Գնաճը 2011թ.-ին կշարունակվի


Գնաճը 2011թ.-ին կշարունակվի

  • 23-02-2011 21:46:25   | Հայաստան  |  Տնտեսություն
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը փետրվարի 23-ի ասուլիսում, ներկայացնելով «Բարձր գնաճի իրական պատճառներն ու դրանց հաղթահարման հեռանկարները» տնտեսագիտական վերլուծությունը, կարծիք հայտնեց, որ գնաճը 2011թ.-ին կշարունակվի։ Նա միաժամանակ նշեց, որ գնաճը միշտ չէ, որ բացասական երեւույթ է դիտարկվում, այլ եթե 6-7 տոկոսի սահմաններում լինի, կարող է անգամ խթանել տնտեսության զարգացումը: Բայց, երբ գնաճը երնիշ է, այն վտանգում է անվտանգությունը: Տնտեսագետը ողջունեց գնաճի հաշվառման ազգային վիճակագրական ծառայության մեթոդաբանության փոփոխությունը` նշելով, որ նախկինում երկրի իրական գործարար ակտիվությունը չէր երեւում, ինչն այժմ արդեն հաշվի են առնում: Նա միաժամանակ նշեց դրանցում առկա լուրջ խնդիրները. մասնավորապես, 470 սպառողական ապրանքների գների ինդեքսի հաշվարկը համարժեք չի արտացոլում երկրի տնտեսության ներսում առկա կարեւորագույն միտումները: ԱՎԾ գնաճի հաշվարկի մեթոդաբանության թերություններից տնտեսագետը նշեց այն, որ ընտրված են ՀՀ տարբեր մարզերից 10 քաղաքներ, այնինչ գյուղերն ընդգրկված չեն, սպառումը չի ներկայացվում ըստ սպառողների շեմի եւ այլն: Թ. Մանասերյանը գնաճի իրական պատճառները դասակարգեց ըստ ներքին եւ արտաքին խմբերի: Արտաքին պատճառներից նա առանձնացրեց ապրանքների միջազգային գների աճը, բնական աղետները, ճգնաժամի պայմաններում աշխարհի տարբեր երկրներում սպառողների գնողունակության նկատելի անկումը: «Արտաքին պատճառներից գլոբալ խնդիր է հանդիսանում գյուղատնտեսության սուբսիդավորումը: Եթե զարգացած երկրները կարող են սուբսիդավորել ու իջեցնել գները, ապա Հայաստանը չի կարող նույնն անել»,- ասաց նա, հավելելով, որ ճգնաժամի պայմաններում այս ոլորտը քիչ է սուբսիդավորվել ու այդ պատճառով քիչ մթերք է արտադրվել:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play