Սբ. Գեղարդավանքի երգչախմբի համերգները Գերմանիայում


Սբ. Գեղարդավանքի երգչախմբի համերգները Գերմանիայում

  • 24-02-2011 16:38:38   | Գերմանիա  |  Մշակույթ
Փետրվարի 14-21-ը Սբ. Գեղարդավանքի երգչախումբը (գեղ. ղեկավար` Մհեր Նավոյան, խմբավար` Անահիտ Պապայան)` գլխավորությամբ Սբ. Գեղարդավանքի վանահայր Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանի համերգներով հանդես եկավ Գերմանիայի Հայդենհայմ, Շտուտգարտ, Գյոպինգեն եւ Հանաու քաղաքներում: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից, սա երգչախմբի հինգերորդ այցն էր Գերմանիա` Գեղարդավանքի եւ Գերմանիայի Լորշ վանք-գիտահետազոտական ինստիտուտի համագործակցության շրջանակներում: Երգչախումբը գերմանացի ունկնդրին ներկայացրեց հայ հոգեւոր եւ ժողովրդական երգերի մշակումներ: Առաջին համերգը կայացավ Հայդենհայմ քաղաքի Ս. Միքայել եկեղեցու լեփ-լեցուն սրահում: Երգչախմբի գերմանացի բարեկամ, երաժիշտ Քրիստիան Վայդայի կողմից կատարվեց նաեւ համերգի պրոֆեսիոնալ ձայնագրություն: Համերգը կազմակերպել էր “Neuer Kammerchor” երիտասարդական երգչախումբը` Թոմաս Քամմելի ղեկավարությամբ: Այս երգչախմբի հետ «Շիլլեր գիմնազիումի» փորձասրահում տեղի ունեցավ հանդիպում-փորձ, որի ընթացքում Ա. Պապայանի խմբավարությամբ գերմանական երգչախմբի երիտասարդ անդամները սովորեցին Կոմիտասի` «Ելա տանիս» ժողովրդական երգի մշակումը: Այնուհետ “Neuer Kammerchor”-ի անդամները կատարեցին Ռ. Ամիրխանյանի «Երազի իմ երկիր» ստեղծագործությունը, որը սովորել էին դեռ անցյալ տարի Հայաստան կատարած համերգային ուղեւորության առիթով: Հատկապես նշանակալի էր տարբեր երկրներից ժամանած երգչախմբերի համատեղ համերգը Շտուտգարտում, որի ընթացքում հայկական երգչախմբին տրված էր առավելագույն տեւողությամբ ելույթի հնարավորություն: Ուշագրավ էր միացյալ երգչախմբի` Յ. Ս. Բախի “Singet dem Herrn” ստեղծագործության մի հատվածի կատարումը` նշանավոր դիրիժոր Հելմուտ Ռիլլինգի ղեկավարությամբ: Վերջինս բարձր գնահատեց հայաստանյան խմբի կատարումները: Գյոպինգեն եւ Հանաու քաղաքներում երգչախմբին ջերմորեն հյուրընկալեցին տեղի հայ համայնքները` Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանի եւ Տ. Տիրատուր քահանա Սարդարյանի գլխավորությամբ: Փետրվարի 19-ին Գյոպինգենում, իսկ փետրվարի 20-ին Հանաուում մատուցվեց Սբ. Պատարագ` Գեղարդավանքի երգչախմբի մասնակցությամբ: Պատարագիչն էր Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