«Ներսում մենք ենք լալիս, դրսում` հայերը»,- ասել է թուրք<br /> իրավապաշտպանի մայրը<br />


«Ներսում մենք ենք լալիս, դրսում` հայերը»,- ասել է թուրք
իրավապաշտպանի մայրը

  • 15-02-2011 20:34:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 15-ին Հայաստանի ազգային գրադարանում «Հակոբ Մեղապարտ» մեդալ եւ շնորհակալագրեր հանձնվեցին թուրք իրավապաշտպան եւ հրատարակիչ Ռագիբ Զարաքօլուին: Ինչպես նույն օրը տեղի ունեցած ասուլիսում նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը, իրավապաշտպանն այն սակավաթիվ թուրքերից է, ով պայքարում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Նշվեց նաեւ, որ իրավապաշտպանի գործունեության պատճառով նրա դեմ մի քանի դատական հայց է ներկայացվել տխրահռչակ 301-րդ հոդվածով: Թուրք իրավապաշտպանը հայտարարեց, որ ըստ Մարդու իրավունքների պաշտպանների հանձնաժողովի, որի ներկայացուցիչն է ինքը, 1915թ.-ի իրադարձությունները լիովին տեղավորվում են միջազգային բոլոր պայմանագրերով ամրագրված «ցեղասպանություն» հասկացության մեջ: Ռ.Զարաքօլուն նշեց նաեւ, որ «մարդու իրավունքների խախտումը Թուրքիայում առաջնահերթ երեւում է Հայոց ցեղասպանությունը չճանաչելու իրողությունից»: Նա լրագրողներին հայտնեց, որ Հայոց ցեղասպանության մասին առաջին անգամ լսել է իր մորից, երբ դեռ մանուկ է եղել: Մայրը, խոսելով հայերի կրած տառապանքների մասին, ասել է. «Ներսում մենք ենք լալիս, դրսում` հայերը»: Ըստ իրավապաշտպանի, Հայոց ցեղասպանության ճանաչումը խղճի պարտավորություն է, այն Թուրքիային չի նվաստացնի, այլ հակառակը` կբարձրացնի: «Ես հավատում եմ, որ դա մի օր տեղի կունենա»,- ասաց նա: Պուրքիայի համար Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջին արգելքն, ըստ նրա, գաղափարախոսական է, երկրորդը` հոգեբանական, երրորդը` ֆինանսական փոխհատուցումների հարցն է: Ռ.Զարաքօլուն այն կարծիքին է, որ նույնիսկ եթե Հայաստանն ու Թուրքիան հասնեն ինչ-որ պայմանավորվածության, նրանք չեն կարող արգելել Հայաստանում կամ Սփյուռքում բնակվող օսմանյան կայսրության հայազգի նախկին հպատակներին կամ նրանց ժառանգներին իրենց իրավունքները պահանջել Թուրքիայից: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում պաշտոնական երկխոսությունից առավել թուրք իրավապաշտպանը կարեւորում է քաղաքացիական հասարակության երկխոսությունը եւ հավատում, որ հենց վերջինս կարող է արդյունք տալ: Իսկ ցեղասպանության հարցով պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելու կապակցությամբ թուրք իրավապաշտպանը նկատեց. «Այն ժամանակ, երբ մերժողականությունը պաշտոնական պետական գաղափարախոսության մաս է կազմում, պատմաբանները չեն կարող քննարկել այդ հարցը այդ տեսանկյունից»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play