Օմանի դեսպանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի
արտգործնախարարին
14-02-2011 16:28:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 14-ին ՀՀ
արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Օմանի դեսպան Մուհամադ
բին Աուադ Ալ-Հոսանին (Mouhammad bin Awad al-Hosan, նստավայրը`
Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Է.Նալբանդյանը շնորհավորեց նրան Հայաստանում դեսպան
նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ դեսպան բին Աուադ
Ալ-Հոսանին իր նշանակալի ներդրումը կունենա երկկողմ
հարաբերությունների առավել զարգացման գործում: Նախարարը նշեց, որ
ինքը եղել է առաջին հայ բարձրաստիճան պաշտոնյան, ով այցելել է Օման
որպես ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ դեռեւս 1993-ին:
Անդրադառնալով արաբական պետությունների հետ Հայաստանի ավանդական
ջերմ եւ բարեկամական հարաբերություններին, Է.Նալբանդյանը ընդգծեց
դրանց առավել զարգացման եւ ընդլայնման կարեւորությունը: Այդ
ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ միայն անցյալ
տարի արաբական երկրներում Հայաստանը երկու դիվանագիտական
ներկայացուցչություն է հիմնել:
Օմանի դեսպանը վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկու
երկրների միջեւ տարբեր բնագավառներում համագործակցության
ամրապնդման համար:
Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության
վարչությունից, հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան միջազգային
կազմակերպություններում երկու պետությունների համագործակցության
հարցին, մտքեր փոխանակեցին մերձավորարեւելյան խնդիրների շուրջ: