«ART EXPO-2011»-ը ավելի լայնածավալ է ներկայացնում<br /> պատմամշակութային ժառանգության ոլորտը<br />


«ART EXPO-2011»-ը ավելի լայնածավալ է ներկայացնում
պատմամշակութային ժառանգության ոլորտը

  • 11-02-2011 17:28:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նախորդ տարիներից այս ցուցադրությունը տարբերվում է նրանով, որ նկատելի է մրցակցության աճ եւ ձգտում հասնել ավելի բարձր նշաձողի: Փետրվարի 11-ին «ART EXPO-2011» արվեստների ցուցահանդեսի բացմանը այս մասին նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նախարարի գնահատմամբ, այս ցուցադրությունը նախորդներից առանձնանում է հատկապես նրանով, որ ավելի հստակ, ավելի լայնածավալ է ներկայացնում պատմամշակութային ժառանգության ոլորտը: Ինչպես նշեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը, «Ոսկե ծիրան»-ի նոր ծրագիրը շատ հագեցած է, բացի հիմնական ծրագրերից, երիտասարդ կինեմատոգրաֆիստներին առաջարկվել է «նոր կինո, նոր շունչ» բերել փառատոնին: Ներկայումս աշխատանքներ են տարվում «Նոր հայացք» ծրագրի իրականացման ուղղությամբ: Նախատեսվում է լատինաամերիկյան եւ իտալական ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրություն: Փառատոնի շրջանակներում նշվելու են հայազգի նշանավոր կինոգործիչների` Ռոման Բալայանի, Էդմոնդ Քեոսայանի, Դմիտրի Կեսայանցի, հոբելյանները` նրանց կինոնկարների ռետրոսպեկտիվ ցուցադրությամբ: Շուրջ մեկ տարվա պատմություն ունեցող «Ռոբերտ Սահակյանց» ստուդիայի հիմնադիրներից մեկը, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը հայտնեց, որ Ազգային կինոկենտրոնի հետ համատեղ 80-րոպեանոց մուլտֆիլմ-հեքիաթ է նկարահանվում Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի մոտիվներով: «Անիմացիան փորձում ենք անել մաքսիմալ հարուստ, մաքսիմալ դինամիկ, մաքսիմալ հետաքրքիր նախ երեխաների համար: Չենք մոռանում նաեւ մեծատասակներին` ֆիլմում տեսարաններ կլինեն, որոնք հետաքրքիր կլինեն նրանց համար»,- ասաց ռեժիսորը: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը նշեց, որ առաջին անգամ հայկական կինոարտադրության պատմության մեջ մտադիր են երկու հայկական ֆիլմ ներկայացնել Կաննի կինովառատոնին: Դրանք Արամ Սուքիասյանի «Լուսապսակ» եւ Արտակ Իգիթյանի «Վանա լճի լուսաբացը» ֆիլմերն են: Կինոկենտրոնի տնօրենը գոհունակություն հայտնեց, որ եթե նախկինում տարեկան ընդամենը մեկ ֆիլմ էր նկարահանվում, ապա ներկայումս տարեկան նկարահանվում են 7-ը: Միայն 2010թ. 14 հայկական ֆիլմ մասնակցել է 30-ից ավելի փառատոների, բազում մրցանակներ ստացել: Հայաստանի Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ եւ «Էքսպոմեդիա» կենտրոնի կողմից կազմակերպված ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 50 պետական եւ հասարակական մշակութային կազմակերպություններ` թանգարաններ, ցուցասրահներ, թատերական, համերագային կազմակերպություններ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play