ՀՀ ԱՎԾ ՏԱՐԵԳԻՐՔ 2011-2012թթ. ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը


ՀՀ ԱՎԾ ՏԱՐԵԳԻՐՔ 2011-2012թթ. ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը

  • 03-05-2013 11:11:40   | Հայաստան  |  Վերլուծություն

 

 

ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2010-2011թթ.՝ ըստ հիմնական ապրանքախմբերի

ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն, 2010թ. դրությամբ ՀՀ ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ $4.8 մլրդ, որի զգալի մասը՝ $3.7 մլրդ, բաժին է ընկնում ներմուծմանը, իսկ արտահանումը կազմել է $1.041 մլրդ։ ՀՀ ընդհանուր արտահանման մեջ ԱՊՀ երկրներին բաժին է ընկել շուրջ $200 մլն, իսկ մնացյալ երկրներին՝ արտահանման մեծամասնությունը՝ $842 մլն (ՀՀ ԱՎԾ տեղեկատվությունում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն ըստ ապրանքախմբերի, ներկայացվում է, որպես կանոն, ԱՊՀ և այլ երկրներ դասակարգման միջոցով, ներկայացված չեն առանձին երկրները)։ Ինչ վերաբերում է ՀՀ ներմուծման ցուցանիշներին, ապա 2010թ. դրությամբ ՀՀ ներմուծման շուրջ $1.15 մլրդ-ն բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, իսկ առավել զգալի հատվածը՝ $2.6 մլրդ-ը՝ այլ երկրներին։

2011թ. ՀՀ ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ $5.4 մլրդ, որի զգալի հատվածը՝ $4.1, բաժին է ընկել ներմուծմանը. համապատասխանաբար արտահանման չափաբաժինը եղել է շուրջ $1.3 մլրդ։ 2011թ. դրությամբ ՀՀ ընդհանուր արտահանման մեջ ԱՊՀ անդամ երկրներին բաժին է ընկել շուրջ $270 մլն, այլ երկրներ արտահանվել են շուրջ $1.07 մլրդ-ի ապրանքախմբեր։ ՀՀ ներմուծման ցուցանիշներում ԱՊՀ երկրների մասնաբաժինը կազմել է $1.20 մլրդ, իսկ մնացյալ երկրներից ներմուծվել են ընդհանուր առմամբ $2.9 մլրդ ապրանքախմբեր։

2010թ. ՀՀ ընդհանուր արտահանման մեջ ($1.014 մլրդ), ըստ ապրանքախմբերի, զգալի է հատկապես հանքաքարի, խարամի և մոխրի ապրանքախմբի մասնաբաժինը, որը կազմում է շուրջ $230 մլն։ Ինչպես պատկերված է աղյուսակում, այս ապրանքախմբի մեծ մասը՝ գրեթր $229 մլն, բաժին է ընկնում այլ երկրներ կատեգորիային, իսկ ԱՊՀ երկրների պարագայում բավական ցածր ցուցանիշ է ներկայացվում։ Այս ապրանքախմբին հաջորդում է բնական կամ արհեստական մարգարտի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների ապրանքախումբը՝ $134 մլն։ Բավական բարձր է նաև սև մետաղների ապրանքախմբի մասնաբաժինը, որը կազմում է շուրջ $130 մլն։ Վերը նշված երկու ապրանքախմբերի դեպքում էլ դրանց գերակշիռ հատվածները կազմում են այլ երկրներկատեգորիայի մասնաբաժինը։

