ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԳԼՈԲԱԼԱՑՎՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ


ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԳԼՈԲԱԼԱՑՎՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ

  • 27-12-2012 23:45:45   | Հայաստան  |  Վերլուծություն

 

 

Առնոլդ Թոյնբիի դասական ձևակերպմամբ՝ քաղաքակրթությունների կենսունակությունը պայմանավորված է մարտահրավերներին ադեկվատ պատասխանելու նրանց ունակությամբ, և այդ առումով պետք է ամրագրել, որ Հայաստանն արդեն մի քանի հազարամյակ է, ինչ կարողանում է դիմակայել (այս կամ այն արդյունավետությամբ) իրեն նետված մարտահրավերներին։ Մեկ այլ դիտարկում ևս. գլոբալացումն ուղեկցել է մարդկությանը վաղ անցյալից և ժամանակին ընդունել է, օրինակ, կայսերական տարածքների, այսպես կոչված, «լոկալ գլոբալացման/համահավասարեցման» տեսք և բովանդակություն [1, с. 80]։ Սակայն մենք կանդրադառնանք գլոբալացման վերջին ալիքին, որի արդյունքում (ի թիվս այլ հանգամանքների) փլուզվեցին սոցիալիստական համակարգը և ԽՍՀՄ-ը։ Այդ երևույթը, անշուշտ, աշխարհաքաղաքական, քաղաքակրթական, հումանիտար ու տնտեսական աղետ էր և այդ առումով՝ Հայաստանին ուղղված լրջագույն մարտահրավեր։ Սակայն լինելով տարածաշրջանի ամենակայացած երկիրը (դա պայմանավորված էր առաջին հերթին մեր քաղաքակրթական, պետական և ռազմական ավանդույթներով ու Երկրորդ հանրապետությունում ձևավորված հոգևոր, մտավոր, գիտատեխնիկական-արդյունաբերական ներուժով)՝ Հայաստանն ադեկվատ արձագանքեց վտանգներին, հաղթեց պատերազմում Ադրբեջանին և ազատագրեց Արցախը։

Հայաստանը՝ տարածաշրջանի ամենակայացած պետություն

Անցել են տարիներ, և Հայաստանը (ՀՀ և ԼՂՀ) շարունակում է պահպանել տարածաշրջանի ամենակայացած պետության կարգավիճակը. սրանք լոկ խոսքեր չեն։ Ինչպես հայտնի է, հեղինակավոր «Միջազգային հարաբերություններ» (Foreign Policy) ամսագիրը և Խաղաղության հիմնադրամը (Fund for Peace) ամեն տարի հրապարակում են չկայայացած/ձախողված երկրների վարկանիշները (Failed States Index)։ Դրանք կազմվում են հատուկ մեթոդաբանությամբ, որի հիմքում ընկած են երկրների իրավիճակի՝ հակամարտությունների գնահատման գործիքաշարի միջոցով ստացված գնահատականները, որոնք և արտահայտվում են 12 ցուցիչների արժեքներում (տե՛ս Աղյուսակ 1)։ Ըստ այդ մեթոդաբանության, որքան կայացած է երկիրը, այնքան այն քիչ միավոր է հավաքում, այսինքն՝ վերջին տեղն է գրավում ամենակայացած պետությունը։ Failed States Index-ի 2012թ. արդյունքները ներկայացված են Աղյուսակ 2-ում1 (թվերով սյունակները համապատասխանում են Աղյուսակ 1-ի ցուցիչներին)։ Ինչպես տեսնում ենք, ունենալով էապես ավելի քիչ միավորներ, քան հարևանները, Հայաստանը մեծ առավելությամբ հանդիսանում է տարածաշրջանի առաջատարը, այսինքն՝ ամենակայացած պետությունը, ինչն արդեն տարիներ ի վեր դարձել է ավանդական այս հեղինակավոր միջազգային վարկանիշային համակարգում։

Աղյուսակ 1 
Failed States Index–ի ցուցիչներ 


 


Հատուկ ուշադրության է արժանի 8-րդ ցուցչի՝ «պետական գործառույթների շարունակվող վատթարացում» փոքր արժեքը, ինչը վկայում է, հարևանների համեմատ, զարգացած պետական կառավարման համակարգի մասին։

