Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է ընտանիք-Եկեղեցի կապի ամրապնդման այժմեականությունը


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է ընտանիք-Եկեղեցի կապի ամրապնդման այժմեականությունը

  • 01-03-2011 20:54:25   | Հայաստան  |  Հասարակություն
Փետրվարի 28-ին եւ մարտի 1-ին, Ս. Ղեւոնդյանց քահանայից տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ մասնակցությամբ թեմակալ առաջնորդների, տեղի ունեցավ քահանայից ավանդական ամենամյա հավաքը։ Հավաքին մասնակցում էին Մայր Աթոռի կառույցներում, վանքերում եւ Հայաստանի ու Արցախի թեմերում ծառայող շուրջ երկու հարյուր հիսուն եկեղեցականներ: Հավաքի քննարկման նյութն էր «Ընտանիքը եւ հոգեւոր հովիվը»: Քահանայից հավաքը բացեց ժողովի համակարգող Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Սրբազան Հայրը քահանայից դասի անունից շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռում համախմբվելու, Նորին Սրբության օրհնությունն ու հայրական պատգամները ստանալու հնարավորության համար: Միքայել Սրբազանը նաեւ շնորհավորեց հոգեւորականներին առաջիկա տոնի առիթով` մաղթելով նրանց հովվական ասպարեզում հաջողություններ: Այնուհետեւ Մայր Աթոռի միաբան Տ. Շահե աբեղա Անանյանը եկեղեցականներին ներկայացրեց «Ընտանիքը եւ հոգեւոր հովիվը» թեմայով զեկույց, որի շուրջ տեղի ունեցան քննարկումներ: Հավարտ մի շարք քննարկումների հոգեւորականաց դասը հանդես եկավ հայտարարությամբ։ Ժողովի ավարտին ներկա հոգեւորականներին հայրապետական իր պատգամը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Միքայել Սրբազանին եւ մնացյալ թեմակալ առաջնորդներին` քահանայից հավաքի կազմակերպմանը բերած աջակցության համար, ապա շնորհավորեց հոգեւորականաց դասին ս. Ղեւոնդյանց քահանայից տոնի առիթով` մաղթելով կոչման բարձր գիտակցությամբ շարունակել հոգեւոր առաքելությունը՝ ի նպաստ բարեպաշտ ժողովրդի հոգեւոր կարիքների բավարարման: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդգծեց ժողովի քննարկման նյութ դարձած հայ ընտանիք-Եկեղեցի կապի ամրապնդման այժմեականությունը` նշելով, որ հովիվները պետք է մանուկ հասակից զբաղվեն երիտասարդների հոգեւոր դաստիարակությամբ, ամենօրյա հովվական հետեւողական աշխատանքով ու հոգատարությամբ զերծ պահեն երիտասարդ ընտանիքներին տարբեր տեսակի դժվարություններից ու փորձություններից: Անդրադառնալով եկեղեցականների դերակատարությանը եւ նրանց առաքելությանը` Նորին Սրբությունը նշեց. «Մեր խնդիրը խաղաղություն, սեր եւ հաշտություն քարոզելն ու հաստատելն է ընտանեկան եւ ընկերային կյանքում...: Մենք` որպես եկեղեցականներ, առավել չափով պարտականություններ ունենք մեր ժողովրդի առջեւ` նրանց հոգեւոր-բարոյական կյանքը կազմակերպելու, քրիստոնեական կրթությամբ եւ դաստիարակությամբ ապահովելու, որպեսզի ճշմարիտ քրիստոնեական ոգին կրող հայորդիներ ունենանք, խորը հավատացյալ, աստվածասեր, մարդասեր, եկեղեցասեր մարդիկ, եւ այդ պարտականությունը մեր առաքելությունն է»: Նորին Սրբությունը, անդրադառնալով եկեղեցականության ծառայությանը, արձանագրեց, որ դեռ ահռելի աշխատանք կա ծառացած Եկեղեցու առջեւ: «Այդ ահռելի աշխատանքը մեզ ոչ թե հուսալքության եւ թեւաթափության պետք է առաջնորդի, այլ ընդհակառակը` մեր մեջ պիտի բորբոքի նախանձախնդրությունը, որպեսզի ավելի ճիգ ու ջանք գործադրենք, եռանդ ներդնենք մեր ծառայության մեջ», - նշեց Վեհափառ Հայրապետը` հորդորելով հոգեւորականներին հնարավորն ի գործ դնել առավել չափով լուսավոր դարձնելու հայի կյանքը, օգտակարություն ունենալու մեր ժողովրդի զավակներին, նրանց մեջ կրթել լավատեսության, աստվածսիրության, հայրենասիրության ոգին: Ժողովի ամփոփումից հետո Մայր Տաճարում հոգեւոր դասը մասնակցեց երեկոյան ժամերգության եւ ս. Ղեւոնդյանց քահանաների տոնի նախատոնակին: Մարտի 1-ին, Ս. Ղեւոնդյանց տոնին, Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Արմավիրի թեմից Փարաքարի Ս. Հարություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Գեղամ քահանա Քեսաբլյանը, ով իր քարոզում անդրադարձավ տոնի խորհրդին ու նշանակությանը մեր ազգային կյանքում: Պատարագից հետո Վեհարանում տեղի ունեցավ պարգեւաբաշխություն: Տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ավագ քահանայության պատիվ շնորհեց Արարատյան Հայրապետական թեմից Տ. Մկրտիչ քհն. Թովմասյանին եւ Տ. Կորյուն քհն. Մարտիրոսյանին, Արմավիրի թեմից Տ. Գեղամ քհն. Քեսաբլյանին: Ծաղկյա փիլոն կրելու իրավունք ստացան Արցախի թեմից Տ. Մինաս քհն. Մովսիսյանը, Տ. Էմանուել քհն. Վարդանյանը, Սեւանի վանքից` Տ. Մինաս քհն. Մարտիրոսյանը, Հարավային Ռուսաստանի թեմից Տ. Սարգիս քհն. Պողոսյանը, Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց` Տ. Ղեւոնդ քհն. Մայիլյանը: Լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ծառայող Տ. Սիփան քհն. Գրիգորյանը, Տ. Սեդրակ քհն. Ազնավուրյան եւ Տ. Հովհաննես քհն. Քեսաբլյանը, Արարատյան Հայրապետական թեմից Տ. Եզնիկ քհն. Մալխասյանը եւ Տ. Եփրեմ քհն. Հարությունյանը, Շիրակի թեմից Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը եւ Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը, Տ. Վարագ քհն. Հակոբյանը, Վայոց ձորի թեմից Տ. Գալուստ քհն. Սահակյանը, Արագածոտնի թեմից Տ. Վիգեն քհն. Մանուկյանը, Կոտայքի թեմից Տ. Վրթանես քհն. Բաղումյանը, Տ. Արիստակես քհն. Բաղալյանը եւ Տ. Ժիրայր քհն. Խաչատրյանը, Գեղարքունյաց թեմից Տ. Նշան քհն. Սարգսյանը, Տ. Մեսրոպ քհն. Երիցյանը եւ Տ. Ներսես քհն. Սահակյանը, Տավուշի թեմից Տ. Արամ քհն. Միրզոյանը, Բանակի հոգեւոր հովվությունից Տ. Արսեն քհն. Սարոյանը, Վիրահայոց թեմից Տ. Տաթեւ քհն. Մարուքյանը, Տ. Մովսես քհն. Մանուկյանը, Տ. Արարատ քհն. Գումբալյանը եւ Տ. Տիգրան քհն. Մխիթարյանը, Վայոց ձորի թեմից Տ. Սեպուհ քհն. Հարությունյանը: Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Մարտի 1, 2011թ.
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play