ԿԲ-ն հետեւողական է կենսաթոշակառուների պատշաճ սպասարկումն ապահովելու հարցում


ԿԲ-ն հետեւողական է կենսաթոշակառուների պատշաճ սպասարկումն ապահովելու հարցում

  • 14-02-2011 19:27:06   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2011 թ.-ից Հայաստանի Հանրապետությունում գործում է ֆինանսական համակարգի միջոցով կենսաթոշակների վճարման նոր ընթացակարգ, որն իրականացվում է ՀՀ տարածքում գործող բանկերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով: Ներկայումս տվյալ գործընթացին մասնակցում են ՀՀ տարածքում գործող 15 առեւտրային բանկեր («Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Արարատբանկ» ԲԲԸ, «Անելիքբանկ» ՓԲԸ, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Պրոմեթեյբանկ» ՍՊԸ, «ԲՏԱ բանկ» ՓԲԸ, «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ, «Կոնվերս բանկ» ՓԲԸ, «ԱԿԲԱ-Կրեդիտ-Ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Արցախբանկ» ՓԲԸ, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ, «Յունիբանկ» ՓԲԸ, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, «Մելլաթբանկ» ՓԲԸ) եւ 6 ոչ բանկ վճարահաշվարկային կազմակերպություն («Ադալեւ Ռիա» ՍՊԸ, «Ի-դրամ» ՍՊԸ, «ԿՎԱԴՐԱԿՈՄ» ՍՊԸ, «Դեպի տուն» ՍՊԸ, «ՄԵԳԱ ՊԱՆՏԵՐԱ» ՍՊԸ, «Հայփոստ» ՓԲԸ): Համաձայն նոր կարգի, յուրաքանքանչյուր կենսաթոշակառու ինքնուրույն է որոշում, թե ինչպես է ցանկանում ստանալ իր թոշակը` կանխիկ եղանակով փոստատարի կամ առաքիչի միջոցով, թե անկանխիկ` իր կողմից ընտրած բանկում հաշիվ բացելու միջոցով: Ընդ որում, այդ նպատակով բացված բանկային հաշվի բացումը, վարումը եւ սպասարկումն իրականացվում են անվճար: Հաշվի առնելով, որ կենսաթոշակառուն կարող է բացել բանկում կենսաթոշակի համար նախատեսված բանկային հաշիվ, բանկերի կողմից առաջարկվում են նաեւ վճարային քարտեր: Բանկային հաշվին կցված վճարային քարտը նույնպես տրամադրվում եւ սպասարկվում է անվճար, բացառությամբ այլ բանկերին պատկանող բանկոմատներից դրամական միջոցներ ստանալու գործարքից: Ինչպես տեղեկացնում է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, կենսաթոշակը բանկային հաշվով կամ վճարահաշվարկային կազմակերպության միջոցով ստանալու համար կենսաթոշակառուն կարող է այցելել իր բնակության վայրին մոտ գտնվող, վերը ներկայացված ցանկում ներառված որեւէ բանկ, բանկի մասնաճյուղ կամ վճարահաշվարկային կազմակերպություն, լրացնի կենսաթոշակի համար նախատեսված բանկային հաշվի բացման կամ կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարման դիմում: Ընդ որում, կանխիկ եղանակով կենսաթոշակը ստանալու դեպքում, դիմումում նշում է, թե ինչպես է ցանկանում ստանալ իր թոշակը` անձամբ այցելելով տվյալ վճարահաշվարկային կազմակերպության գրասենյակ, թե առաքիչի կամ փոստատարի կողմից տուն հասցնելու միջոցով: Միաժամանակ կենսաթոշակառուն ներկայացնում է իր անձնագիրը կամ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված անձը հաստատող այլ փաստաթուղթ, կենսաթոշակային գրքույկ եւ սոցիալական քարտ: Անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի վավեր լինելու պայմանը պարտադիր է: Այնուհետեւ բանկի կողմից կենսաթոշակառուին է տրամադրվում բանկային հաշվի համարը, իսկ կանխիկ եղանակով ստանալու դեպքում` վճարահաշվարկային կազմակերպության կողմից լրացված տեղեկանք, որը կենսաթոշակառուն պետք է ներկայացնի ՀՀ սոցիալական հարցերի նախարարության իր բնակավայրի սպասարկումը իրականացնող կենսաթոշակների նշանակման ստորաբաժանում` այսուհետ կենսաթոշակը տվյալ բանկային հաշվին փոխանցելու կամ տվյալ վճարահաշվարկային կազմակերպության միջոցով ստանալու նպատակով: Հաշվի առնելով սույն ընթացակարգի կարեւորությունը եւ արդիականությունը, ՀՀ կենտրոնական բանկը հետեւողական է լինելու իր կողմից լիցենզավորված սուբյեկտների կողմից տվյալ գործընթացի սահուն եւ անխոչընդոտ իրականացման ապահովման ուղղությամբ` առողջ մրցակցային պայմանների ստեղծման եւ կենսաթոշակառուների պատշաճ սպասարկումն ապահովելու նպատակով:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play