդրիայի անկախացման շուրջ ընթացող զարգացումներում: Միջազգային փորձագիտական հանրությունը սկսեց բարձրաձայնել եվրոպական մայրցամաքում առաջացած ոչ թե առանձին երեւույթների, այլ սահմանների վերաձեւման հերթական փուլի մասին, ինչը Եվրոպային բնորոշ է միջինը հիսուն տարին մեկ:
 
Կատալոնիա
 
1975թ. Ֆրանկոյի մահվանից հետո կազմված Իսպանիայի նոր սահմանադրության (1978թ.) համաձայն, երկիրը բաժանվեց ինքնավար 17 մարզերի (եւ ինքնավար երկու քաղաքի), որոնք իրենց հերթին բաժանվեցին 50 շրջանների: Ինքնավար մարզերից յուրաքանչյուրն ընտրում է իր մարզային խորհրդարանը, որն էլ Իսպանիայի թագավորի առաջադրմամբ ձեւավորում է մարզային կառավարություն` կառավարության ղեկավարի (նախագահի) գլխավորությամբ: Մարզային իշխանությունները տեղական հարցերի լուծման գործում, ինչպես նաեւ դատական ու ֆինանսական գործերում ունեն ինքնավարություն: Օրինակ, մարզային բյուջե է գնում տեղում հավաքված հարկերի, տուրքերի որոշակի մասը:
 
Կատալոնիան նշված 17 ինքնավար մարզերից մեկն է, սակայն տեղի բնակչությունն իրեն համարում է այլ ազգության ներկայացուցիչ` ոչ իսպանացի: Այս հանգամանքը բնորոշ է նաեւ երկու այլ մարզերի` Բասկերի երկրին ու Գալիցիային (որտեղից է, ի դեպ, Իսպանիայի ներկայիս վարչապետ Մարիանո Ռահոյը): Նշված երեք մարզերի բնակչությունը տեղական պաշտոնական գրագրությունում իսպաներենի հետ միասին օգտագործում է նաեւ իր մայրենի լեզուն:
 
Կատալոնացիների անկախանալու ձգտումների հիմքում միայն ազգային կամ ֆինանսատնտեսական հարցերը չեն: Կատալոնիան ունի անկախ պետականության դարերի պատմություն: Կատալոնական խորհրդարանն, օրինակ, համարվում է Եվրոպայի ամենահին օրենսդիր մարմիններից մեկը (XI դար), իսկ երկրամասի` Բարսելոնայի երկրի (Բարսելոնա քաղաքը միշտ եղել է ու կա Կատալոնիայի մայրաքաղաքը, վարչական կենտրոնը)` որպես անկախ իշխանության, մասին առաջին անգամ խոսվում է 987թ.:
 
Ժամանակակից Կատալոնիան Իսպանիայի, թերեւս, ամենազարգացած մարզն է: Զբաղեցնելով Իսպանիայի տարածքի 6.3%-ը (32.1 հազ. կմ2) եւ ունենալով երկրի բնակչության 16%-ը (մոտ 7.5 մլն մարդ)` Կատալոնիան 2011թ. տվել է Իսպանիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 23%-ը կամ շուրջ $340 մլրդ (ըստ IMF տվյալների): Իր այս ցուցանիշով Կատալոնիան աշխարհի անկախ երկրների շարքում 2011թ. կգրավեր 32-րդ հորիզոնականը` առաջ անցնելով այնպիսի երկրներից, ինչպիսիք են Դանիան, Ֆինլանդիան, Չիլին, Իսրայելը, Պորտուգալիան եւ այլն:
 
Մյուս կողմից` այս տվյալները ցույց են տալիս, որ մարդիկ Կատալոնիայում անհամեմատ բարեկեցիկ են, քան մնացած Իսպանիայում: Այսպես, 2011թ. տվյալներով` մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ողջ Իսպանիայում կազմել է $31.4 հազ., եւ այդ ցուցանիշով Իսպանիան զբաղեցրել է 28-րդ տեղն աշխարհում: Մինչդեռ, անցած տարի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Կատալոնիայում կազմել է $45.3 հազ., այսինքն` գրեթե կիսով չափ ավելի, եւ իր այդ ցուցանիշով Կատալոնիան աշխարհի անկախ պետությունների շարքում կգրավեր 8-րդ հորիզոնականը` առաջ անցնելով Շվեյցարիայից, Նիդեռլանդներից, Ավստրիայից ու Շվեդիայից:
 
Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) տվյալներով` այս տարի Իսպանիայի տնտեսությունն անկում կապրի ավելի քան 1.5%-ով: Մյուս տարի նույնպես հիմնադրամն անկում է կանխատեսում իսպանական տնտեսության համար` շուրջ 1.3%, եւ իր այս ցուցանիշով եվրագոտու 17 երկրների շարքում (Եվրոպական միության 27 անդամներից միայն 17-ն են մտնում եվրոյի գոտու մեջ) Իսպանիան մտնում է վատագույն հնգյակի մեջ` Հունաստանի, Պորտուգալիայի, Սլովենիայի ու Իտալիայի հետ միասին: Իսպանիան մինչ օրս չի կարողացել վերականգնել մինչեւ 2008թ. ճգնաժամը եղած ՀՆԱ մակարդակը:
 
Ահա նման պայմաններում, օգոստոսին Կատալոնիայի կառավարությունը դիմեց Մադրիդ` շուրջ €5 մլրդ ֆինանսական օգնության խնդրանքով: Մարիանո Ռահոյի կառավարությունը, սակայն, ստիպված էր մերժել կատալոնացիների խնդրանքը, քանի որ իսպանական մարզերի օժանդակության համար նախատեսված գումարի չափը կազմում էր €18 մլրդ ու միայն Կատալոնիային €5 մլրդ-ի չափով օգնության տրամադրումը Մադրիդի ուժերից վեր էր: Ավելին` Իսպանիայի կենտրոնական կառավարությունը ստիպված եղավ հայտարարել մարզերից գանձվող հարկերի մեծացման մասին, ինչը լուրջ դժգոհություն առաջացրեց տեղերում:
 
Կատալոնիայում դժգոհության պատճառ դարձավ նաեւ այն, որ Մադրիդից մերժեցին Բարսելոնայի մեկ այլ առաջարկ` ընդլայնել տեղական կառավարության ինքնավարությունը, ինչը վերջինիս իրավունք կտար ինքնուրույն որոշել կենտրոն փոխանցվող գումարի չափը: Օրինակ, անցած տարի Կատալոնիան Մադրիդ է փոխանցել մոտ €16 մլրդ ($20.3 մլրդ):
 
Վերջապես, սեպտեմբերին, Բարսելոնայում տեղի ունեցած բողոքի հսկայածավալ ակցիայից հետո, Կատալոնիայում իշխող աջամետ «Կոնվերգենցիա եւ միություն» կոալիցիան (որը մարզային խորհրդարանում ունի մեծամասնություն) նախ օրենսդիր մարմնով «անցկացրեց» նոյեմբերի 25-ին վաղաժամ ընտրություններ անցկացնելու մասին որոշումը, ապա օրեր անց հասավ նրան, որ Կատալոնիայի խորհրդարանը որոշեց վաղաժամ ընտրությունների հետ միաժամանակ անցկացնել անկախության հանրաքվե:
 
Շոտլանդիա, Ֆլանդրիա
 
Հոկտեմբերի 15-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ Շոտլանդիայի առաջին նախարար (կառավարության ղեկավար) Ալեքսանդեր Սելմոնդը ստորագրեցին մի համաձայնագիր, որը թույլ է տալիս 2014թ. աշնանը Շոտլանդիայում անցկացնել անկախության հանրաքվե: Հանրաքվեում շոտլանդացիները պետք է պատասխանեն ընդամենը մեկ հարցի` ցանկանո՞ւմ են մնալ Մեծ Բրիտանիայի կազմում:
 
Սելմոնդի ղեկավարած Շոտլանդական ազգային կուսակցությունը հաղթանակ տարավ անցած տարի մայիսին կայացած Շոտլանդիայի խորհրդարանական ընտրություններում, եւ Լոնդոնից անկախանալը կուսակցության նախընտրական առանցքային գաղափարներից մեկն էր: Սելմոնդի կողմնակիցների ներկայացմամբ` Լոնդոնի ծախսատար արտաքին ու պաշտպանական քաղաքականությունից զերծ մնալը եւ Հյուսիսային ծովում` Շոտլանդիայի տարածքային ջրերում առկա նավթի ու գազի պաշարները թույլ կտան Շոտլանդիային լինել ավելի բարեկեցիկ եւ անկախ:
 
Հոկտեմբերի 14-ին Բելգիայի մաս կազմող Ֆլանդրիայում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց արդյունքում ամենից շատ քվե` մոտ 30%, ստացավ ազգայնական Նոր ֆլամանդյան միությունը, որի առաջնորդ Բարտ դե Վեւերը ընտրվեց Եվրոպայում երկրորդ խոշոր նավահանգիստ քաղաքի` Անտվերպենի քաղաքապետ: Ընտրությունից հետո դե Վեւերը հանդես եկավ հայտարարությամբ` պահանջելով Բելգիայի կենտրոնական կառավարությունից բանակցություններ սկսել Բելգիան կոնֆեդերատիվ պետություն դարձնելու նպատակով: Ավելորդ չէ հիշեցնել, որ 2007-ից Բելգիայի Թագավորությունը գտնվում է քաղաքական շարունակական ճգնաժամում, քանի որ հյուսիսային` ֆլամանդյան եւ հարավային` վալոնյան հատվածները մշտապես լուրջ հակասություններ ունեն միասնական կառավարության ձեւավորման գործում:
 
Հետեւություններ
 
Անշուշտ, Եվրոպայում թափ ստացած անկախական զարգացումների հիմքում այսօր նախեւառաջ պետք է տեսնել Հին աշխարհը պատած ֆինանսատնտեսական ճգնաժամը: Այդպիսի ճգնաժամերի պատճառով փոքր ու մեծ կայսրությունների փլուզումն օրինաչափ է պատմության ընթացքում:
 
Սակայն նման գործընթացի հիմքում միայն ֆինանսատնտեսական պատճառները չեն: Եվրոպայում միանգամից մի քանի երկրում թափ հավաքած անկախական շարժումները կարող են վկայել ոչ միայն տվյալ պետությունների, կայսրությունների պատմական ժամանակաշրջանի ավարտի, այլեւ Եվրոպական միության շրջանակներում սկիզբ առնող նոր գործընթացի մասին: Վերջին շաբաթներին եվրոպացի մի շարք փորձագետներ հանդես եկան հրապարակումներով, թե ազգային պետությունների մասնատվելը կարող է ձեռնտու լինել նոր` ավելի ինտեգրացված Եվրամիության կառուցման առումով:
 
Եվ վերջապես` Եվրոպայում տեղի ունեցող այդ զարգացումները կարող են իրենց ազդեցությունը թողնել նաեւ միջազգային հարաբերությունների վրա, քանի որ ներկայիս աշխարհակարգի հիմքում ընկած է Երկրորդ աշխարհամարտից ու Սառը պատերազմի ավարտից հետո Եվրոպայում հաստատված կարգը, եւ այդ կարգի կամ եվրոպական սահմանների փոփոխությունն իր հետեւանքները կունենա ողջ աշխարհի համար:
 
Արտաշես Տեր-Հարությունյան
«Նորավանք»
Նոյյան տապան  -   Վերլուծություն