Հարութ Սասունյան.Օբաման շահագործում է թուրք ղեկավարների ինքնասիրության մարմաջը


Հարութ Սասունյան.Օբաման շահագործում է թուրք ղեկավարների ինքնասիրության մարմաջը

  • 09-01-2013 11:38:15   | ԱՄՆ  |  Վերլուծություն

 

 
 Չնայած քաղաքական ղեկավարները հաճախ չափազանցնում են իրենց ձեռքբերումներն ու պարծենում իրենց ժողովրդի գերազանցությամբ, սակայն նման պնդումներն անհեթեթ են դառնում, եթե դրանք շատ են հեռանում իրականությունից և հասնում ազգայնամոլության ու ինքնասիրահարվածության:  
Երբ ղեկավարները մեծամտության չափազանց մեծ զգացում են տածում, նրանք կարող են հեշտությամբ շահագործվել ուրիշների կողմից, ովքեր օգտագործում են նրանց ինքնասիրության անհագ ծարավը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկն է այն թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից, որոնք տառապում են նկարագրի նման թերությամբ:  
Թուրքական լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են «Լոս Անջելես թայմս» թերթի հոդվածը՝ հաղորդելով, որ «Նախագահ Օբաման ավելի շատ հեռախոսազանգեր է կատարել Էրդողանին, քան աշխարհի որևէ ղեկավարի, բացառությամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի»: Երբ այս երկուսը Նյու Յորքում հանդիպել են ՄԱԿ-ի գրասենյակում, նախագահ Օբաման Էրդողանին «ավելի շատ ժամանակ է հատկացրել, քան մեկ այլ համաշխարհային ղեկավարի», որը տևել է մոտ երկու ժամ: Միացյալ Նահանգների նախագահը գովաբանել է Թուրքիայի վարչապետին որպես «մեծ ղեկավար»: «Լոս Անջելես թայմս»ը մասնավորապես նշել է, որ Օբաման անգամ «շողոքորթության է դիմել»՝ այնուհետև զանգահարելով Էրդողանին և «հիացմունքով խոսելով թուրքական բասկետբոլի մրցաշարի մասին»:  
Հետևելով «Լոս Անջելես թայմս»-ի լրատվությանը, թուրքական «Թըդեյս Զաման» օրաթերթը հրապարակել է մի հոդված, որտեղ առավել կարևորել է երկու ղեկավարների միջև առկա սերտ հարաբերությունները. «Էրդողանի և Օբամայի հեռախոսազրույցները բացահայտում են Թուրքիայի առաջընթացը»: Հոդվածում տեղ է գտել մի լուսանկար, որտեղ Ամերիկայի և Թուրքիայի առաջնորդները պատկերված են միմյանց ձեռք սեղմելիս՝ լայն ժպիտները դեմքերին: 
Չնայած վարչապետ Էրդողանը բարյացակամ չէ որևէ մեկի հանդեպ, ով անբարեհաճ խոսքեր է գրում նրա մասին և հաճախ դատի է տալիս լրագրողներին, ովքեր հանդգնում են քննադատել նրա քաղաքականությունը, այնուամենայնիվ հայտնի թուրք մեկնաբան Սեմիհ Իդիզը բանտարկվելու ռիսկի տակ անցյալ շաբաթ հոդված է գրել «Էլ-Մոնիտոր» թերթում՝ «Արդյոք Էրդողանը ձգտո՞ւմ է ժամանակակից սուլթան դառնալ» վերնագրով: Իդիզն ընդգծում է վարչապետի «բռնատիրական հակումներն ու հանդուրժողականության բացակայությունը որևէ քննադատության հանդեպ, հատկապես ազատ մամուլի կողմից»:  
Թուրք լրագրողը մանրամասն գրում է Էրդողանի՝ 2014 թվականի օգոստոսին նախագահ առաջադրվելու ծրագրերի մասին, բայց ոչ ավելի շուտ, քան նոր սահմանադրության մշակումը, որը երկրի ներկայիս առաջին դեմքի ձևական պաշտոնը կձևափոխի «գործադիր նախագահության» և այն «ծանրաբեռնված չի լինի զսպող և հավասարակշռող ուժերի համակարգով»: Եթե Էրդողանը նախագահ ընտրվի, նա «իրավունք կունենա լուծարել խորհրդարանը, կառավարել արտակարգ լիազորությունների հիման վրա և նշանակել նախարարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին ու դատավորներին, առանց խորհրդարանի հավանության»:  
Պատահական չէ, որ Էրդողանը վերջերս թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ամերիկյան նախագահական համակարգը՝ նախագահի իշխանությունը սահմանափակող զսպող և հավասարակշռող ուժերով, հարմար չէ Թուրքիայի համար. «Միացյալ Նահանգների նախագահը չի կարող դեսպան նշանակել, նա անգամ չի կարող միանձնյա որոշում կայացնել մի ուղղաթիռ վաճառելու մասին…. Ահա թե ինչու մենք պետք է ստեղծենք թուրքական ոճի նախագահական համակարգ»: 
Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ով լուրջ մտավորականի համբավ ուներ, ըստ երևույթին, մրցում է իր ինքնահավան վարչապետի հետ: Անցյալ շաբաթ Անկարայում տեղի ունեցած թուրք դեսպանների տարեկան համաժողովում, Դավութօղլուն իր բացման խոսքում հանդես է եկել շատ ամբարտավան հայտարարությամբ՝ պնդելով, որ Թուրքիան վճռական դեր է խաղում միջազգային հարցերում. «Քանի որ մեծ պետությունները գիտեն, որ պատմությունը անցնում է Անկարայի միջով, ապա այն կողմերը, որոնք անտեսում են Անկարային, չեն կարող հասկանալ պատմությունը: Նա, ով ռիսկի է դիմում Անկարայի հետ ունեցած հարաբերություններում, ռիսկի կդիմի նաև տարածաշրջանային բոլոր քաղաքականություններում…. Նրանք, ովքեր ցանկանում են հասկանալ պատմությունը, պետք է ներկա լինեն Անկարայում, Ստամբուլում և Թուրքիայի ցանկացած այլ վայրում, քանի որ այժմ մենք ավելի ակտիվորեն ենք մասնակցելու պատմության հոսանքի կերտմանը»:  
Եվ այս անհեթեթ խոսքերը հնչում են այն արտգործնախարարի կողմից, ով իր ներկայիս պաշտոնը ստանձնելիս ամպագոռգոռ հայտարարել էր, թե իր երկիրը հետապնդում է «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականություն: Դառը իրականությունն այն է, որ Թուրքիան այժմ գրեթե առանց խնդիրների հարևաններ չունի: Իրոք, Անկարան լուրջ հակամարտություններ ունի հարևան Հայաստանի, Կիպրոսի, Հունաստանի, Իրանի, Իրաքի և Սիրիայի հետ:  
Իր ավագ գործընկերներից հետ չմնալու համար Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով խնդրահարույց պետնախարար Էգեմեն Բաղեշն Ամանորը ողջունել է տարօրինակ հայտարարությունների մի թարմ ցուցակով. «Այսօր Եվրոպայում չկա որևէ կառավարություն, որը ավելի շատ կողմնակից լինի բարեփոխումներին, քան մեր կառավարությունը: Այն ժամանակ, երբ Եվրամիության անդամ երկրները պայքարում են ճգնաժամի դեմ, մեր երկիրը ապրում է իր պատմության ամենաժողովրդավարական, բարգավաճ, ժամանակակից և թափանցիկ շրջանը: Երեկվա «հիվանդ մարդը» ոտքի է կանգնել և ուժ է հավաքել՝ այսօրվա Եվրոպային դեղատոմս գրելու համար… և կիսել Եվրամիության բեռը, այլ ոչ թե բեռ դառնալ նրա համար»: 
Նախագահ Օբաման բացահայտել է, որ նա կարող է թուրք ղեկավարներից ավելի շատ օգուտ ստանալ, նրանց «յուղելու, այլ ոչ թե դեղելու» միջոցով՝ շահագործելով նրանց՝ գովասանքի ու շողոքորթության հիվանդագին մարմաջը: Խնդիրն այն է, որ նման շռայլ գովասանքը Թուրքիային վերածել է «շփացած լակոտի», որը լուրջ սպառնալիք է դարձել բոլոր հարևանների համար:  
 
 Հարութ Սասունյան 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն