Ներկայացվեց «Սեւան» ազգային պարկ»-ի 2007-2011թթ.-ի կառավարման պլանով նախատեսված միջոցառումների հաշվետվությունը


Ներկայացվեց «Սեւան» ազգային պարկ»-ի 2007-2011թթ.-ի կառավարման պլանով նախատեսված միջոցառումների հաշվետվությունը

  • 09-03-2011 18:47:10   | Հայաստան  |  Հասարակություն
Գեղարքունիքի մարզում մարտի 9-ին տեղի ունեցավ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ: Փոխվարչապետը նախ ներկաների ուշադրությունը հրավիրեց մարտի 4-ի խորհրդակցությունում ՀՀ նախագահի կողմից տրված հանձնարարականներին: Նա հանձնարարեց բնապահպանության նախարարին եւ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին ձենամուխ լինել հանրային լողափերի կազմակերպման աշխատանքներին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել հունիսի 15-ից դրանց շահագործումն ապահովելու համար: ՀՀ բնապահպանության նախարարության կողմից խորհրդին ներկայացվեց «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2007-2011թթ. կառավարման պլանով նախատեսված միջոցառումների հաշվետվությունը: Արձանագրվեց, որ գործող կառավարման պլանը վերանայման կարիք ունի` մասնավորապես կառավարման մեխանիզմների բարելավման, կադրերի վերապատրաստման եւ մի շարք այլ ուղղություններով: Ներկայացվեցին առաջարկություններ` ՊՈԱԿ-ի 2012-2017թթ. պլանի մշակման վերաբերյալ: Անդրադարձ եղավ նաեւ խորհրդի ստեղծումից` 2010թ. սեպտեմբերի 1-ից հետո ՊՈԱԿ-ի կնքած հողերի վարձակալության պայմանագրերին: Հաշվի առնելով պայմանագրերի ուսումնասիրման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջարկները` որոշվեց մեկ ամսվա ընթացքում տեղերում իրականացնել ուսումնասիրություն, որի արդյունքների հիման վրա խորհուրդը կքննարկի պայմանագրերին հավանություն տալու նպատակահարմարության հարցը: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Մամուլի ծառայությունից, խորհուրդը երկարաձգեց ՊՈԱԿ-ի հողերի վարձակալության նվազագույն սակագնի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը:
Նոյյան տապան  -   Հասարակություն