Թբիլիսիում էր գտնվում ՀՀ մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունը


Թբիլիսիում էր գտնվում ՀՀ մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունը

  • 26-03-2013 14:39:22   | Վրաստան  |  Մշակույթ

 

Մարտի 20-22-ը պաշտոնական այցով Թբիլիսիում էր գտնվում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությանն ուղեկցում էր Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը: Այցի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարը մարտի 21-ին հանդիպումներ ունեցավ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի, մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ:
 
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպման ընթացքում ՀՀ մշակույթի նախարարը կարեւորեց վարչապետի` տարեսկզբին Երեւան կատարած այցելությունը, ինչը լուրջ խթան հանդիսացավ, մասնավորապես, երկկողմ մշակութային համագործակցության ծրագրերի հստակեցման եւ համատեղ իրականացվելիք միջոցառումների նախանշման առումով: Վրաստանի վարչապետը պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել երկու ժողովուրդների միջեւ մշակութային համագործակցության խորացմանը եւ մշակութային կապերի ամրապնդմանը:
 
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը նախարար Հասմիկ Պողոսյանի հետ կայացած հանդիպման ընթացքում բարձր գնահատեց հայ եւ վրաց եղբայրական ժողովուրդների հազարամյակների պատմություն ունեցող բարեկամությունը եւ կարեւորեց երկու ժողովուրդների բազմադարյա մշակութային ժառանգությունը սերունդներին հասու դարձնելուն ուղղված քայլերը: Միաժամանակ, կողմերը կարեւորեցին եկեղեցական եւ հոգեւոր ժառանգության պահպանման ոլորտում համագործակցությունը` որպես մշակութային համագործակցության կարեւոր բաղադրիչ:
 
Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ տեղի ունեցած առանձնազրույցի եւ երկու երկրների մշակույթի նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների մշակութային համագործակցության ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցեր, այդ թվում` Վրաստանում հայկական հոգեւոր եւ մշակութային ժառանգության պահպանման, ինչպես նաեւ մշակութային ծրագրերի ու միջոցառումների իրականացման վերաբերյալ խնդիրներ:
 
Նախարար Հասմիկ Պողոսյանն իր գործընկերոջ հետ միասին եւ պատվիրակության այլ անդամների ուղեկցությամբ այցելեց Թբիլիսիում գտնվող Սբ.Նորաշեն, Սբ. Նշան եւ Մուղնու Սբ. Գեւորգ հայկական եկեղեցիներ` ծանոթանալու վերականգնողական աշխատանքների նախագծային եւ այլ մանրամասների հետ: Վրաստան կատարած այցելության մշակութային ծրագրերի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաեւ Մծխեթայում գտնվող վրաց ուղղափառ եկեղեցու Սվետիցխովելի եւ Շիոմգվիմելի վանական համալիրներ:
 
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ այցելեց եւ մասնակցեց նաեւ մի շարք մշակութային եւ համայնքային միջոցառումների:
 
Մասնավորապես, ՀՀ մշակույթի նախարարն այցելեց Թբիլիսիում գործող  «Դավթյանների տուն» թատրոն-թանգարան, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (լեգենդար «Վերնատուն»,) Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունում ներկա գտնվեց ժամանակակից անվանի բանաստեղծ Գագիկ Դավթյանի` հայ եւ վրաց պոեզիային նվիրված գրքերի շնորհանդեսին, ինչպես նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնում հանդիպեց Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
 
Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախարար Հասմիկ Պողոսյանը, անդրադառնալով իր եռօրյա աշխատանքային հանդիպումներին եւ բանակցություններին, ընդգծեց, որ այսօր ստեղծված է բարենպաստ մթնոլորտ երկու երկրների մշակութային համագործակցությունն  առավել բարձր մակարդակի հասցնելու համար: Ներկայացնելով երկու երկրների մշակութային համագործակցության հեռանկարները` նախարարը մանրամասն խոսեց առաջիկայում իրականացվելիք կարեւորագույն համատեղ միջոցառումների մասին, ինչպես նաեւ իր մոտեցումները հայտնեց համայնքային մշակութային կյանքի ակտիվացման եւ այդ ուղղությամբ համայնքային եւ հայաստանյան կառույցների համագործակցության վերաբերյալ:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play