Երևանում կանցկացնի մոնոներկայացումների <<Արմմոնո>> միջազգային թատերական 11-րդ փառատոնը


Երևանում կանցկացնի մոնոներկայացումների <<Արմմոնո>> միջազգային թատերական 11-րդ փառատոնը

  • 26-04-2013 14:49:13   | Հայաստան  |  Մշակույթ

Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը ս.թ. ապրիլի 26–30-ը Երևանում կանցկացնի մոնոներկայացումների <<Արմմոնո>> միջազգային թատերական 11-րդ փառատոնը: 

Այս տարի կցուցադրվի 22 ներկայացում` Գերմանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Լիտվայից, Վրաստանից և Հայաստանից:
Փառատոնի առանցքն է կազմելու լեհական ծրագիրը, որը նվիրված կլինի նաև մեր երկու երկրների միջև դիվանագիտական կապերի հաստատմանը: Լեհական նշյալ ծրագրի շրջանակներում կցուցադրվի 5 մոնոներկայացում, ինչպես նաև Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում կանցկացվեն վարպետության դասընթացներ,  գործնական պարապմունքներ ուսանողների համար: 
Փառատոնին հանդես կգան 2 դերասան Գերմանիայից` (Բիաթե Էhլերը` <<Աննի լռությունը>> /<<Մոր լռությունը>>/ ներկայացմամբ, որի հիմքում Մեծ եղեռնի թեման է և գերմանահայ վաստակաշատ ու հանրահայտ արվեստագետների ընտանիքի  ներկայացուցիչ` Լուսինե Խաչատրյանը` Յ. Շիլլերի <<Մարիա Ստյուարտ>> ներկայացմամբ), ինչպես նաև դերասաններ Լիտվայից` (բեմադրիչ Սաուլիս Վառնասի` Վ.Նաբոկովի ստեղծագործությունների հիման վրա բեմադրած մոնոներկայացում), Վրաստանից`(բեմադրիչ Աֆտանդիլ Վարզիմաշվիլու <<Շների աշխարհ>>), Ռուսաստանից`(երկու տարի առաջ Հայաստանի թատերական գործիչների միության կողմից Մեյերխոլդի անվան կենտրոն գործուղած երիտասարդ բեմադրիչ Զառա Անտոնյանի <<Պանտիլեյ Կարմանովի տաղտկալի ճշմարտությունը>>: Սա բեմադրիչի  դիպլոմային աշխատանքն է, որի դերակատարը հանրաճանաչ ամերիկացի  Սթիվն Թոմաս Օքսներն է: 
Փառատոնին ակտիվ մասնակցություն ունեն հայ դերասանները` ՀՀ վաստ.արտիստ Մուրադ Ջանիբեկյան, Լարիսա Ղևոնդյան, Նոռա Բադալյան, Անահիտ Մութաֆյան, Երվանդ Ենգիբարյան, Մարինե Խաչատրյան, Նարինե Գրիգորյան, Ֆրիդա Յորք և այլք:
Առանձին <<Արմմոնո-Դեբյուտ>> ծրագրում (այս տարվա նորամուծությունն է) հանդես կգան մոնոներկայացման ժանրում իրենց առաջին քայլերն անող երիտասարդ բեմադրիչներն ու դերասանները: 
Փառատոնն իրենց մասնակցությամբ կպատվեն հանրահայտ մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրեններ` Նինա Մազուրը /Ուկրաինա/, Յոլանտա Սուտովիչը  /Գերմանիա/, Մարիա Տանանա /Լիտվա/, Վեցլավ Գերաս /Լեհաստան/, թատերագետներ` Տոմաշ Միլկովսկի /Լեհաստան/, Պյոտր Բարկովսկի /Լեհաստան/։ 
<<Արմմոնո>> առաջին միջազգային թատերական փառատոնը տեղի է ունեցել 2003թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: 
 
Press Master մամուլի ակումբում <<Արմմոնո>> միջազգային թատերական փառատոնին նվիրված ասուլիսին մասնակցում Էին. Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանը, Վրոցլավի /Լեհաստան/ մոնոփառատոնի ղեկավար Վեցլավ Գերասը, <<Արմմոնո>> միջազգային թատերական փառատոնի տնօրեն  Մարիաննա Մխիթարյանը:   
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play