Կայացել է «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական<br /> նիստը<br />


Կայացել է «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական
նիստը

  • 11-02-2011 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպության կառավարման խորհրդի փետրվարի 11-ի նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, օրակարգի առաջին հարցով ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը ներկայացրել է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի փակման պլանի վերջնական տարբերակը, որը վերանայվել եւ լրամշակվել էր ծրագրի ինչպես ամերիկյան, այնպես էլ հայաստանյան ղեկավարների ու մասնագետների կողմից: Խորհուրդը հաստատել է ծրագրի փակման պլանի վերջնական տարբերակը եւ հանձնարարել ՀՀ Արդարադատության նախարարությանը տրամադրել համապատասխան իրավական կարծիք: Կառավարման խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի գնումների վերանայված պլանը, ինչպես նաեւ Ոռոգման ենթակառուցվածքների բաղադրիչի շրջանակներում կնքված երրորդ կարգի ջրանցքների կառուցման Երկրորդ փաթեթի Լոտ 2-ի, ինչպես նաեւ 17 պոմպակայանների վերականգնման պայմանագրերի փոփոխությունների նախագծերը: Հավանության են արժանացել Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի շրջանակում կնքված ծանր տեխնիկայի ձեռքբերման եւ «Ոռոգման կառավարման կազմակերպությունների կարողությունների ամրապնդում» պայմանագրերի փոփոխությունների նախագծերը: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, խորհուրդը հաստատվել է Արարատյան դաշտի դրենաժային համակարգի վերականգնման պայմանագրի փոփոխության նախագիծը: Խորհուրդը հավանություն է տվել հանրային իրազեկման գործընթացի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն