ՕԵԿ-ը պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, իսկ ԲՀԿ-ն առայժմ լռում է


ՕԵԿ-ը պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, իսկ ԲՀԿ-ն առայժմ լռում է

  • 11-02-2011 15:15:46   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 11-ին տեղի կունենա քաղաքական կոալիցիայի` Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց Երկիր» կուսակցությունների, նիստ: Այս մասին նույն օրը կայացած խորհրդարանական ճեպազրույցում հայտնել է Ազգային ժողովի «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա նաեւ հաստատել է, որ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ օրերս կայացել է կոալիցիայի միասնական նիստ, որում «նախագահն առաջարկել է, որ քաղաքական ուժերը միասնական հայտարարություն ամրագրեն եւ գնան առաջ` կապված առաջիկա աշխատանքների հետ»: Ըստ Հ.Բիշարյանի, հայտարարության մի կետով առաջարկվում, որ կոալիցիոն ուժերն առանձին-առանձին առաջ գնան, բայց միասնական քաղաքականության շրջանակներում: Երկրորդ կետով առաջարկվում է 2013թ.-ի նախագահական ընտրություններում սատարել Հայաստանի գործող նախագահի թեկնածությունը: «Ես կարծում եմ, որ սա շատ պարզ հայտարարություն է, եւ նրանք, ովքեր որդեգրել են սկզբունքներ` գնալու այս ճանապարհը, պարզապես պարտավոր են այդ մասին ասել, իսկ նրանք, ովքեր չունեն կոնկրետ որոշումներ կամ չեն ուզում հստակեցնել իրենց ճանապարհը, դա իրենց խնդիրն է», -հայտարարել է Հ.Բիշարյանը: Նա կոռեկտ չի համարել մեկնաբանել «Բարգավաճ Հայաստան»-ի պատասխանի ուշացումը: Ի պատասխան հարցին, թե 2013-ին պաշտպանելով Սերժ Սարգսյանի թեկնածությունը, արդյոք ՕԵԿ-ը չի դառնում կցորդ, խմբակցության ղեկավարը վստահեցրել է. «ՕԵԿ-ը կցորդ լինել չի կարող, ցավ եմ ապրում, որ բոլորն այդպիսի երազախաբությամբ են զբաղված»` հավելելով, որ «այդպիսի ցանկությունները չարության հիմք ունեն»: Ի տարբերություն Հ.Բիշարյանի, նրա քաղաքական գործընկեր` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ կոալիցիայի այսօր կայանալիք նիստի մասին անտեղյակ է. « Ես հետախույզ չեմ, որ իմանամ, թե որտեղ` ինչ է տեղի ունենում»: Կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու դեպքում ներքաղաքական ճգնաժամ առաջանալու հավանականության վերաբերյալ հարցին ի պատասխան իշխող մեծամասնության ներկայացուցիչը վստահեցրել է, որ «կուսակցությունները ժամանակավոր բան են, ազգը` հարատեւ»` խորհուրդ տալով այդքան մեծ ուշադրություն չդարձնել կուսակցությունների վրա: Ի դեպ` լրագրողները ԲՀԿ-ի դիրքորոշումն իմանալու հնարավորություն չունեցան. խմբակցության ներկայացուցիչները ճեպազրույցին չմասնակցեցին: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին կայանալու է ԲՀԿ համագումարը:
Նոյյան տապան  -   Քաղաքական