2011թ. դրությամբ ՀՀ ընդհանուր արտահանման ցուցանիշում, ըստ ապրանքախմբերի հաշվարկի, զգալի է առաջին հերթին հանքաքարի, խարամի և մոխրի ապրանքախմբի մասնաբաժինը՝ $287.4 մլն։ Ինչպես և նախորդ տարվա տվյալներում, 2011թ. դրությամբ նույնպես այս ապրանքախմբի ճնշող մեծամասնությունը՝ $287.3-ը, բաժին է ընկնում այլ երկրներ կատեգորիային։ Հաջորդաբար ընդհանուր արտահանման ցուցանիշում բարձր է նաև բնական կամ արհեստական մարգարտի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների ապրանքախմբի տեսակարար կշիռը՝ $196 մլն։ Այս ապրանքախմբի զգալի հատվածը՝ $167 մլն, կրկին բաժին է ընկել այլ երկրներ կատեգորիային։ Համեմատաբար բարձր է եղել նաև ոգելից և ոչ ոգելից ըմպելիք և քացախ ապրանքախմբերի մասնաբաժինը ՀՀ ընդհանուր արտահանման մեջ՝ $147 մլն։ Այս ապրանքախմբի մեծ մասը՝ $121 մլն, արտահանվել է ԱՊՀ երկրներ։ 2011թ. դրությամբ ՀՀ-ն արտահանել է $134 մլն սև մետաղներ, որոնք բաժին են ընկել միայն այլ երկրներ կատեգորիային։ Բարձր է նաև պղնձի և դրանից պատրաստված իրերի ապրանքախմբի արտահանման մասնաբաժինը՝ $120.5 մլն, որը գրեթե ամբողջությամբ կրկին արտահանվել է դեպի այլ երկրներ կատեգորիայի պետություններ։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՀՀ ներմուծման մեջ, ըստ ապրանքախմբերի հաշվարկի, առաջին հերթին զգալի է հանքային վառելանյութերի, նավթի ու նավթամթերքի, բիտումային միջոցների ու մոմանյութերի ապրանքախմբի մասնաբաժինը, որը 2010թ. գնահատականներով շուրջ $649 մլն էր։ Այդ ապրանքախմբի կեսից փոքր-ինչ ավելին ($342 մլն) ներմուծվել է ԱՊՀ երկրներից, իսկ մնացյալ $306.5 մլն-ը բաժին է ընկնում այլ երկրներ կատեգորիային։ ՀՀ ներմուծման ընդհանուր ցուցանիշում, ըստ հիմնական ապրանքախմբերի, զգալի է նաև միջուկային ռեակտորների, կաթսաների, սարքավորումների և մեխանիկական հարմարանքների, դրանց մասերի ապրանքախմբի բաժինը՝ $359 մլն։ Ընդ որում՝ այս ապրանքախմբի ճնշող մեծամասնությունը՝ շուրջ $317 մլն, կազմում է այլ երկրներ կատեգորիայի մասնաբաժինը, իսկ ԱՊՀ երկրներից ներմուծվել է ընդամենը $42.3 մլն այս տեսակի ապրանքախումբ։ Բավական բարձր են եղել ևս երկու ապրանքախմբերի՝ էլեկտրական մեքենաների, սարքավորումների, դրանց մասերի, ձայնագրող ապարատների և դրանց մասերի ու հարմարանքների, ինչպես և վերգետնյա տրանսպորտի միջոցների և դրանց մասերի ապրանքախմբերի ցուցանիշները, որոնք համապատասխանաբար կազմել են $292 և $246 մլն։ Ընդ որում, այս վերջին երկու ապրանքախմբերի պարագայում ևս ճնշող մեծամասնությունը բաժին է ընկել այլ երկրներ կատեգորիային։

2011թ. դրությամբ ՀՀ ընդհանուր ներմուծման ցուցանիշում ամենաբարձրը կրկին կազմել է հանքային վառելանյութերի, նավթի ու նավթամթերքի, բիտումային միջոցների ու մոմանյութերի ապրանքախմբի մասնաբաժինը՝ $806 մլն, որի $439 մլն-ը ներմուծվել է ԱՊՀ երկրներից, իսկ մնացյալ $367 մլն-ը բաժին է ընկնում այլ երկրներ կատեգորիային։ Բարձր է նաև միջուկային ռեակտորների, կաթսաների, սարքավորումների և մեխանիկական հարմարանքների, դրանց մասերի ապրանքախմբի բաժինը՝ $334 մլն, որի մեծ հատվածը՝ $298 մլն, բաժին է ընկել այլ երկրներ կատեգորիային։ Վերոնշյալ ապրանքամբխին բարձր ցուցանիշով հաջորդում է վերգետնյա տրանսպորտի միջոցների և դրանց մասերի ապրանքախումբը, որի չափաբաժինը կազմել է $313 մլն։ Այդ ցուցանիշի ճնշող մասը (շուրջ $281 մլն) ներմուծվել է այլ երկրներ կատեգորիայի պետություններից։ ՀՀ ներմուծման մեջ բարձր է եղել նաև էլեկտրական մեքենաների, սարքավորումների, դրանց մասերի, ձայնագրող ապարատների և դրանց մասերի ու հարմարանքների ապրանքախմբի մասնաբաժինը՝ $232 մլն։ Այս ապրանքախմբի մեծ մասը ($207մլն) բաժին է ընկնում այլ երկրներ կատեգորիային։

Աղյուսակ 1. 
ՀՀ արտահանումն ու ներմուծումը ըստ հիմնական ապրանքախմբերի, մլն $, 2010թ.

Աղբյուրը՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

ՀՀ արտահանումն ու ներմուծումն ըստ հիմնական գործընկեր երկրների, մլն $, 2010-2011թթ.

ՀՀ ԱՎԾ-ն տվյալներ է տրամադրում ՀՀ արտահանման ու ներմուծման ցուցանիշներում ՀՀ հիմնական գործընկեր երկրների ցուցանիշների ու տեսակարար կշիռների վերաբերյալ։ Ինչպես ներկայացված է Աղյուսակ 2-ում, 2010թ. վիճակագրությամբ ՀՀ արտահանման ցուցանիշում, ըստ հիմնական գործընկեր երկրների, բարձրագույն ցուցանիշը պատկանում է ԵՄ երկրներին՝ ՀՀ ընդհանուր արտահանման գրեթե կեսը՝ $501 մլն։ ԵՄ երկրներից բարձր ցուցանիշներով առավել աչքի են ընկել Բուլղարիան ու Գերմանիան՝ համապատասխանաբար $156.5 և $132.6 մլն, բարձր են եղել նաև Նիդեռլանդների ($98.6 մլն) և Բելգիայի ($72.4 մլն) ցուցանիշները։ ՀՀ արտահանման մասնաբաժնում ԵՄ երկրներին բարձր ցուցանիշով հաջորդում է այլ երկրներ կատեգորիան՝ $341 մլն։ Այլ երկրներկատեգորիայում, ըստ հիմնական գործընկեր երկրների, առավել բարձր ցուցանիշներ են արձանագրել հատկապես Իրանի Իսլամական Հանրապետությունը (շուրջ $85 մլն) և Միացյալ Նահանգները (շուրջ $83 մլն)։ Այդ երկու երկրներին բարձր ցուցանիշներով հաջորդում են Վրաստանը, ուր ՀՀ-ն արտահանել է շուրջ $49 մլն-ի ապրանքախմբեր, Չինաստանն ու Կանադան՝ համապատասխանաբար $31 և $30 մլն-ի։ ՀՀ արտահանման մեջ զգալի է նաև ԱՊՀ երկրների մասնաբաժինը՝ շուրջ $199 մլն։ Ընդ որում՝ ԱՊՀ երկրների մասնաբաժնի գերակշիռ հատվածը՝ $160 մլն, բաժին է ընկնում Ռուսաստանին։

Ներկայացնենք ըստ գործընկեր երկրների ՀՀ արտահանման վիճակագրության տվյալները 2011թ. դրությամբ։ 2011թ. ՀՀ-ն արտահանել է $1.334 մլրդ-ի ապրանքատեսակ, որի գրեթե կեսը՝ շուրջ $607 մլն, բաժին էր ընկնում ԵՄ երկրներին։ Եվրամիության երկրներից բարձր ցուցանիշներով առանձնացել են Գերմանիան և Բուլղարիան, որոնք 2011թ. ներմուծել են ՀՀ-ից համապատասխանաբար $158 և $152 մլն-ի ապրանքատեսակներ։ Բարձր են եղել նաև Նիդեռլանդների ($117 մլն), ինչպես նաև Իսպանիայի ($83 մլն) համապատասխան արդյունքները։ ԵՄ արտահանման ցուցանիշին հետևում է այլ երկրներ կատեգորիան. դեպի այլ երկրներ կատեգորիայի պետություններ ՀՀ արտահանումն ընդհանուր վերցրած հաշվվել է $459 մլն։ Այս կատեգորիայի պետություններից բարձր ցուցանիշներով առանձնացել են Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը 2011թ. ՀՀ-ից ներմուծել է շուրջ $106 մլն ապրանքատեսակ, Միացյալ Նահանգները, որի համապատասխան ցուցանիշը կազմել է $101 մլն։ Համեմատաբար բարձր են եղել նաև Կանադայի ($70 մլն) և Վրաստանի ($62 մլն) արդյունքները։

Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրներին, ապա 2011թ. ՀՀ-ից դեպի ԱՊՀ երկրներ արտահանվել է ընդհանուր առմամբ $268 մլն ապրանքատեսակ, որի ճնշող հատվածը՝ $222 մլն, բաժին է ընկել Ռուսաստանին։

Ինչ վերաբերում է 2010թ. ՀՀ ներմուծման վիճակագրությանը, ապա ի տարբերություն արտահանման ցուցանիշների, ներմուծման ոլորտում ամենաբարձր ցուցանիշը այլ երկրներ կատեգորիայի պարագայում է՝ գրեթե $1.6 մլրդ։ Այլ երկրներ կատեգորիային բարձր ցուցանիշով հաջորդում է ԱՊՀ երկրներ կատեգորիան, որտեղից ՀՀ ներմուծվել են $1.1 մլրդ-ի ապրանքատեսակներ։ ԱՊՀ երկրներկատեգորիային որոշակի տարբերությամբ զիջում է ԵՄ երկրների մասնաբաժինը՝ $1 մլրդ։

ԱՎԾ տվյալներից պարզվում է, որ ԱՊՀ երկրներից ՀՀ ներմուծման ցուցանիշի գերակշիռ հատվածը բաժին է ընկնում Ռուսաստանին ($835 մլն)։ ԱՊՀ երկրներից բարձր է նաև Ուկրաինայի մասնաբաժինը՝ շուրջ $230 մլն։ ԵՄ երկրներից ՀՀ ներմուծման մեջ առավել բարձր ցուցանիշներն ունեն Գերմանիան ($211 մլն), Իտալիան ($122 մլն) և Բուլղարիան ($112 մլն)։ Համեմատաբար բարձր են եղել նաև Ռումինիայի ($86 մլն), Ֆրանսիայի ($77 մլն) և Բելգիայի ($71 մլն) ցուցանիշները։ Այլ երկրներ կատեգորիայից ՀՀ ներմուծման ցուցանիշում բարձր արդյունքներով առանձնացել են Չինաստանը ($404 մլն), Թուրքիան ($210 մլն), Իրանը ($200 մլն), ինչպես նաև ԱՄՆ-ը՝ $111 մլն։ Համեմատաբար բարձր են եղել նաև Ճապոնիայի ($83 մլն), Կորեայի Հանրապետության ($73 մլն) և Շվեյցարիայի ($69 մլն) ցուցանիշները։

2011թ. ՀՀ-ն ներմուծել է ընդհանուր վերցրած $4.145 մլրդ-ի ապրանքատեսակ, որոնք գրեթե հավասարապես են բաշխվել՝ ըստ առանձնացված հիմնական կատեգորիաների։ Այսպես, 2011թ. դրությամբ, ԱՊՀ երկրներից ՀՀ ներմուծվել է ընդհանուր վերցրած $1.208 մլրդ-ի ապրանքատեսակ, Եվրամիության երկրներից՝ $1.167 մլրդ, իսկ այլ երկրներ կատեգորիայից՝ $1.768 մլրդ-ի ապրանքատեսակ։ Հարկ է նշել, որ ԱՊՀ երկրներից ներմուծված ապրանքատեսակների զգալի հատվածը բաժին է ընկնում Ռուսաստանին ($890 մլն), համեմատաբար բարձր է եղել նաև Ուկրաինայի ցուցանիշը՝ $232 մլն։ ԵՄ երկրներից բարձր ցուցանիշներով առանձնացել են Գերմանիան ($245 մլն), Իտալիան ($170 մլն), ինչպես նաև Բուլղարիան ($102 մլն)։ Ինչ վերաբերում է այլ երկրներ կատեգորիայի երկրներին, ապա այստեղ բարձր են եղել Չինաստանի ($404 մլն), Թուրքիայի ($240 մլն), Իրանի ($217 մլն) և ԱՄՆ ($147 մլն) ցուցանիշները։

Աղյուսակ 2. 
ՀՀ արտահանումն ու ներմուծումն ըստ երկրների, մլն $, 2010թ. 

Աղբյուրը՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

 

Աղյուսակ 3. 
ՀՀ արտահանումն ու ներմուծումն ըստ երկրների, մլն $, 2011թ.

Աղբյուրը՝ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

Հիմնական գործընկեր երկրների տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունում, %, 2010-2011թթ.

Ինչպես պատկերված է Աղյուսակ 4-ում, 2010թ. վիճակագրությամբ ՀՀ արտահանման մեջ հիմնական գործընկեր երկրներից բարձր տեսակարար կշիռներով առանձնանում են Ռուսաստանն ու Բուլղարիան՝ համապատասխանաբար 15.4 և 15%։ ՀՀ արտահանման մեջ համեմատաբար բարձր տեսակարար կշիռ են ունեցել նաև Գերմանիան (12.7%), Նիդեռլանդները (9.5%), Իրանի Իսլամական Հանրապետությունն (8.1%) ու ԱՄՆ-ը (7.9%)՝ համապատասխանաբար բարձրագույն՝ 1-6 դիրքերը ՀՀ արտահանման մեջ հիմնական գործընկեր երկրների աստիճանակարգում։

ՀՀ ներմուծման ցուցանիշում առաջատար հիմնական գործընկեր երկրներից առանձնանում են Ռուսաստանը, որի տեսակարար կշիռը անհամեմատ բարձր է եղել այլ երկրների համեմատ (22.3%), Չինաստանը (10.8%)։ ՀՀ ներմուծման մեջ տեսակարար բարձր կշռով հաջորդում են Ուկրաինան (6.1%), Գերմանիան ու Թուրքիան՝ 5.6%-ական, ինչպես նաև Իրանը՝ 5.3%։

Աղյուսակ 4. 
Հիմնական գործընկեր երկրների տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունում, %, 2010թ.

Աղբյուրը՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

2011թ. վիճակագրության համաձայն ՀՀ արտահանման մեջ հիմնական գործընկեր երկրների մեջ համեմատաբար բարձր ցուցանիշներ են արձանագրել Ռուսաստանն ու Գերմանիան՝ համապատասնաբար 16.7 և 11.8%։ Ի տարբերություն 2010թ. վիճակագրության, երբ ՀՀ արտահանման մեջ բարձր տեսակարար կշռով 2-րդ դիրքում էր Բուլղարիան՝ 11.4%, 2011թ. վերջինս զիջել է դիրքը Գերմանիային և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը (11.4%)։ 2011թ. դրությամբ ՀՀ արտահանման մեջ 4-6 տեղերը պահպանել են Նիդեռլանդները, Իրանն ու Միացյալ Նահանգները։ 2011թ. վիճակագրությունում Բելգիան եզրափակել է ՀՀ արտահանման մեջ հիմնական գործընկեր երկրների ութնյակը՝ 7-րդ հորիզոնականը զիջելով Իսպանիային՝ 6,2%։ 2010թ. լավագույն ութնյակը եզրափակած Վրաստանը 2011թ. վիճակագրությամբ դուրս է մնացել ութնյակից և զբաղեցնում է 10-րդ դիրքը՝ 4.6%։

Աղյուսակ 5. 
Հիմնական գործընկեր երկրների տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունում, %, 2011թ.

Աղբյուրը՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

Ինչ վերաբերում է ՀՀ ներմուծման ցուցանիշներին ըստ հիմնական գործընկերների տեսակարար կշռի արդյունքների, ապա այստեղ 1-2 հորիզոնականները պահպանել են Ռուսաստանն ու Չինաստանը։ Ուկրաինան, որը 2010թ. գտնվում էր 3-րդ դիրքում, 2011թ. տվյալներով զիջել է դիրքերը Գերմանիային ու Թուրքիային՝ 5.6% տեսակարար կշռով զբաղեցնելով միայն 5-րդ հորիզոնականը։ Իրանն ու ԱՄՆ-ը պահպանել են նախորդ դիրքային արդյունքները և կրկին գտնվում են 6 և 7-րդ դիրքերում։ 2010թ. առաջատար ութնյակը եզրափակող Բուլղարիան 2011թ. վիճակագրությամբ տեղը զիջել է Միացյալ Նահանգներին՝ 2.5% տեսակարար կշռով գտնվելով 10-րդ դիրքում։

Գրաֆիկ 1. 
Հիմնական գործընկեր երկրների տեսակարար կշիռը ՀՀ արտահանման մեջ, %, 2010թ.1


Գրաֆիկ 2. 
Հիմնական գործընկեր երկրների տեսակարար կշիռը ՀՀ արտահանման մեջ, %, 2010-2011թթ.

Գրաֆիկ 3. 
Հիմնական գործընկեր երկրների տեսակարար կշիռը ՀՀ ներմուծման մեջ, %, 2010թ.

Գրաֆիկ 4. 
Հիմնական գործընկեր երկրների տեսակարար կշիռը ՀՀ ներմուծման մեջ, %, 2010-2011թթ.

 

1 Գրաֆիկները կազմվել են ՀՀ ԱՎԾ Տարեգրքի վիճակագրական տվյալների հիման վրա

Կարեն Վերանյան 
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն