Յան Ձիեչին հեռանկարային է համարել չինական շուկա հայկական<br /> ապրանքների արտահանումը<br />


Յան Ձիեչին հեռանկարային է համարել չինական շուկա հայկական
ապրանքների արտահանումը

  • 17-02-2011 20:46:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 17-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Ձիեչիին: Հյուրի պատվին տրվել է պաշտոնական ճաշ: Ողջունելով հյուրին` կառավարության ղեկավարը կարեւորել է երկու երկրների միջեւ հաստատված քաղաքական երկխոսությունն ու բարձր մակարդակի շփումները քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում: Վարչապետն անդրադարձել է «Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսի շրջանակում Չինաստան կատարած իր այցին` նշելով, որ ջերմ հիշողություններ ունի թե' Չինաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներից, թե' համաշխարհային ցուցահանդեսից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են խոսել հայ-չինական հարաբերությունների զարգացման ուղղությամբ արձանագրված շոշափելի առաջընթացի մասին: Քննարկվել են էներգետիկայի, քիմիայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի եւ կրթության ոլորտներում համագործակցության հեռանկարները: Տ.Սարգսյանը կարեւորել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության գործարկումը` ընդգծելով, որ այդ հաջողված փորձի հիման վրա հնարավոր է նոր համատեղ նախաձեռնությունների իրականացումը: Երկկողմ առեւտրաշրջանառության աճի համատեքստում անհրաժեշտ է համարվել չօգտագործված մեծ ներուժի իրացումը: Խոսելով երկկողմ տնտեսական հարաբերությունների շարունակական խորացման մասին` Յան Ձիեչին հեռանկարային է համարել չինական շուկա հայկական ապրանքների արտահանումը: Ընդգծելով ներդրումների խթանման ուղղությամբ քայլերի իրականացման անհրաժեշտությունը` կողմերն անդրադարձել են Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության հարցում չինական կողմի հետաքրքրությանը: Հայաստանի վարչապետն ու Չինաստանի արտգործնախարարը կարեւորել են հայ-չինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Երեւանում: Զրուցակիցները մեծապես կարեւորել են նաեւ երկու երկրների միջեւ օդային ուղղակի հաղորդակցության հաստատումը, ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացումը եւ կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը: Չինաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ՉԺՀ քաղաքացիների համար վիզաների ստացման ընթացակարգերի պարզեցման, իսկ Հայաստանի վարչապետը` մեր երկրին ցուցաբերվող շարունակական օժանդակության համար: Վարչապետը շնորհավորել է Յան Ձիեչիին Չինաստանում այսօր նշվող Լապտերների տոնի կապակցությամբ եւ խնդրել իր ողջույնները փոխանցել Չինաստանի վարչապետ Ցզյաբաոյին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play