Աղյուսակ 2 
Failed States Index – 2012 


 


Միևնույն ժամանակ, ինչպես հետևում է Աղյուսակ 2-ից, Հայաստանն ունի բավական լուրջ խնդիրներ սոցիալ-ժողովրդագրական ոլորտներում (1-4 ցուցիչներ), դրանց մենք դեռ կանդրադառնանք, երբ կդիտարկենք Հայաստանին ուղղված ներքին մարտահրավերները։ Նկատենք նաև, որ կայացած պետություններում ամեն մի մասնագիտական ենթախումբ պետք է ձգտի կատարել իրեն բնորոշ ֆունկցիաները, և այդ առումով վերլուծաբանական հանրության առաջնահերթ խնդիրներից է կանխատեսել սպասվող մարտահրավերները և փորձել մատնանշել դրանց համարժեք արձագանքելու հնարավորությունները։

Տարածաշրջանային ռազմաքաղաքական հավասարակշռության հնարավոր խախտումը

Վերոնշյալի համատեքստում խիստ ակտուալ է դիտարկել այն հայտնի իրողությունը, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող զարգացումների, սիրիական պատերազմի և «արաբական գարնան» համատեքստում ընթացող գործընթացների հետևանքով Մեծ Մերձավոր Արևելքը հայտնվել է, այսպես կոչված, «տուրբուլիզացիոն», անկայուն վիճակում։ Տարածաշրջանային այդ նոր իրավիճակը մարտահրավեր է ոչ միայն հայկական համայնքներին, որոնց գոյությունն այսօր լուրջ վտանգի տակ է, և որոնց հնարավոր կազմալուծումը կարող է էապես փոխել հայկական սփյուռքի դեմքն ու բովանդակությունը։ Այդ անկայունությունն անմիջականորեն վտանգում է նաև Հայաստանի անվտանգությունը, քանի որ որոշ սցենարներում Իրանի թուլացումը2 կարող է խախտել տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական հավասարակշռությունն ու հանգեցնել Թուրքիայի հզորացման՝ այն վերածելով տարածաշրջանային գերակայող ուժի [2]։ Ուշադրության է արժանի նաև այդ երկրին վերաբերվող մասով Աղյուսակ 2-ի 12-րդ ցուցչի փոքր արժեքը, որը վկայում է օտար երկրներից Թուրքիայի նվազ կախման մասին և արտահայտում նրա ինքնուրույն գործելու ձգտումը՝ առանձնապես հաշվի չնստելով ՆԱՏՕ ավագ գործընկերների հետ։ Նեոօսմանական գաղափարախոսությունով տոգորված թուրքական քաղաքական վերնախավն ավելի քան ամբիցիոզ է և հավակնում է ստեղծել՝

  • «Իսլամական ՆԱՏՕ» և «Իսլամական խաղաղարար ուժեր» (այդպիսով վերակենդանացնելով Էրդողանի գաղափարական հայր, նախկին վարչապետ և ռադիկալ իսլամիստ Էրբաքանի ծրագրերը),
  • միջուկային զենք,
  • թուրքական լիրայի տնտեսական գոտի։

Ռազմական, քաղաքական և տնտեսական նման նկրտումներ ունեցող Թուրքիայի ձևավորումը լրջագույն մարտահրավեր է Հայաստանի համար։ Կասկած չի հարուցում, որ ԼՂՀ խնդրում անզիջում դիրք գրաված (այդ հարցում որոշ վերլուծաբաններ բավական հիմնավորված կերպով Թուրքիան համարում են հակամարտող կողմ) և մեր սահմանների շրջափակումն իրականացնող (ինչը համահավասար է պատերազմական գործողության) Թուրքիայի հզորացումն անխուսափելիորեն ավելի է կոշտացնելու Հայաստանի հանդեպ նրա ունեցած դիրքորոշումները։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև այդ երկրի միջուկային ծրագիրը, որի իրագործումը լրջագույն մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև Իսրայելի և Հունաստանի համար [1, с. 247, 3-5]։

Միևնույն ժամանակ, սցենարային դիտարկումները ենթադրում են համալիր մոտեցումներ, և այդ համատեքստում պետք է հաշվի առնել նաև «Թուրքիայի թուլացման և մասնատման» սցենարը [1, с. 179]։ Պատահական չէ, որ այսօր վերլուծաբանական հանրությունում աշխուժորեն է քննարկվում ոչ միայն Սաուդյան Արաբիայի և Կատարի, այլև Թուրքիայի «վատ» ապագան։ Դա ավելի քան հիմնավորված է, քանի որ այդ երկրում ընթանում են խմորումներ, որոնց լուծումներն առայժմ չեն նշմարվում. ակտուալացել և միջազգայնացվել է «քրդական հարցը»3, իսկ հանրությունում խորանում է, այսպես կոչված, «ինքնության ճգնաժամը»՝ այստեղից բխող էթնոդավանական հակասությունների սրացումով։ Ի լրումն՝ այդ երկրի ներկայիս իսլամական և նախկինում գերիշխող աշխարհիկ զարգացման մոդելների կողմնակիցների միջև ծայր աստիճան սրվել են գաղափարական-քաղաքական հակասությունները: Որոշ մեկնաբաններ հիմնավորված նշում են, որ վարչապետ Էրդողանի՝ նեոօսմանիզմի վրա հենված ներկայիս ագրեսիվ արտաքին քաղաքականությունը նույնպես զգալի ռիսկեր է պարունակում (տե՛ս, օրինակ [6, 7]): Սակայն պետք է հաշվի առնել, որ անգամ նման՝ թվում է, թե ցանկալի զարգացումները նույնպես յուրօրինակ մարտահրավեր են Հայաստանի համար, որոնց ադեկվատ արձագանքելու համար անհրաժեշտ է վաղօրոք նախապատրաստվել։

Հայաստանը որպես «սահմանային երկիր» և «Գլոբալ կառավարման» սցենարները

Բոլոր պարագաներում պետք է արձանագրել, որ Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները որոշակիորեն ինտեգրում ենԻսլամական աշխարհը՝ տարանջատելով այն Արևմտյան՝ եվրոպական աշխարհից։ Դա հիմնախնդիր է այդ աշխարհի hետ անմիջապես սահմանակից Հայաստանի համար ոչ միայն այն տարբերակում, երբ այդ աշխարհում Թուրքիան սկսում է գերակայել, այլև հակառակը՝ երբ սկսում է զիջել դիրքերը։ Մերձավոր Արևելքի երկրներում աշխարհիկ վարչակազմերի փլուզումը և հանրություններում ընթացող կրոնական ռադիկալացումը այդ տարածաշրջանը դարձնում են անկայուն և հետևաբար՝ ռազմաքաղաքական առումով անկանխատեսելի։

Հատկանշական է, որ նման միտման հնարավորությունը մատնանշվել է դեռևս 2010թ. ԱՄՆ Ազգային հետախուզական խորհրդի (NIC), ԵՄ Անվտանգության ինստիտուտի (EUISS), ինչպես նաև Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի փորձագետների կողմից պատրաստված «Գլոբալ կառավարում 2025» վերնագիրը կրող զեկույցում4։ Այդ զեկույցում, ի թիվս այլ կանխատեսվող զարգացումների, ուշադրության արժանի են հետևյալ սցենարները.

  1. «Մասնատում»,
  2. «Եվրոպական համերգի վերադարձ»:

«Մասնատում» հոռետեսական սցենարը, ըստ զեկույցի հեղինակների, ենթադրում է, որ աշխարհում սկսում են գերակայել «քաղաքակրթական մասնատման» միտումները, որոնք և հանգեցնում են տարաբնույթ հակամարտությունների։ Մասնավորապես, Ասիան կառուցում է իր ուրույն աշխարհակարգը (ինչն ուղղակիորեն հիշեցնում է այն իրավիճակը, որն այսօր ստեղծվել է Մերձավոր Արևելքում «արաբական գարնան» հետևանքով), իսկ Եվրոպան մեկուսանում է և «խորանում սեփական հիմնախնդիրների մեջ»։ Ավելի լավատեսական է 2-րդ սցենարը, որը ենթադրում է միջազգային հարաբերություններում Վիեննական (կամ, այսպես կոչված, «Եվրոպական համերգի») համակարգի վերականգնումը5 (բնականորեն՝ միանգամայն նոր խմբագրությամբ)։ Այլ խոսքով՝ ստեղծվում է հզոր, միավորված Եվրոպա։

Զեկույցը կազմող փորձագետները (2010թ.) այս երկու սցենարները դիտարկել են միմյանցից առանձնացված, մինչդեռ այսօր առկա միտումներից ձևավորվում է տպավորություն, որ գլոբալ զարգացումները կարող են ընթանալ զուգահեռաբար։ Դրա մասին են վկայում.

  • Եվրամիության անդամ երկրների տնտեսական և քաղաքական համակարգերի ինտեգրման գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր է, որ ԵՄ-ը կայանա որպես միասնական և լիարժեք աշխարհաքաղաքական կառույց [8],
  • Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների կայացրած որոշումը 2013թ. Եվրասիական միության (ԵԱՄ) ստեղծման մասին,
  • Եվրոպական և հետխորհրդային առաջատար պետությունների քաղաքական և վերլուծաբանական հանրություններում ձևավորվող այն մտայնությունը, թե քաղաքակրթական առումով մոտ ԵՄ և ԵԱՄ երկրները պետք է համախմբվեն, որպեսզի կարողանան համատեղ դիմակայել «մասնատվող» աշխարհի մարտահրավերներին («Եվրոպական համերգի» սցենարի ավելի մասշտաբային ճյուղավորումը, որը ենթադրում է «Մեծ Եվրոպա» Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ (ԵՄ + ԵԱՄ)։

Այս ամենի համատեքստում ևս մեկ անգամ պետք է փաստել, որ Հայաստանը Իսլամական աշխարհի հետ սահմանային երկիր է, ինչն ակտուալացնում է մեր քաղաքակրթական և աշխարհաքաղաքական կողմնորոշումներին համապատասխան ռազմաքաղաքական ձևաչափեր տալու խնդիրը։ Այդ քաղաքական անհրաժեշտությունը թելադրում է Հայաստանին առավել ակտիվ մասնակցել եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին, ինչն էապես կբարձրացնի Հայաստանի անվտանգության մակարդակը։ Հարկ է, սակայն, նկատել, որ հայկական վերլուծաբանական հանրությունում երբեմն կարելի է հանդիպել այն կարծիքներին, թե ԵՄ Արևելյան համագործակացության ձևաչափը և ԵԱՄ-ին անդամակցելու խնդիրը միմյանց հակասող գործընթացներ են։ Ակնհայտ է, որ նման մոտեցումները ժամանակավրեպ են և արտահայտում են «ռուսական կայսրությունից փախչելու» հետխորհրդային առաջին տարիների մտայնությունը։ Հատկանշական է, որ Հայաստանի քաղաքական շրջանակներում (որտեղ ավելի իրատեսական են մոտենում խնդիրներին) սկսել է գերիշխել այն մոտեցումը, որ եվրոպական և եվրասիական ձևաչափերում ինտեգրման գործընթացները միմյանց փոխլրացնող են, այլ ոչ՝ հակասող։

Միևնույն ժամանակ, «ինտեգրման» խնդիրն ակտուալ է նաև տարածաշրջանային հարթությունում, և այստեղ հարկ է շեշտել, որ Հայաստանի հետ միասին աշխարհաքաղաքական և քաղաքակրթական «ջարդվածքի» եզրին կանգնած է նաև Վրաստանը, որը նույնպես, փոքր-ինչ ավելի բարվոք խմբագրությամբ, նույնպես «սահմանային երկիր է»։ Տարածաշրջանային այս երկու հարևան երկրների ջանքերի հնարավոր համակարգումը միայն կնպաստի ավելի շահեկան եղանակով ինտեգրվելու «Եվրոպական համերգին»։ Չի կարելի նաև բացառել, հաշվի առնելով այդ երկրում տեղի ունեցող փոփոխությունները, որ նման համագործակցությունը Վրաստանի հետ գուցե և հնարավոր դարձնի ձևավորել քաղաքակրթական բովանդակություն ունեցող տարածաշրջան, որը կձգվի Սուխումից մինչև Ստեփանակերտ։

Հայաստանի անվտանգությանն ուղղված ներքին մարտահրավերները

Հայտնի է, որ ցանկացած երկրի ազգային անվտանգության հիմնասյունն առաջին հերթին ներքին ռեսուրսներն են, և այդ առումով, թերևս, տեղին է հիշել չին ստրատեգ Սուն Ցզիի խոսքերը, թե «պարտությունը թշնամու մեջ է, իսկ հաղթանակը՝ մեր»։

Հայտնի է, որ ԽՍՀՄ փլուզման արդյունքում Հայաստանը բախվեց բազմաթիվ տնտեսական և սոցիալական խնդիրների, որոնց հետևանքները դեռևս հաղթահարված չեն։ Մասնավորապես, այսօր հայկական հանրությանը խիստ մտահոգում են ժողովրդագրական խնդիրները։ Այդ ոլորտում տիրող իրադրությունն արտահայտված է Աղյուսակ 2-ի առաջին, երկրորդ և չորրորդ ցուցիչների սյունակներում, այն է՝ ժողովրդագրական ազդեցություն, փախստականների և ներքին տեղահանվածների զանգվածային տեղաշարժ, մարդկային ռեսուրսի քրոնիկական և կայուն արտահոսք։ Ինչպես հետևում է այդ տվյալներից, դրանց համապատասխան ցուցիչներն ունեն քանակական բավական բարձր աժեքներ, ինչը վկայում է ոլորտի անբարվոք վիճակի մասին։ Այստեղ մտահոգիչ է ոչ միայն Հայաստանի բնակչության արտահոսքի փաստը, այլև այն իրողությունը, որ կտրուկ նվազել է (որոշ տվյալներով՝ մինչև 10 անգամ), այսպես կոչված, «բարդ աշխատանքով» զբաղվողների թիվը (վերջինիս տակ պետք է հասկանալ ամենատարբեր ոլորտների բարձր պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող մասնագետներին)։ Հատկանշական է նաև, որ Երրորդ հանրապետությունում գիտության և տեխնոլոգիայի վրա ծախսվում է տասնյակ անգամներ պակաս, քան Երկրորդ Հանրապետությունում։

Ստեղծված իրավիճակն անմիջականորեն կապված է պետության ընդհանրական հզորության հետ։ Այդ հասկացության քանակական բնութագրման համար գոյություն ունեն տարբեր մեթոդներ (տե՛ս, օրինակ [9]), սակայն առավել կիրառական է ԱՄՆ ԿՀՎ վերլուծաբան Ռեյեմ Քլայնի բանաձևը [10], որտեղ մեր կողմից, հաշվի առնելով հայկական իրողությունները, լրացուցիչ ավելացվել է Սփյուռքի գործոնը հաշվի առնող D անդամը.

P=(C+E+M+D)(S+V)

որտեղ՝ 
P- պետության հզորությունն է, 
– երկրի բնակչությունը և տարածքը, 
E – երկրի տնտեսական հնարավորությունները, 
M – երկրի ռազմական հզորությունը, 
D – Սփյուռքի ընդհանրական ռեսուրսները, 
S - ազգային ռազմավարության գործակիցը, 
V- ազգային ռազմավարության նպատակներին հասնելու կամքը։

Բանաձևից հետևում է, որ երկրի հզորությունը կախված է ոչ միայն երկրի բնակչության մեծությունից (C), այլև նրա մտավոր և հոգևոր ռեսուրսներից (S, V), քանի որ առանց դրանց անհնար է մշակել ազգային արդյունավետ ռազմավարություն և, առավել ևս, հասնել այդ ռազմավարության նպատակներին։ Նման հիմնախնդիրների լուծումը, թերևս, անհնարին է առանց Հայաստանի և Սփյուռքի համապատասխան ռեսուրսների համախմբման։ Նկատենք նաև, որ առայսօր մեր պատկերացումները և գիտելիքները Սփյուռքի (երբեմն՝ նաև Հայաստանի) հոգևոր և մտավոր հնարավորությունների վերաբերյալ հեռու են ամբողջական լինելուց։ Այդ առիթով տեղին է նորից վերհիշել ազգային անվտանգության ոլորտում մասնագիտական ենթախմբերի պատասխանատվության մասին։ Կարծում ենք, որ մեր փորձագիտական-վերլուծաբանական հանրության առաջնահերթ խնդիրներից է Հայաստանի և Սփյուռքի հոգեմտավոր ռեսուրսների հաշվառումը և այդ ռեսուրսների համակարգված աշխատանքի կազմակերպումը՝ ուղղված ազգային ռազմավարական ծրագրերի մշակմանը։ Մասնավորապես, պետք է մշակվեն ծրագրեր Հայաստանից բնակչության արտահոսքի կանգնեցման և մարդկային հոգեմտավոր ռեսուրսների էական ավելացման ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, այդ բնույթի աշխատանքներ կազմակերպելը նույնպես դյուրին գործ չէ։ Պետք է արձանագրել, որ Հայաստանի գիտահետազոտական համակարգը բավական կազմալուծված է, և այսօր բացակայում են այն գործիքաշարը և մեթոդաբանությունը, որոնք թույլ կտային Հայաստանի և Սփյուռքի փորձագետներին վարել արդյունավետ աշխատանքներ։ Այդ նպատակներն իրագործելու նպատակով խիստ նպատակահարմար է ստեղծել Ցանցային հետազոտությունների ինստիտուտ (ՑՀԻ, Reaserch Net Institute), որը պետք է ունենա պետական և Սփյուռքի կառույցների հովանավորությունը։

1 http://www.foreignpolicy.com/failed_states_index_2012_interactive

2 Առանձին քննարկման են արժանի Իսրայել-Իրան հնարավոր միջուկային պատերազմի սցենարները (տե՛ս [1, с. 178]):

3 Տե՛ս, օրինակ, Курдский лабиринт Турции, http://www.rodon.org/polit-121130105832

4 Global Governance 2025: At a Critical Juncture. National Intelligense Council, Europian Union Institute for Security Studies, September 2010,http://www.iss.europa.eu/uploads/media/Global__Governance_2025.pdf

5 Այդ համակարգը ձևավորվել էր Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ավստրիայի և եվրոպական այլ պետությունների ներկայացուցիչների կողմից ձեռք բերված համաձայնությունների հիման վրա, 1815թ. Վիեննայի կոնգրեսում (Նապոլեոնյան պատերազմների ավարտից հետո)։ Այդ համակարգը բավական արդյունավետ ապահովեց եվրոպական երկրների, կարելի է ասել, «կոլեկտիվ անվտանգությունը» մինչև Ղրիմի պատերազմը (1853թ.)։

Նոյեմբեր, 2012թ.


Աղբյուրներ և գրականություն

  1. Арутюнян Гагик, Распад системы и формирование будущего, Ереван, 2011.
  2. Հարությունյան Գագիկ, Սիրիական պատերազմ. հնարավոր սցենարներ, Գլոբուս #11, էջ 5, 2012։
  3. Հարությունյան Գագիկ, Թուրքական միջուկային սպառնալիքը, Գլոբուս # 4, էջ 5, 2012։ http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6449
    http://www.noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=6451
  4. Մարջանյան Արա, Միջուկային Թուրքիա, Գլոբուս #4, 2012, 
    http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6470
    http://www.noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=6472
  5. Տեր-Հարությունյան Արտաշես, Թուրքիայի միջուկային նկրտումների վերաբերյալ, Գլոբուս #4, էջ 17, 2012, 
    http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6383
  6. Мирзаян Геворг, Имам не сдержал азарта, Эксперт, #30-31 (813), с. 69, 2012.
  7. Власова Ольга, Мирзаян Геворг, Большая ошибка Турции, Эксперт, #42 (824), с. 18, 2012.
  8. Հարությունյան Գագիկ, Եվրամիություն. նոր միտումներ, Գլոբուս, #6, էջ 3, 2012, 
    http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6580
  9. Глобальный рейтинг интегральной мощи 100 ведущих стран мира (под научной редакцией проф. А.И. Агеева (Россия), проф. Г.Менца (Германия), проф. Р.Метьюза (Великобритания), М., Международная Академия исследований будущего, 2008.
  10. Балахонцев Н., Кондратьев А., Зарубежные методы оценки потенциала стран. Зарубежное военное обозрение, #11(764), с. 101, 2010.

 

 

Գագիկ Հարությունյան 
«Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն