Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում զարգացման փուլում<br /> է, բայց ունի շատ մեծ մարտահրավերներ<br />


Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում զարգացման փուլում
է, բայց ունի շատ մեծ մարտահրավերներ

  • 22-02-2011 16:28:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ Փետրվարի 22-ին Երեւանում հանրությանը ներկայացվեց «Քաղաքացիական հասարակության ինդեքս Հայաստան» վերլուծական զեկույցը: Ինչպես զեկույցի շնորհանդեսին նշեց Քաղաքացիական հասարակության ծրագրի տնօրեն Արսեն Ստեփանյանը, զեկույցը ոչ միայն իրավիճակի պարզ վերլուծություն է, այլեւ առաջիկա տարիների համար հայաստանյան քաղաքացիական հասարակության զարգացման ուղենիշ: Ըստ զեկույցի, քաղաքացիական ներգրավվածությունը Հայաստանում բավականին ցածր է, սակայն միաժամանակ դրական է այն, որ ներգրավված անձանց մասնակցությունը բավականին ակտիվ է ու պարբերական: Դրական է նաեւ այն, որ գրեթե բոլոր սոցիալական խմբերը բավականին ներկայացված են քաղաքացիական հասարակության գործունեությունում: Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ալեքս Սարդարը նշեց, որ Քաղաքացիական հասարակության ինդեքսի հետազոտությունը Հայաստանում երկրորդ անգամ է իրականացվում, բայց առաջին անգամ է անցկացվում համապարփակ կերպով: Ըստ նրա, քաղաքացիական հասարակությունը Հայաստանում զարգացման փուլում է, բայց ունի շատ մեծ մարտահրավերներ: Հետազոտության հեղինակները գտնում են, որ անհրաժեշտ է օրենսդրական բարեփոխումների միջոցով հասարակական կազմակերպությունները հստակ դասակարգվեն ըստ գործունեության ոլորտների: Կարեւորվում է նաեւ հայաստանյան ՀԿ-ների ֆինանսական կայունության հարցը. դրանք չպետք է կախված լինեն միայն ու միայն արտասահմանյան աղբյուրներից, այլ նաեւ հնարավորություն ունենան իրենց գործունեության համար ֆինանսական միջոցներ հայթայթել Հայաստանում, մինչեւ անգամ պետական աղբյուրներից: Ալեքս Սարդարը կարեւորեց նաեւ կամավորների գործունեության առնչությամբ օրենսդրական բարեփոխումների անցկացումը: Նա պարզաբանեց, որ այսօր ՀԿ-ները չեն կարողանում կամավորներին ներգրավել իրենց գործունեության մեջ հարկային դաշտում առկա շատ լուրջ խնդիրների պատճառով: Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան, Քաղաքացիական հասարակության ինդեքսի պատվավոր խորհրդի անդամ Մարի Յովանովիչը կարեւորեց հասարակական կազմակերպությունների գործունեության ակտիվացումը: Նա նշեց նաեւ, որ Հայաստանում միջազգային կազմակերպությունների հետ համատեղ մշակվում են օրենսդրական փաթեթներ քաղաքացիական հասարակության զարգացման համար: «Կարեւոր է հասկանալ, որ քաղաքացիական հասարակությունը խաղում է երկակի դեր` մի կողմից քննադատում, իսկ մյուս կողմից` միաժամանակ, կառավարության հետ համատեղ կարող է լուծել էական խնդիրներ»,- ասաց դեսպանը: Հետազոտությունը իրականացվել է Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, CIVICUS Քաղաքացիական մասնակցության համաշխարհային միավորման, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ: Նման հետազոտություններ իրականացվում են աշխարհի ավելի քան 40 երկրներում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play