Կարինե Դանիելյան. «Մենք կորցնում ենք Հայաստանի հարավն ու հյուսիսը»<br />


Կարինե Դանիելյան. «Մենք կորցնում ենք Հայաստանի հարավն ու հյուսիսը»

  • 23-02-2011 21:59:00   | Հայաստան  |  Հասարակություն
Հանքավայրերի բաց եղանակով շահագործման եւ բնապահպանական նորմերի կոպիտ խախտման հետեւանքով բնապահպանական լուրջ խնդիրներ են առաջացել Հայաստանի մարզերում: Այս մասին փետրվարի 23-ի ասուլիսում ահազանգեց բնապահպան Կարինե Դանիելյանը։ Նա նշեց , որ էկոլոգիական փորձաքննությունները ցույց են տվել, թե որքանով է Սյունիքում մթնոլորտն ու հողը աղտոտված ծանր մետաղներով: Նման վիճակն արդեն բավական է, որ թույլ չտային նոր հանքօգտագործման գործունեություն իրականացնել: Ըստ բնապահպանի, Կապանի մոտ նոր, բաց եղանակով բազմամետաղային հանքի շահագործումը անթույլատրելի է եւ բնակչությունը ստիպված է լինելու լքել տարածքը: Կ.Դանիելյանի խոսքերով, նման վարվելակերպը վտանգում է մեր ապագան ու խախտում միջազգային կոնվենցիաները, որոնք մենք ստորագրել ենք: Ըստ բանախոսի, անկախության 20 տարիների գործընթացները ցույց են տալիս, որ «մենք կորցնում ենք Հայաստանի հարավն ու հյուսիսը»: Նա նշեց նաեւ, որ Հայաստանում նորմերի խախտումներով գործող պոչամբարների առատությունը չի կարող նպաստել մաքուր գյուղատնտեսության ու տուրիզմի զարգացմանը: «Այսօր խոսում են էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի աճեցման մասին, բայց աղտոտված տարածքում ի՞նչ մաքուր գյուղատնտեսություն: Ուստի Հայաստանի գյուղմթերքը չի կարող մրցունակ լինել միջազգային շուկայում»,- ասաց բնապահպանը։ Անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում վերջերս ծնված երկգլխանի հորթի ծնւկնդի փաստին, Կ.Դանիելյանը նշեց. «Մենք ուրախանում էինք Սոթքում այդ հրեշածին հորթուկի համար: Սակայն դա հանրապետության գերաղտոտված տարածքներից մեկն է: Այդտեղ ծանր մետաղների մեծ քանակության կուտակում կա: Եթե մենք ուզում ենք նման մուտանտների վերածվել, իսկ մեր երեխաներն էլ նման հիվանդություններով հիվանդանան, ապա պետք է ասենք` ամեն ինչ լավ է»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play