Յուրաքանչյուր ժողովուրդ ինքն է կերտում իր ճակատագիրը<br />


Յուրաքանչյուր ժողովուրդ ինքն է կերտում իր ճակատագիրը

  • 14-02-2011 15:16:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը փետրվարի 14-ի հայտարարությամբ շնորհավորել է Եգիպտոսի ժողովրդին` երկրում 30 տարի գոյություն ունեցող բռնապետական ռեժիմը տապալելու կապակցությամբ: «Եգիպտոսի իշխող ռեժիմը գտնվելով հոգեւարքի մեջ, ոստիկանական հատուկ ստորաբաժանումների եւ օլիգարխների բանդաների օգնությամբ, քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու միջոցով փորձեց կոտրել ժողովրդի կամքը եւ լռեցնել ցասման պոռթկումը: Ստանալով արժանի հակահարված, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց: Արդար, արժանապատիվ եւ բարեկեցիկ ապագա ստեղծելու համար Եգիպտոսի ժողովուրդը, ինչպես ցանկացած ազատատենչ ժողովուրդ, պետք է ցուցաբերի հավաքական կամք եւ նվիրում կերտելու այն երկիրը, որը յուրաքանչյուր Քաղաքացու մտքում, հոգում եւ սրտում է: Բռնապետական, ոստիկանական կառավարման համակարգերը այլեւս սպառել են իրենց եւ բռնապետների տապալումը, ինչ դիմակով էլ նրանք փորձեն ներկայանալ աշխարհին, դառնում է օրվա հրամայական եւ պահանջ ոչ միայն տվյալ երկրների ժողովուրդների, այլ նաեւ այդ բռնակալների տերերի համար: Նրանք ավելորդ են դառնում կույրաղիքի նման եւ վաղ թե ուշ հայտնվելու են լավագույն դեպքում կամ քաղաքական աղբանոցում կամ ճաղերի հետեւում: Ղրղզստանում, Թունիսում եւ Եգիպտոսում տեղի ունեցած ժողովրդական ընդվզումները վերաճելով քաղաքացիական անհնազանդության, տապալեցին բռնապետական, հակաժողովրդական, հակամարդկային ռեժիմները: Ընդ որում, այդ հեղափոխությունները տեղի ունեցան ո'չ համապետական ընտրությունների ժամանակ, ո'չ էլ ընտրություններին նախորդող կամ հաջորդած ժամանակահատվածում, ինչը հայաստանյան քաղաքական ընդդիմությունը ներկայացնող ղեկավարների մեծ մասի համար պետք է որ խորհելու առիթ դառնա: Երեկ Արցախյան Ազատամարտում հայ ժողովուրդը իր լավագույն զավակների զոհողությունների, միակամության եւ նվիրումի գնով, ազատագրելով Արցախ Աշխարհի մի մասը արտաքին թշնամուց` ժողովուրդների համար բանտ հանդիսացող Ադրբեջան կոչվող պետությունից, այսօր պետք է ազատագրվի հայ մարդու արժանապատվությունը նվաստացնող, ոտնահարող եւ հարստահարող, Հայոց պետականությունն ուղղակի վտանգող հակահայ ռեժիմից: Յուրաքանչյուր ժողովուրդ ինքն է կերտում իր ճակատագիրը»,- ասված է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի փետրվարի 14-ի հայտարարությունում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play