Հայաստանը մասնակցեց Դուբայի ամենամյա ներդրումային համաժողովին


Հայաստանը մասնակցեց Դուբայի ամենամյա ներդրումային համաժողովին

  • 06-05-2013 17:44:59   | ԱՄԷ  |  Տնտեսություն

Ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության եւ Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ ՀՀ պաշտոնական պատվիրակությունը եւ մոտ տասը հայկական մասնավոր ընկերություններ մասնակցեցին Դուբայի Ամենամյա ներդրումային երրորդ համաժողովին (Annual Investment Meeting, Dubai-2013):

ՀՀ պաշտոնական պատվիրակության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը համաժողովի շրջանակներում հանդիպում ունեցավ ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան բին Սաիդ ալ-Մանսուրի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ առեւտրա-տնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր, մասնավորապես հայկական՝ արտադրատեսակների՝ ԱՄԷ արտահանման ծավալների մեծացման հնարավորությունները:

Համաժողովին զուգահեռ բացվեց նաեւ ցուցահանդես: Հայկական տաղավարում ներկայացվեցին արտահանման ներուժ ունեցող հայկական ընկերությունների արտադրատեսակները: Մայիսի 2-ին տեղի ունեցավ Հայաստանին նվիրված շնորհանդեսը, որին ներկա էր ԱՄԷ զարգացման եւ միջազգային համագործակցության փոխնախարար Աբդալլահ ալ-Սալեհին: Շնորհանդեսից հետո փոխնախարար ալ-Սալեհին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի ուղեկցությամբ այցելեց հայկական տաղավար:
 
Նշյալ միջոցառումների շրջանակներում տեղի ունեցան բազմաթիվ գործարար հանդիպումներ եւ ձեռք բերվեցին համագործակցության շուրջ պայմանավորվածություններ, ինչպես նաեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ հայկական եւ օտարերկրյա մասնավոր ընկերությունների միջեւ:
 
Դեսպան Ղարիբջանյանը հանդիպում ունեցավ նաեւ համաժողովին մասնակցելու նպատակով Դուբայ ժամանած Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանի գլխավորած պատվիրակության անդամների հետ:
 
Տեղեկանք. Դուբայի Ամենամյա ներդրումային համաժողովը տեղի ունեցավ ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ եւ Դուբայի էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ Մաքթումի հովանավորությամբ: Համաժողովին մասնակցեց 80 երկիր եւ հետեւյալ ոլորտները ներկայացնող 220 ներդրումային ընկերություն՝ գյուղատնտեսություն, սննդի վերամշակում, արդյունաբերություն, էներգետիկա, քիմիական արդյունաբերություն, բանկային եւ ֆինանսական ապահովագրություն, զբոսաշրջություն, հեռահաղորդակցություն, շինարարություն, անշարժ գույքի առք եւ վաճառք, հանքարդյունաբերություն, իրավաբանական խորհրդատվություն եւ այլն:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play