Ավարտվել է «Շենգավիթ-1» վճարային ծառայության` թվով 7 աշխատակիցների մասով նախաքննությունը


Ավարտվել է «Շենգավիթ-1» վճարային ծառայության` թվով 7 աշխատակիցների մասով նախաքննությունը

  • 23-11-2012 00:23:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ 2011թ. մայիսին հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է «Շենգավիթ-1» վճարային ծառայության` թվով 7 աշխատակիցների մասով նախաքննությունը: Նրանց վերաբերյալ գործն անջատվել է առանձին վարույթ եւ ուղարկվել Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Հայտնում են դատախազությունից:

Մասնավորապես` նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն «Շենգավիթ-1» տարածքային բաժանմունքի պատասխանատու Ա. Գրիգորյանը, օժտված լինելով բաժանմունքի տեսուչ-վճարողների միջոցով կենսաթոշակների վճարման գործընթացը կազմակերպելու  եւ ղեկավարելու լիազորություններով, պետությունից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել նույն բաժանմունքի տեսուչ-վճարողներ Է. Մաճկալյանի, Ա. Եղիազարյանի, Ս. Հարությունյանի, Կ. Պողոսյանի եւ Ա. Նիկողոսյանի հետ եւ 2006-2010թթ. ընթացքում յուրացման եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն:
 
Ըստ նախաքննության տվյալների` Ա. Գրիգորյանի հանձնարարությամբ վերոհիշյալ տեսուչները պարզել են հանրապետությունից բացակայող կամ կենսաթոշակների վճարային ցուցակներից չհանված  հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները եւ 2006-2010թթ. ընթացքում վճարային ցուցակներում կեղծելով այդ կենսաթոշակառուների ստորագրությունները` նրանց անվամբ անհիմն ելքագրել են իրենց վստահված կենսաթոշակների գումարները` Ա. Գրիգորյանի հետ խմբով յուրացման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ:
 
Իսկ նույն բաժանմունքի վճարող-տեսուչ Կ. Պետրոսյանը, իրեն վստահված կենսաթոշակների գումարներից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ 2008-2010թթ. ընթացքում փաստացի չվճարելով կենսաթոշակի գումարները, բայց իր կողմից ներկայացված օրական հաշվետվություններում կենսաթոշակը վճարելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով, ինչպես նաեւ տեղեկանալով կենսաթոշակառուների` հանրապետությունից բացակայելու մասին, կեղծելով վճարային ցուցակներում ընդգրկված այդ կենսաթոշակառուների ստորագրությունները` անհիմն ելքագրել է եւ յուրացման եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ:
 
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` վերոհիշյալ 7 անձանց գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր 11 466 701 դրամի վնաս, որից նախաքննության փուլում վերականգնվել է 4 153 740 դրամ:
 
Ձեռք բերված ապացույցների հիման վրա  Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
 
Ա. Եղիազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով,
 
Ս. Հարությունյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով,
 
Կ. Պետրոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով,
 
Է. Մաճկալյանին. Ա. Նիկողոսյանին եւ Կ. Պողոսյանին ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, 325-րդ հոդվածի 1-ին մասով,
 
Քրեական գործն ուղարկվել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
 
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Աղբյուրը՝ Իրավաբան.net
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play