Շահան Գանտահարյան.Ծառուկյանի կուսակցությունը չպիտի սատարի որևէ թեկնածուի


Շահան Գանտահարյան.Ծառուկյանի կուսակցությունը չպիտի սատարի որևէ թեկնածուի

  • 14-12-2012 01:08:57   | ԱՄՆ  |  Վերլուծություն

Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների նախօրյակին քաղաքական դաշտի ամայացման միտող երեւույթները վերլուծման  եւ որոշակի կանխատեսումների  ընդհանուր համապատկեր են ուրվագծում։ ԲՀԿ-ի նախագահ Գագիկ  Ծառուկյանի կատարած հայտարարությունը`  նախագահական ընտրություններին չառաջադրվելու իբրեւ թեկնածու եւ մանավանդ չսատարելու որեւէ թեկնածուի նկատվում է շոկային կամ բեկումնային, ըստ հայաստանյան  լրատվամիջոցների որոշ վերլուծաբանների. եւ կամ` «սպասված քայլ» ըստ քաղաքական այլ  շրջանակների:

Բայց մինչեւ Ծառուկյանի կատարած քայլի հետեւանքների մասին որոշ  պատկերացումներ ունենալու փորձ կատարելը, մտաբերենք  այն վարկածը, որ հիմնվում էր ԲՀԿ-ի ոչ ընդդիմադիր հանգամանքի մասին համառ պնդումների կամ ինքնաբնութագրված «այլընտրանքային  ուժ» անվանակարգման վրա: Ի վերջո եզրակացնելու համար, որ ԲՀԿ-ն ինքնուրույն որոշում կայացնող կուսակցություն  չէ եւ իբրեւ այդպիսին ծառայեցվում է ընդդիմադիր դաշտի տիրապետմամբ հօգուտ իշխանության դեր ստանձնելու, ավելի ճիշտ` կառավարելի ընդդիմության վերածվելու:
Ոչ շատ հեռուները գնացող հետադարձ հայացքը կարող է օգտակար լինել ԲՀԿ-ի դերակատարության մասին որոշակի լույս սփռելու ուղղությամբ: ԲՀԿ-ն խորհրդարանական վերջին ընտրություններին չմիացավ ՀՀԿ-ին կամ ավելի քաղաքագիտական եզրով կոալիցիոն միացյալ ընտրացուցակով չմասնակցեց ընտրություններին: Այս քայլը նպաստեց ընտրությունների արդյունքի կանխորոշվածության գործոնը որոշ չափով չեզոքացնելու եւ դրանով նպաստեց ընտրազանգվածի մասնակցության աստիճանաչափի բարձրացմանը: Միաժամանակ, ԲՀԿ-ն չբողոքարկեց կամ չվիճարկեց ընտրություններին ի գործ դրված մեքենականությունները, վարչական եւ նյութական լծակների օգտագործման երեւույթները եւ դրանով իբրեւ երկրորդ կարեւորագույն ուժ նպաստեց ընտրությունների օրինականացմանը կամ միջազգային կազմակերպությունների կատարած գնահատականների խմբագրմանը: ԲՀԿ-ի նման եղանակով մասնակցությունը սատարեց խորհրդարանական երեւութական բազմակուսակցականության դիմագծի ձեւավորման քաղաքականությանը:
Ին՞չ կստացվի այժմ: Երեւութապես այն, որ ԲՀԿ-ն շրջում է այս վարկածները եւ փոխանցում է ինքնուրույն եւ այլընտրանքային ուժ լինելու ինքնասահմանումը: Հավանաբար այդ առումով կատարված քայլը որոշակի ընկալելիություն կապահովեր, եթե հայտարարությունը առայժմ բավարարվեր առաջին բաժնով` ԲՀԿ-ի առաջնորդը չառաջադրվեր նախագահական ընտրություններին: Բայց երբ հետեւում է  երկրորդ բաժինը եւ Ծառուկյանը բացարձակորեն հաստատում է, որ իր  կուսակցությունը չպիտի սատարի որեւէ թեկնածուի, այստեղ տեղի կտա տարատեսակ մեկնաբանությունների: Փաստորեն, երբ տակավին չեն հստակեցված ու պաշտոնապես չեն հայտարարված բոլոր թեկնածուները, կանխավ նման հայտարարություն կատարելը մտածել է տալիս ԲՀԿ-ի գործոնի ինքնաչեզոքացման մասին: Այս քայլը 2017-ի ընտրություններին մասնակցելու պատրաստությամբ բացատրելը այնքան համոզիչ չի թվում եւ ավելի առնված քայլին հիմնական շարժառիթները մշուշապատելու միտումով կարող է բացատրվել:
 
Համենայնդեպս քայլը կատարված է հիմա. եւ ընդդիմադիր դաշտի միացյալ թեկնածուի արդեն իսկ տարակուսելի գոյառումը առավել անտեսանելի է դառնում։ 
Իրադրությունները ավելի են համոզում, որ թեկնածուի անձի ճշտումից առաջ, հրամայականների, առաջնահերթությունների եւ հիմնական  գաղափարների շուրջ համախմբվելը հնարավորություն կտար ոչ միայն ճամփա հարթել միավորվելու, փոփոխություն  բերելու եւ նոր մեկնարկ ապահովելու, այլ նաեւ քաղաքական նոր մշակույթ ձեւավորելու համար:
ԲՀԿ-ի առաջնորդի քայլը եւս մեկ անկում է արձանագրում առաջադրված քաղաքական մշակույթի կայացման գործընթացում: Ոչ վաղ անցյալում ԲՀԿ-ն հուշագիր կստորագրեր գործող նախագահին առաջիկա ընտրություններին սատար կանգնելու հանձնառություն ստանձնելով: Այս քայլը նշանակում է նաեւ, որ պետական բարձրագույն մակարդակների վրա կայացած գրավոր հուշագիր-համաձայնագրերը չունեն վավերականության իմաստ:
Հետագա իրադրությունները կարող են զարգանալ այլազան ուղղություններով: Հայաստանյան լրատվադաշտը կհորդի այս ուղղությամբ կատարվող մեկնաբանություններով: Մինչեւ իսկ նախատեսվում է, որ գործող իշխանությունները ընտրությունները կեղծեն հօգուտ ընդդիմադիր թեկնածուի, փորձելով քաղաքական ամայացումից դուրս բերել դաշտը. եւ կամ, միանձնյա-միաբեւեռ համակարգի դիմագիծը շրջելու մտադրությամբ:
Վստահաբար շատ հարցեր կան պարզելի: Պարզը այն է, որ ԲՀԿ-ն այս քայլով ինքնակամ դուրս կգա խաղադաշտից` ճամփա հարթելով գործող նախագահի հեզասահ վերընտրության: 
 
 Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն