Ազգային գրադարանը անդրադառնում է լեզվի անաղարտության պահպանման խնդրին


Ազգային գրադարանը անդրադառնում է լեզվի անաղարտության պահպանման խնդրին

  • 22-02-2011 15:21:17   | Հայաստան  |  Հասարակություն
Ազգային գրադարանը` մայրենիի պահպանման եւ զարգացման գործի ջատագով Փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզվի անաղարտության պահպանման օր: Արդեն 5-րդ տարին է, որ Հայաստանի Ազգային գրադարանը բազմաբնույթ միջոցառումներով նշում է տոնը: Բացի փետրվարի 21-ի միջոցառումներից, տարվա ընթացքում Ազգային գրադարանը գրքերի շնորհանդեսների, հանդիպումների, քննարկումների միջոցով անդրադառնում է լեզվի անաղարտության պահպանման խնդրին: Այդ շրջանակներում գրադարանում կազմակերպված միջոցառումներից ուշագրավ էին Արտեմ Սարգսյանի «Հայոց լեզվի բարբառային ատլաս»-ի, Լեւոն Լաճիկյանի «Ներբող Մայրենիին», Վաչագան Սարգսյանի «Հայերենը ափի մեջ», բեյրութահայ Սարգիս Կիրակոսյանի «Օրհներգություն մեծասքանչին», Լալիկ Խաչատրյանի «Հետաքրքրաշարժ լեզվաբանություն», Երջանիկ եւ Սուսաննա Գեւորգյանների «Հեռուստառադիոեթեր. լեզվական մեղանչումներից մինչեւ անաղարտություն» գրքերի շնորհանդեսների կազմակերպումը: Հայկական գրադարանային ասոցիացիան ավանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթի ընթացքում մեկ օր նվիրվում է մայրենի լեզվի օրվան, որի ընթացքում տեղի են ունենում հանդիպում դպրոցականների հետ, ներկայացվում է «Գիրքը եւ ես» ստեղծագործական շարադրությունների ժողովածուն: Դպրոցականներին գրողները նվիրում են իրենց գրքերից: Հայաստանի Ազգային գրադարանում փետրվարի 21-ին տեղի ունեցած միջոցառումը եւս նպատակ ուներ լեզուն աղավաղումներից զերծ պահել, մատաղ սերնդի մեջ ամրապնդել սերը մայրենիի նկատմամբ: Գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը բացման խոսքում խոսեց մայրենի լեզվի կարեւորության մասին: -Մենք այսօր կանգնած ենք մարտահրավերների առաջ եւ հայոց լեզվի մաքրության պահպանման խնդիր ունենք: Մայրենիի անաղարտության պահպանումը, լեզվի զարգացումը հայ ազգի համար կարեւոր նշանակություն ունի,-ասաց Ռ.Ղազարյանը: Պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանը հայերենին նվիրված շատ գրքերի հեղինակ է: Նա ողջունեց մայրենիի օրը, սակայն մյուս կողմից էլ նշեց, որ միայն մեկ օրով չպետք է սահմանափակվենք լեզվի խնդիրներին անդրադառնալով: Տարվա բոլոր օրերը պետք է լինեն մայրենի լեզվի օրեր: -Մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում մենք այսօր շատ անելիքներ ունենք: Վիճակը գնալով ահագնանում է: Այս խնդիրները լուծելու համար պետական հոգածություն է անհրաժեշտ: Տիրապետող է դարձել փողոցային բարբառը, որը սկսել է հնչել նաեւ հեռուստաէկրաններից: Ուսուցողական պետք է լինի պետական այրերի ելույթները, որոնք սակայն հնչում են կրկին լեզվական աղավաղումներով: Արեւելահայերենը վտանգված է Հայաստանում,- ասաց Ռ.Սաքապետոյանը` կոչ անելով համապատասխան մարմիններին` որոշակի քայլեր ձեռնարկել լեզվական խնդիրների լուծման ուղղությամբ: Վաչագան Սարգսյանը դասագրքերի հեղինակ է: Նա նշեց, որ երեխաների շրջանում մեծ հետաքրքրություն են առաջացրել իր կազմած դասագրքերը, այբբենարանները, բազմաբնույթ խաղերը: Լեզվի կարեւորության մասին խոսեցին բանասիրական գիտությունների թեկնածու Սաթենիկ Ավետիսյանը, բանաստեղծ Վարդան Վանատուրը: Լեզվի մասին ասույթներ եւ բանաստեղծություններ ներկայացրին Երեւանի Մ.Աբեղյանի անվան թիվ 3 դպրոցի սաները: Օրվա բանախոսները նշեցին, որ այս ոլորտում մեծ խնդիր է նաեւ օտարալեզու դպրոցների բացումը: Ռ.Սաքապետոյանի այն մտահոգությանը, որ այսօր չեն կարդում կամ քիչ են կարդում, Ռաֆիկ Ղազարյանը պատասխանեց, որ այսօր գրադարանները չեն համալրվում նոր գրականությամբ, այս պայմաններում ի՞նչ պետք է կարդան, ինչքան կարող են կարդալ նույն գրքերը: -Այսօր մենք գրադարաններից ահազանգ ենք ստանում այն մասին, թե երիտասարդներին, ընթերցողներին ինչքա՞ն կարող ենք ասել, թե գրադարանում նոր գիրք չկա,-ասաց Ռ.Ղազարյանը: Գոհարինե Ջուլհակյան
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play