Կաշառք բժշկական փաստաթուղթ ստանալու համար


Կաշառք բժշկական փաստաթուղթ ստանալու համար

  • 24-02-2011 18:18:07   | Հայաստան  |  Հասարակություն
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` բժշկական կոնսուլտատիվ հանձնաժողովի նախագահի եւ հիվանդանոցի ավագ նյարդաբանի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ: Մասնավորապես պարզվել է, որ 2011թ. փետրվարի սկզբին Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակչուհի Ա. Ասոյանը հաշմանդամության կարգ ձեռք բերելու նպատակով դիմել է «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության պոլիկլինիկայի բժիշկ-նյարդաբան, բժշկական կոնսուլտատիվ հանձնաժողովի նախագահ Ֆ. Մոսոյանին: Վերջինս որոշակի գումար կաշառք ստանալու պայմանով խոստացել է Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան, իր ծանոթ Գ. Գասպարյանից ստանալ հիվանդության մասին անհրաժեշտ բժշկական փաստաթուղթ եւ սկսել գործընթացը: Կաշառքի շուրջ համաձայնության գալով` Ֆ. Մոսոյանը նույն օրը նախնական համաձայնության է եկել Գ. Գասպարյանի հետ եւ Ա. Ասոյանին ուղարկել նրա մոտ` Վանաձորի թիվ 2 հիվանդանոց: 2011թ. փետրվարի 11-ին Ա. Ասոյանը այցելել է Գ. Գասպարյանին, ով առանց ստացիոնար հետազոտման, հաշմանդամության կարգում ընդգրկելու համար հիվանդությամբ տառապելու մասին անհրաժեշտ էպիկրիզ կազմելու եւ տրամադրելու դիմաց Ա. Ասոյանից իր աշխատասենյակում պահանջել եւ ստացել է 20 000 դրամ կաշառք: Այնուհետեւ 2011թ. փետրվարի 17-ին, առանց անհրաժեշտ ստուգումներ կատարելու, կազմել եւ հաջորդ օրը Ա. Ասոյանին է տվել զարկերակային հիպերտենզիա 2-րդ աստիճանի եւ այլ հիվանդություններով տառապելու մասին կեղծ էպիկրիզ: 2011թ. փետրվարի 22-ին Ա. Ասոյանը «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության պոլիկլինիկայում` Ֆ. Մոսոյանի աշխատասենյակում, հիշյալ էպիկրիզը ներկայացրել է կոնսուլտատիվ հանձնաժողովի նախագահ Ֆ. Մոսոյանին եւ նույն օրը, նախնական պայմանավորվածության համաձայն, վերջինիս պահանջով նրան տվել 35 000 դրամ կաշառք: Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության լրատվական ծառայության հաղորդագրության, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Կատարվում է նախաքննություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play