Հիշատակն արդարոց, օրհնութեամբ եղիցի


Հիշատակն արդարոց, օրհնութեամբ եղիցի

  • 09-04-2013 17:49:21   | Հայաստան  |  Վերլուծություն

 

Այսօր կլրանար Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայության փոխգնդապետ  Խաչիկ Վարդանյանի երկրային կյանքի 65-րդ տարեդարձը: Նա իր գիտակցական ողջ կյանքը անմնացորդ նվիրեց իր պետության ազգային անվտանգության ապահովման գործին` չհասցնելով անգամ անցնել վաստակած հանգստի... Հավերժի ճամփան նա բռնեց 10 տարի առաջ` իրեն ճանաչողների հոգում թողնելով մի պայծառ ու լուսավոր հետագիծ: 
Իր գործընկերների հիշողության մեջ Խաչիկ Վարդանյանն ամփոփվեց որպես բարձրակարգ պատրաստվածությամբ և պատասխանատվությամբ մասնագետի օրինակ, նրբազգաց ու հոգատար ընկեր, հարազատ ու սիրելի անձնավորություն: 
Փոխգնդապետ Խաչիկ Վարդանյանը, իր գործընկերների վկայությամբ,  այն մարդկանցից էր, ովքեր ծնվում են իրենց շուրջը լույս ու ջերմություն սփռելու համար: Նա ծնվել էր շռայլորեն ապրելու երկրի բախտով, իր ընտանիքի գրկում: Փոխգնդապետ Վարդանյանի հետ մարդիկ իրենց ապահով ու պաշտպանված էին զգում: Նրա ողջ կյանքն ընթացք էր հանուն ազնիվի ու ճշմարտության: Ուժեղ ու հպարտ, կենսախինդ ու սիրված անձնավորություն էր: Հասնում էր բոլորին, հասցնում ամեն ինչ: Անափ բարություն էր, անմնացորդ նվիրում: Օժտված էր աննկարագրելի աշխատանքային եռանդով, մարդկանց օգնելու անդադրում պատրաստակամությամբ, ասպետական արժանապատվությամբ ու ներողամտությամբ: 
Նա միշտ մնաց բարի, մեծահոգի, շիտակ, որպես սիրառատ հայր ու ամուսին, անհիշաչար ու պարկեշտ ընկեր, կարողացավ ստեղծել գեղեցիկ, օրինակելի ընտանիք և ընկերական ներդաշնակ միջավայր: Նրա ընտանիքում տրում էր ազգային ավանդույթների, սիրո ու բարության մթնոլորտը: Նա մի անեզր սիրով ու նվիրումով էր կապված իր ծննդավայրին` Վերնաշենին: 
Ամեն մարդ մի անկրկնելի պատմություն է: Նա ինքը չի ընտրում իր ճակատագրի սահմանները: Ճակատագրի որոշումներ կան, որոնք անհնարին է հասկանալ, ընդունել ու հաշտվել դրանց, որովհետև դրանք չափազանց անսպասելի են, անհավատալի ու դաժան` իբրև իրականություն ընկալելու համար: Այդպիսին է նաև մահը...
Այսօր արդեն նա հուշ է դարձել` իր գեղեցիկ ու հարուստ կենսագրությամբ: Նրա երկրային բացակայությամբ չի ավարտվում նրա անզուգական նկարագիրը: Նրա օրինակելի գոյակերպը շարունակում են նրա ընտանիքի անդամները: Տղան` Արման Վարդանյանը, այսօր շարունակում է իր հոր գործը: 
Թող օրհնյալ լինի քո ծննդյան 65-րդ տարեդարձը, մեր թանկագին, որը, ավա¯ղ, լրացավ աշխարհիկ կյանքից 10 տարի անց և, թերևս, նոր էջ քո երկրային կյանքում: 
Մեզ մնում է միայն աղոթել քեզ համար և շարունակ բարձրաձայնել` Դու ապրում ես, դու կաս, թանկագին հայր, քանի որ կանք մենք, քեզ երախտապարտ քո ընտանիքը:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն