Տիգրան Սարգսյան. «Մենք պետք է կարեւորենք առաջին հերթին գիտելիքը»


Տիգրան Սարգսյան. «Մենք պետք է կարեւորենք առաջին հերթին գիտելիքը»

  • 02-03-2011 20:57:27   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 2-ին Երեւանի պետական համալսարանում մասնակցել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձր առաջադիմությամբ աչքի ընկած ուսանողների կրթաթոշակների հավաստագրերի հանձնման արարողությանը: Վարչապետը հավաստագրեր է հանձնել կրթաթոշակի արժանացած լավագույն ուսանողներին: Շնորհավորելով մրցույթում հաղթող ճանաչված ուսանողներին կրթաթոշակի արժանանալու առթիվ` վարչապետ Սարգսյանը նշել է, որ կառավարության նպատակը համալսարաններում առաջադիմությունը խրախուսելն է: Իր ելույթում կառավարության ղեկավարն անդրադարձել է ժամանակակից հասարակությունում գիտելիքի դերի կարեւորությանը. ,Ուսանողների ձգտումները պետք է միտված լինեն դեպի ապագա: Կարեւոր է իմանալ ձեր կարծիքը` ինչպիսին եք դուք պատկերացնում Հայաստանի ապագան 15, 20, 25 տարի հետո եւ ինչպիսի երկրում դուք պետք է ապրեք: Դա էապես կօգնի նաեւ կառավարությանը, որովհետեւ մենք պարտավոր ենք այսօր Հայաստանում այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որպեսզի ձեր երազած երկրի ամուր հիմքերն ստեղծենք, եւ դուք էլ կարողանաք այդ գործը շարունակել, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է կարեւորենք առաջին հերթին գիտելիքը եւ գիտելիքահեն տնտեսությունը, գիտելիքահեն հասարակությունը: Այս նախադասությունների համար ես մշտապես արժանանում եմ սուր քննադատության, որովհետեւ մեր ընդդիմախոսները չեն ընդունում այս գաղափարը, չեն ընդունում այս մոտեցումները: Իմ համոզմունքը հետեւյալն է. ժամանակակից աշխարհն ինտելեկտի, գիտելիքի մրցակցության աշխարհ է, եւ օրեցօր այս գործոնի նշանակությունն ու դերակատարությունն ուժգնանում է: Համոզված եմ, որ դրան այլընտրանք չկա, եւ եթե մենք ուզում ենք կառուցել ժամանակակից հասարակություն, այն պետք է հիմնված լինի գիտելիքի վրա: Այդ տեսակետից մենք պարտավոր ենք կարեւորել գիտելիք ունեցող մարդկանց, մարդկանց, ովքեր ինտելեկտուալներ են, ովքեր իրենց նվիրում են սովորելուն, եւ մեր հասարակությունը պետք է արժեւորի այդպիսի մարդկանցե: Դիմելով ուսանողներին, Տիգրան Սարգսյանն ընդգծել է. ,Ցանկանում եմ, որ ձեր մեջ չսպառվի ձգտումը դեպի գիտելիքը: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի հենց այդպիսի մարդիկ առաջնորդեն մեր երկիրը, ղեկավարեն բարեփոխումները եւ լինեն այն տիպարը, մարդկային այն իդեալը, որին մենք պետք է ձգտենք եւ դաստիարակենք նոր սերունդը այդ արժեքների հիման վրաե: Այնուհետեւ վարչապետը պատասխանել է ուսանողների հարցերին: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, ուսանողական կրթաթոշակների տրամադրման ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության աջակցությամբ. այդ նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրվել է շուրջ 60 մլն դրամ: Ներկայացված շուրջ 800 հայտերից կրթաթոշակի են արժանացել առաջին կուրսում սովորող, անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն եւ հասարակական ակտիվություն ցուցաբերած շուրջ 600 ուսանողներ: Նշենք, որ արդեն մեկնարկել է կրթաթոշակի արժանացած ուսանողների ուսման մեկ կիսամյակի համար հատկացված վարձավճարների` բուհերին փոխանցման գործընթացը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play