Նշվեց Սրբոց Վարդանանց տոնը


Նշվեց Սրբոց Վարդանանց տոնը

  • 03-03-2011 17:49:25   | Հայաստան  |  Հասարակություն
Մարտի 3-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սրբոց Վարդանանց զորավարաց հիշատակը: Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը: Քարոզի ընթացքում անդրադառնալով Վարդանանց պատերազմի ու քաջարի զորավարների նահատակության խորհրդին` պատարագիչ Հայր Սուրբը մասնավորապես նշեց. «Մենք չենք կարող ուրանալ մեր լինելիությունը, իսկ մեր լինելիությունը քրիստոնեության դրոշմն է կրում։ Գաղափարներ կան, որոնց համար արժե կյանք տալ եւ առանց որոնց չարժե ապրել նույնիսկ մեկ վայրկյան։ Այդպիսի նվիրական գաղափարներից մեկն է Հավատքը, որի համար Վարդանանց քաջերն իրենց կյանքը տվեցին։ Վարդանանց շնորհիվ քրիստոնեական հավատը դյուցազնություն եղավ. անարդարության, անիրավության դեմ պայքարելու արիությունը շաղկապվեց ճշմարիտ հավատքին` դառնալով անպարտելի»: Պատարագիչը, շնորհավորելով բոլոր նրանց, ովքեր կրում են Վարդանանց հերոսամարտի քաջ նահատակների անունները, մաղթեց, որ Վարդանանց նվիրական ոգին երբեք չնվազի մեր ազգի մեջ եւ նոր Վարդաններ ու Ղեւոնդներ միշտ ելնեն մեր ժողովրդի միջից ի պաշտպանություն հայրենիքի եւ մեր սուրբ հավատի: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից, Սրբոց Վարդանանց զորավարաց հիշատակության օրը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է նաեւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության տոնը: Այս առիթով Սուրբ Պատարագի ավարտին Իջման ս. սեղանի առջեւ նախագահությամբ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի եւ մասնակցությամբ թեմակալ առաջնորդների եւ Մայր Աթոռի միաբանության, կատարվեց Հայրապետական մաղթանք: Եկեղեցականաց դասը եւ ներկա բարեպաշտ ժողովուրդը միասնաբար աղոթք բարձրացրեցին առ Աստված` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի քաջառողջության, խաղաղ ու արգասաբեր հայրապետության համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play