Տիգրան Սարգսյան. «Հղիության նպաստ կստանան իրականում աշխատող կանայք» <br />


Տիգրան Սարգսյան. «Հղիության նպաստ կստանան իրականում աշխատող կանայք»

  • 24-02-2011 14:31:09   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ կառավարության փետրվարի 24-ի նիստում հավանություն տրվեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով: Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի, սահմանվում է, որ նպաստը վճարվում է նաեւ ժամանակավոր անաշխատունակության ժամանակա-հատվածի տոնական ոչ աշխատանքային օրերի համար` պահպանելով դրա չվճարումը ընդհանուր հանգստյան (շաբաթ եւ կիրակի) օրերի համար (վերացվում է նախկինում կատարված բացթողումը): Վերացվում է վարձու աշխատողներին վճարվող հղիության եւ ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը (առավելագույն շեմը պահպանվում է մյուս նպաստների համար)` ըստ այդմ վերանայելով նաեւ վարձու աշխատողի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը (արդյունքում` վերջին 12 ամիսների ընթացքում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված անձի կորցրած եկամուտը կփոխհատուցվի 100 տոկոսով): Օրենքի նախագծով նախատեսվում է փոփոխություններին տալ հետադարձ ուժ: Ըստ այդմ, գործող օրենքի հիման վրա նշանակված հղիության եւ ծննդաբերության նպաստները կվերահաշվարկվեն նոր կարգով: Եթե վերահաշվարկված նպաստի չափը բարձր է նախկինում նշանակված (վճարված) հղիության եւ ծննդաբերության նպաստի չափից, ապա շահառուին կվճարվի տարբերությունը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով ՀՀ-ում արձանագրվել էին լուրջ խախտումներ, երբ հղի կինը 1-2 օրով ընդունվում էր աշխատանքի, նշանակվում էր աշխատավարձ մի քանի միլիոն դրամ, կինն անցնում էր արձակուրդի ռեժիմի, եւ պետությունը պարտավոր էր վճարել: «Այս մախինացիան կատարվում էր պետության գրպանը մտնելու համար»,- հայտարարեց վարչապետը: Կառավարությունն, ըստ վարչապետի, ընդունեց կոպիտ լուծում, չարաշահումները դադարեցվեցին, բայց դժգոհություն առաջացրեց այն մարդկանց մոտ, որոնք մշտական եւ օրինական կերպով աշխատել ու ստացել էին բարձր աշխատավարձ: Տ. Սարգսյանի խոսքով, այս նախագծով խնդիրը լուծվում է, եւ նպաստ կստանան նրանք, ովքեր իսկապես աշխատել են եւ հաշվարկը կկատարվի 12-ամսյա ժամկետի կտրվածքով:
Նոյյան տապան  -   Հասարակություն