ՄԵՆՔ- Այնուամենայնիւ Հնարաւոր Էր


ՄԵՆՔ- Այնուամենայնիւ Հնարաւոր Էր

  • 22-02-2013 03:41:42   | Հայաստան  |  Վերլուծություն

 

Փետրուարի 19ին, նախագահական ընտրութեան յաջորդ օրը, վստահ եմ, որ ինձ պէս շատերը նոր Հայաստանի զգացողութեամբ արթնացան:
Պիտի անկեղծօրէն ասեմ՝ յետընտրական պատկերը շատերի պէս անակնկալ էր նաեւ ինձ համար: Չեմ յիշում նաեւ ընտրութիւններին նախորդող որեւէ վերլուծական յօդուած, ուր նախանշուէր այսօրուայ պատկերը: Եւ ինչ լաւ է, որ շատերը սխալուեցին:
Այնուամենայնիւ, պարզուեց, որ ամէն ինչ կորած չէ, եւ հակառակ յուսահատութեան, յոռետեսութեան ու անելանելիութեան համատարած մթնոլորտին, հնարաւոր եղաւ բեկել իրավիճակը:
Թւում էր, թէ քաղաքական ներկայ մշակոյթի եւ կեղծուած ընտրութիւնների 22ամեայ աւանդոյթների պայմաններում, անհնար է որեւէ դրական փոփոխութիւն ակնկալել, բայց Րաֆֆի Յովհաննիսեանը հաւատաց ու շատերին հաւատալ տուեց:
Ըստ էութեան, Հայաստանում ընտրութիւններին բնորոշ ձեռագիրն ու ընտրական գործընթացները չփոխուեցին. ընտրութիւններն անցան արդէն կատարելութեան հասած կեղծարարութեան բարձր որակով, նոյն ձեռագրով ու նոյն տեխնոլոգիաներով (արհեստագիտութեամբ-Խմբ.), սակայն այնուամենայնիւ այդ իրականութեանը զուգահեռ շատ լուրջ դրական ձեռքբերում արձանագրուեց. մեր հասարակութեան մի ճնշող մեծամասնութիւն հաւատաց իր ուժին, հաւատաց իր հնարաւորութեանը, հաւատաց իր ձայնին, եւ, որ ամենակարեւորն է, ոչ միան պատրաստ է տէր կանգնել սեփական քուէին, այլեւ Հայաստանի հեռանկարին:
Րաֆֆի Յովհաննիսեանին տրուած ձայների 37 տոկոսը եկաւ ապացուցելու, որ այնուամենայնիւ հնարաւոր է: Նա իրապէս կարողացաւ ժողովրդի մէջ արթնացնել տիրոջ, քաղաքացու, այլընտրանքի համոզումը:
Այդ 37 տոկսը ոչ միայն ձայն է տուել Րաֆֆիին, այլեւ ոչ է ասել ներկայ իրականութեանն ու քաղաքական համակարգին: Փաստացի, այսօրուայ որակներով՝ խեղուած իրաւունքներով ու արժանապատուութեամբ, կոռուպցիայի մէջ թաղուած, քրէաօլիգարխիկ, արտագաղթից ու աղքատութիւնից նուաղող Հայաստանին ոչ ասողների թիւն աւելին է, քան քուէարկութեան մասնակցածների 37տոկոսը: Եթէ այս ընտրազանգուածին գումարենք ընտրութեան չմասնակցողների շուրջ 40 տոկոսը, որի անտարբերութիւնն ինքնին գնահատական է, գումարենք նաեւ շուրջ 50,000 անվաւեր ընտրաթերթիկները (որոնց վրայ Զաք Նորիսից մինչեւ Քիմ Քարդաշեան ու այլ մակագրութիւններ էին), ու հաշուի առնենք, թէ ինչ հսկայական վարչական ու քրէաօլիգարխիկ ռեսուրս է գործադրուել ընտրութիւններում, ապա միանշանակ է՝ գործ ունենք կողմնորոշուած հասարակութեան հետ, որը »ո՛չ« է ասում իրականութեանը եւ ինքը կարող է իբրեւ գիտակից քաղաքացի իսկապէս տէր կանգնել Հայաստանին:
Պատկերն անշուշտ ամբողջական չի լինի, եթէ նկատի չունենանք, որ ՀԱԿ, ՀՅԴ եւ ԲՀԿ ընտրազանգուածի մի մաս յանուն Հայաստանի, մեր պետականութեան ու արժանապատիւ երկրի իր կողմոնորոշումն ուղղորդեց դէպի Րաֆֆի Յովհաննիսեանը:
Սա իսկապէս լուրջ քաղաքական կապիտալ է եւ գործօն, որը կարող է որակապէս նոր Հայաստանի քաղաքական պատուէր ձեւակերպել:
Փետրուարի 20ին, ճիշտ այն օրը, երբ 25 տարի առաջ նոյն՝ Թատերական հրապարակը Ղարաբաղեան շարժման ծնունդն էր ապրում, դարձեալ մարդաշատ է ու անհանգիստ:
Հազարաւոր մեր հայենակից հրապարակում են՝ պաշտպանելու ու տէր կանգնելու իրենց ձայնին, ամրագրելու սեփական յաղթանակն ու պայքարելու ՀՀ Սահմանադրութեամբ ամրագրուած սոցիալական, իրաւական ու ժողովրդավարական Հայաստանի համար:
Հարթակում Րաֆֆի Յովհաննիսեանին են միանում նաեւ այլ քաղաքական ուժեր ներկայացնող քաղաքական գործիչներ՝ համոզումով, որ այս պահին խոհեմն ու արդարը ժողովրդի կողքին լինելն է:
Քաղաքական զարգացումներն արագ են ծաւալւում ու առայժմ հանգրուանում Րաֆֆի Յովհաննիսեան-Սերժ Սարգսեան հանդիպումով:
Ի՞նչ ընթացք կ’ունենան դէպքերը, յետընտրական այս դրական, ժողովրդական էներգիան (ուժը, աշխուժութիւնը-Խմբ.) ինչպէ՞ս կ’ուղղորդուի՝ ցոյց կը տայ ժամանակը:
Բայց մի բան յստակ է ու ոգեւորիչ՝ Հայաստանում իսկապէս կայ այն ընտրազանգուածը, որը քաղաքացի է, որ պատրաստ է տէր կանգնել իր ձայնին, պատասխանատու է իր ու երկրի ապագայի համար ու պատրաստ է մինչեւ վերջ գնալ՝ հակառակ ճնշումների ու գայթակղութիւններին: Հայաստանի համար որակապես նոր ժամանականեր են գալիս:
Ու, թէեւ Սերժ Սարգսեանը տոկոսային յարաբերութեամբ աւելի շատ ձայն է հաւաքել՝ քան նախորդ ընտրութիւններում, բայց 38 տոկոսանոց ընտարզանգուածի կարծիքի հետ հաշուի չնստելն ուղղակի խելամիտ չէ, անհեռանկար է:
Նախկին խաղի կաննոներով այլեւս անկարելի է խաղալ:
 
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
«Ասպարեզ»
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն