ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ
ԵՒ ԱՊԱԳԱՅ ԱՆՈՐՈՇՈՒԹԻՒՆՆԵՐԸ.
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔՈՒՄ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ
25-05-2013 16:28:27 | Սիրիա | Վերլուծություն
Վերջին տարիների ընթացքում Օքսֆորտի համալսարանի Արեւելագիտութեան բաժնի Հայագիտութեան ամպիոնը կազմակերպում է բազմաթիւ սեմինարներ եւ դասախօսութիւններ, որոնք նուիրուած են հայ ժողովրդի պատմութեան եւ մշակոյթի զանազան հարցերի քննարկմանն ու ուսումնասիրութեանը: Այս տարի նոյնպէս մի շարք հանդիպումներ եւ յիշարժան իրադարձութիւններ տեղի ունեցան, որոնց թւում կարելի է նշել Սփիւռքում հայապահպանութեան հարցերին նուիրուած՝ Օքսֆորտի համալսարանի դասախօս, հասարակական գիտութիւնների դոկտոր Հրաչ Չիլինկիրեանի սեմինար-դասախօսութիւնների շարքը, Գրիգոր Մագիստրոսի եւ Գրիգոր Նարեկացու գրական ժառանգութեան վերաբերեալ դասախօսութիւնները, Օքսֆորտում առաջին հայկական պատարագի մատուցումը եւ այլն:
Ուսումնական տարուայ վերջին միջոցառումների շարքը բացուեց Դոկտ. Հրաչ Չիլինկիրեանի դասախօսութեամբ, որի վերնագիրն էր՝ «Տարածաշրջանային հակամարտութիւնները եւ ապագայ անորոշութիւնները. Սփիւռքահայ համայնքները Ժամանակակից Միջին Արեւելքում»: Այս դասախօսութիւնը արծարծեց մի շարք կարեւոր հարցեր, որոնք վերաբերում էին հայկական համայնքների ներկայ խնդիրներին, ինչպէս նաեւ նրանց ապագային:
Դասախօսութեան ներածական մասում Դոկտ. Չիլինկիրեանը ներկայացրեց մի շատ հետաքրքիր քարտէզ, որը պատկերում էր հայկական մեծ համայնքային կենտրոնները Միջին Արեւելքում: Դրանց մեծ մասը հիմնուել է 1915 թ.-ին Ցեղասպանութիւնից փրկուած Հայերի կողմից, սակայն նրանց թւում կան նաեւ այնպիսի համայնքներ, օրինակ` Եղուսաղէմի հայ համայնքը, որի արմատները հասնում են Ա. դար: Ուշագրաւ է այն փաստը, որ դրանք բոլորը գտնւում են քաղաքականապէս ոչ կայուն գօտում` Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Պաղեստինում եւ այլն, եւ շատ ու շատ մարդիկ, ինչպէս օրինակ բազմաթիւ Սիրիահայեր, այժմ կանգնած են լուրջ փորձութիւնների առջեւ, որոնք իրենց հերթին վտանգ են հանդիսանում հայկական համայնքների յետագայ գոյատեւման համար: Տարածաշրջանը կարեւոր է նաեւ նրանով, որ այստեղ են գտնւում Հայ Առաքելական Եկեղեցու չորս պատրիարքական աթոռներից երեքը` Հայոց Մեծի Տան Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը Անթիլիասում, Եղուսաղէմի եւ Կոնստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութիւնները: Սրա հետ մէկտեղ, այստեղ են գործում Հայ Կաթողիկ Եկեղեցու Պատրիարքութիւնն ու Հայ Աւետարանական Եկեղեցիների միութիւնը:
Այս պահին հայկական համայնքներ կան Միջին Արեւելքի 10 երկրներում` Իրանում, Լիբանանում, Սիրիայում, Թուրքիայում, Եգիպտոսում, Իրաքում, Իսրայէլա-պաղեստինեան տարածքներում, Քուէյթում, Յորդանանում եւ Միացեալ Արաբական Էմիրութիւններում: Դոկտ. Չիլինկիրեանի ուսումնասիրած տուեալների համաձայն՝ այս երկրներում ապրող Հայերի թիւը` 1975 թ.-ին, կազմում էր մօտ 625 հազար մարդ, սակայն վերջին տարիներին այն զգալիօրէն նուազել է` 2008 թ.-ին հասնելով մօտաւորապէս 320 հազարի, եւ այս տուեալները դեռ հաշուի չեն առնում վերջին տարիների բուռն իրադարձութիւնները Եգիպտոսում, Սիրիայում եւ Իրաքում, որոնք ստիպեցին բազմաթիւ հայ ընտանիքներին գաղթել այլ երկրներ: Իհարկէ, տարածաշրջանային քաղաքական լուրջ ճգնաժամը կարծես թէ հիմնական պատճառ պէտք է հանդիսանայ այս արտագաղթի համար, սակայն, ինչպէս նշեց Դոկտ. Չիլինկիրեանը, դա խնդրի միայն մէկ մասնիկն է կազմում, քանի որ զանազան ներհամայնքային, ինչպէս նաեւ արտաքին խնդիրներ անմիջականօրէն ազդում են այս իրավիճակի վրայ:
ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՒ ՀԱՐՑԵՐԸ
Ինչպէս ընդգծեց Դոկտ. Չիլինգիրեանը, ներքին խնդիրները սերտօրէն կապուած են երեք հաստատութիւնների հետ, որոնք հայ համայնքների պահպանութեան եւ զարգացման համար կարեւորագոյն դեր են խաղում: Առաջինը` դա անկասկած եկեղեցին է, որի շուրջ հիմնականում համախմբւում են համայնքները, եւ որը մի շարք երկրներում ներկայացնում է համայնքի շահերը քաղաքական եւ իրաւական դաշտերում: Երկրորդ հաստատութիւնը՝ հայկական դպրոցն է, որն զբաղւում է երիտասարդ սերունդների դաստիարակութեամբ եւ Հայոց լեզուի ու մշակոյթի պահպանմամբ: Եւ վերջինը՝ հայալեզու զանգուածային լրատւութեան միջոցներն են, որոնք իրազեկում են համայնքի ներկայացուցիչներին նրանց յուզող զանազան հարցերի շուրջ: Սակայն այս հաստատութիւններից իւրաքանչիւրն իր խնդիրներն ունի:
Եկեղեցին փորձում է դիմակայել 21րդ դարի հասարակական եւ քաղաքական փոփոխութիւններին, որոնք աւելի են սահմանափակում Եկեղեցու նշանակութիւնը այդ ասպարէզներում, եւ ժամանակ առ ժամանակ շահերի բախումներ են տեղի ունենում կրօնական եւ աշխարհիկ հաստատութիւնների միջեւ: Ամէն դէպքում, ներկայումս Եկեղեցին հանդիսանում է հայկական համայնքների կորիզը Միջին Արեւելքում եւ գործուն կերպով նպաստում է մշակութային ժառանգութեան պահպանմանը: Կարեւոր է նաեւ նշել, որ մինչեւ այժմ կրօնը հանդիսանում է այն մասնիկը, որով Հայերին տարանջատում են մնացած փոքրամասնութիւններից, եւ որը ընդգծում է Հայերի ինքնութիւնը մահմեդական երկրներում:
Հայկական դպրոցների խնդիրները եւս բազմաթիւ են: Հայ բնակչութեան թուի նուազման արդիւնքում դպրոցների թիւը նոյնպէս նուազել է: Կարեւորագոյն հանգամանքներից մէկը այն է, որ շատ դպրոցներ դժուարանում են տալ երեխաներին բարձրակարգ գիտելիքներ, որոնցով նրանք կը կարողանան ընդունուել բարձրագոյն ուսումնական հաստատութիւններ տուեալ երկրներում: Զգացւում է նաեւ մասնագէտների, դասագրքերի ու համապատասխան յարմարութիւնների պակաս:
Հայալեզու մամուլը, որը հիմնականում ներկայացնում է հայկական քաղաքական կուսակցութիւնների տեսանկիւնները, եւս ճգնաժամ է ապրում: Պատճառներից մէկն այն է, որ հայերէն կարդացողների, ինչպէս նաեւ լրագրողների թիւը զգալիօրէն նուազել է: Տնտեսական հարցերը եւս կարեւոր են, քանզի ոչ մի պարբերական ֆինանսապէս շահաւէտ չէ. գուցէ բացառութիւն է կազմում Պոլսոյ «Ակօս» շաբաթաթերթը, որի ընթերցողների մեծամասնութիւնը թուրք մահմեդականներն են, եւ որը դիտւում է որպէս Թուրքիայում ժողովրդավարութիւն քարոզող մի մարմին:
ԱՐՏԱՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՒ ՀԱՐՑԵՐԸ
Տարածաշրջանի ընդհանուր անկայուն ընկերա-քաղաքական եւ տնտեսական վիճակը էական խնդիր է հանդիսանում հայկական համայնքների բարգաւաճման համար: Տարբեր պատերազմական իրադարձութիւնները ստեղծում են անվտանգութեան լուրջ խնդիրներ եւ վտանգում են համայնքների ֆիզիկական գոյատեւումը, որի արդիւնքում բազմաթիւ հայ գործարարներ ու զանազան բնագաւառների մասնագէտներ ստիպուած են լինում լքել միջին արեւելեան երկրները: Վերջին տարիների իսլամիստական ծայրայեղականների թուի եւ ազդեցութեան աճը աւելի է բարդացրել այս իրավիճակը, քանի որ պետութիւնը դժուարանում է լիովին ապահովել քրիստոնեայ բնակչութեան անվտանգութիւնը:
Ինչպէս նշեց Դոկտ. Չիլինկիրեանը, առաջնային խնդիր է նաեւ այն, որ որոշ երկրներում պետութիւնը ուղղակիօրէն ձեւաւորում է հայկական դպրոցների ուսումնական ծրագրերը, որի արդիւնքում Հայոց լեզուի, կրօնի եւ պատմութեան ուսումնասիրութեանը շատ քիչ ժամեր են յատկացւում:
Շատ երկրներ նոյնպէս սահմանափակումներ են մտցրել պետական եւ այլ կարեւոր հասարակական մարմիններում ոչ-մահմեդականների մասնակցութեան համար: Սա ամրագրուած է այդ պետութիւնների սահմանադրութեան մէջ եւ նպաստում է ազգային եւ կրօնական խտրականութեան տարածմանը, ինչի արդիւնքում՝ փոքրամասնութիւնների համարկումը, որը քարոզւում է պետական մարմինների կողմից, էլ աւելի անիրատեսական է դառնում:
ՎԵՐՋԱԲԱՆ
Աւարտելով իր դասախօսութիւնը՝ Դոկտ. Չիլինկիրեանն արտայայտեց իր մտավախութիւնը, որ միջին արեւելեան երկրների հայ համայնքների ապագան մնում է շատ անորոշ եւ տագնապալի: Ներքին խնդիրները եւ արտաքին բազմաթիւ ճնշումներն ու սահմանափակումները լուրջ վտանգ են հանդիսանում հայ համայնքների գոյատեւման համար, եւ այս իրավիճակը Ցեղասպանութիւնից մէկ դար յետոյ կարող է յանգեցնել տարածաշրջանում բազմադարեայ արմատներ ունեցող հայ համայնքների մշակութային ժառանգութեան կորստին: