Նարինե Դելլալյան. «Ապրել ու քեզնից հետո թողնել այն, ինչի համար եկել էիր այս աշխարհ»


Նարինե Դելլալյան. «Ապրել ու քեզնից հետո թողնել այն, ինչի համար եկել էիր այս աշխարհ»

  • 07-06-2013 17:42:26   |   |  Մշակույթ

 
Դուք տաղանդավոր եւ հայտնի հայ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի դուստրն եք եւ հետաքրքիր կլիներ մեր հարցազրույցը հենց այս կետից էլ սկսել. որքանո՞վ էր վճռորոշ նրա դերը արվեստի ճանապարհն ընտրելու հարցում եւ ինչպիսի՞ դեր խաղաց առհասարակ Ձեր ընտանիքը, որ մեկ անգամ նվիրվելով դասական երաժշտության աշխարհին, չլքեց այն այլեւս:
 
Երբ ծնվում է քույրս, հայրս նրա թաթիկները սահեցնում է դաշնամուրի ստեղների վրայով: Քույրս մեծացավ, դաշնակահար դարձավ: Երբ ծնվեցի ես`հայրս բարուրի միջից հանում է իմ թաթիկը եւ ձեռքս տալիս ջութակի աղեղը: Այն օրվանից, երբ սկսեցի փոքր ինչ գիտակցաբար տեսնել այս աշխարհը ինձ համար պարզից էլ պարզ էր, որ ջութակահար եմ դառնալու: Երեւի թե դա հայրիկիս երազանքն էր, որ տեսնում էր իրականացած մեր միջոցով առանց անգամ մտածելու, որ չանցած կարճ ժամանակ հենց ինքն է դառնալու Հայ արդի երաժշտության հիմնասյուներից մեկը:
Անկասկած մեր ընտանիքի մթնոլորտը մեծ դեր է խաղացել իմ եւ քրոջս անհատականության ձեւավորման համար: Հիշում եմ, թե ինչ հրաշալի մարդիկ էին գալիս մեր տուն, արվեստագետներ, գրողներ, նկարիչներ: Նրանց զրույցները, բանավեճերը իրենց անջնջելի հետքը թողեցին մեր`դեռ բոլորովին փխրուն հոգիների վրա, մեր աշխարհընկալման հարցում: 
 
Հպարտությամբ եմ կրում ազգանունս, որը հորս կերպարի շնորհիվ ինձ համար նշանակում է կամք, հավատք, երազը իրականություն դարձնելու անխափան ուժ... ... Հպարտ եմ, որ իր յուրահատուկ տաղանդի շնորհիվ մեզ թողեց հայկականությամբ եւ համամարդկայնությամբ ներհագեցած երաժշտական կոթողներ, ստեղծագործություններ, որոնք առավել հարստացրեցին մարդկության հոգեւոր գանձարանը: 
 
Ընթերցողը չգիտի, հարկավ, որ կոմպոզիտոր Դելլալյանի դուստրը լինելուց բացի, Դուք նաեւ մեզանում լայն ճանաչում եւ սեր վայելող Հայրիկ Մուրադյանի հարսն եք: Որոնք են Ձեր ամենավառ հիշողությունները հայ մշակույթի այդ նվիրյալ գործչի մասին, որոնցով կցանկանայիք կիսվել այսօր մեր ընթերցողների հետ:
 
Համարում եմ բախտավորություն, որ ապրել ու մոտիկից եմ ճանաչել Մեծն Հայրիկին: Ինձ համար Հայրիկը մեծագույն Հայ է, այն տեսակը Հայի, որոնց շնորհիվ գոյատեւել ու ապրում է մեր ժողովուրդը: Տարիներ են անցել, Նա մեզ հետ չէ այլեւս, բայց ես շարունակում եմ սովորել իրենից: Վստահաբար գիտեմ, թե ինչպես կվերաբերվեր այս կամ այն հարցին: Ազգային երգի բացահայտման, պահպանման ու մաքրման բնագավառում Հայրիկի թողած անգնահատելի ժառանգությունը ձեւավորեց սերունդների նոր տեսակ, նոր մտածողություն եւ այսօր էլ շարունակում է ազգայնագրության իրական հետեւորդներին ոգեշնչել եւ պարտադրել պահպանել ակունքներին հարազատ ու մոտ մնալու շարունակական գործը: 
 
Երբ որոշ ժամանակ նա ապրեց մեզ հետ Պորտուգալիայում, սակայն հենց իր իսկ դրած պայմանի համաձայն մի օր կանչեց մեզ եւ ասաց, որ իր` Հայրենիք վերադառնալու ժամանակն է, քանի որ ինքը կարիքը ունի իր ժողովրդի եւ նաեւ պարտավոր է լինել նրանց կողքին... Ահա այսպիսին էր բյուրեղյա մաքրության տեր այդ մարդը:
 
Երաժշտական ձայնով է օժտված եղել Ձեր տատը, նույն առաքելությունն է ընտրել իր համար Ձեր հայրը, այնուհետ՝ Դուք, Ձեր քույրը, դասական կատարումներով է հայտնի Ձեր ամուսինը, նույն կրթությունն է ստացել Ձեր զավակը...Կարծես թե սա անվերջ է եւ արդեն ժառանգաբար փոխանցվող մի երեւույթ է: Հավատո՞ւմ եք, որ ձեր պարագայում դա գեներով է անցնում ու ժամանակի մեջ շարունակական բնույթ է կրելու:
 
Անկասկած երաժշտությունը իմ մեջ անցել է ժառանգաբար ու դրա համար շնորհակալ եմ ծնողներիս: Հայրիկիս գեների, մայրիկիս անձնազոհ ջանքերի շնորհիվ է, որ մուտք եմ գործել այս գեղեցիկ ու խոր աշխարհը, որ դասական երաժշտությունն է: Երաժշտությունը այնքան շոշափելի ներկայություն է դառնում կյանքում, որ վերածվում է ապրելաձեւի: 
 
Միշտ հաճախում էինք բոլոր համերգներին, ներկա լինում նկարիչների նոր բացված ցուցահանդեսներին: Չգիտեմ, թե ինչ էինք խոսում, բայց անվերջ քննարկումներ էինք անում արվեստի շուրջ: 
 
Այնուհետեւ իմ եւ ամուսնուս` թավջութակահար Լեւոն Մուրադյանի ընտանիքների միասնությամբ առավելապես ամրացավ երաժշտության անխափան ներկայությունը արդեն իմ ընտանիքում... Բնականաբար այդ մթնոլորտում մեծացող զավակների համար էլ երաժշտության ազդեցությունը անխուսափելի է լինում: Իմ եւ քրոջս երկուական զավակներն էլ ունեն երաժշտական կրթություն: Երկուսը արդեն պրոֆեսիոնալ: Սա շատ բնական փաստ է մեր ընտանիքի համար: Հիշում եմ, թե մեր դստրիկը, որ դեռ երեք տարեկան էր տեսնելով, որ մայրիկը, հայրիկը, եղբայրը, զարմիկները, մորաքույրը, բոլորը նվագում են, անվերջ հարցնում էր, թե ինքը ինչ գործիք է նվագելու: Եւ հինգ տարեկանում իր անձնական ընտրությունը կատարեց`կնվագի թավջութակ: 
 
Այսօր, երբ կյանքիս տարիները լի են եղել երաժշտության նվիրած բաղձալի պահերով, ապրումներով, որ միայն բարձրագույն արվեստը կարող է պարգեւել, ես այնքան լավ եմ հասկանում բոլոր նրանց, ովքեր մեկ անգամ մտնելով այդ աշխարհը այլեւս երբեք ցանկությունը չունեն դուրս գալու այնտեղից:
 
Անդրադառնալով Ձեզ, կցանկանայի, որ մեզ ներկայացնեիք արվեստում ցայսօր անցած Ձեր ուղին, նվաճած բարձունքները եւ հաջողությունները, մոտակա ծրագրերը, ապագայի նպատակները:
 
23 տարի առաջ էր, որ Գյուլբենկյան հաստատության կողմից աշխատանքային հրավերով տեղափոխվեցինք Պորտուգալիա: Լեւոնը, որ մի քանի միջազգային մրցույթների դափնեկիր է, ունկնդրի լայն շրջանակներում ճանաչված իր բարձր կատարողականությամբ, դասավանդում է եւ շարունակում մենակատարային գործունեությունը: Նաեւ Գյուլբենկյան հաստատության սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներից է: Ես աշխատում եմ Պորտուգալիայի Ազգային Սիմֆոնիկ Նվագախմբում: Քույրս` Մարինան նույնպես դասավանդում է ու ելույթներ ունենում տարբեր համերգներում: 
 
Այս բոլոր տարիներին միշտ վերադարձել ենք Հայրենիք, բերելով որեւէ համերգի մասնակցություն կամ ցուցահանդեսի կազմակերպում կամ գրքի տպագրություն: 
Հրաշալի է, որ միասին ունենք մեր Տրիոն: Պատիվ է ու մեծ հաճույք նվագել այնպիսի բարձրակարգ երաժիշտների հետ ինչպիսին Լեւոնն է եւ Մարինան: Տրիոյով համերգներ ենք ունեցել Պորտուգալիայի տարբեր փառատոներում, Եւրոպայի այլ երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում: 
 
Մեր համերգներում ներկայացնում ենք տարբեր նախագծեր, այդ թվում նաեւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Սա կարեւոր փաստ է մեզ համար, քանի որ այդկերպ ներկայացնում ենք մեր ազգը, նրա մշակույթը: Վերջերս Լեւոնի եւ դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ ձայնագրված խտասալիկը նույնպես կազմված է չորս հայ կոմպոզիտորների`Հարություն Դելլալյանի, Տիգրան Մանսուրյանի, Կարեն Խաչատրյանի եւ Ավետ Տերտերյանի ստեղծագործութուններով:
Ի ուրախությունս մեզ վերջերս մեր Տրիոն համալրվեց եւս մեկ անդամով: Մեզ միացավ մեր որդին`Հարությունը, որը չնայած իր երիտասարդ տարիքին արդեն ունի բավականին հարուստ ու հաջողություններով լի անցած ճանապարհ:
 
Այժմյան ծրագրերից ամենանպատակայինը առավելապես մեր մասնակցությունը բերել Եղեռնի 100 ամյակին: Մեզ համար սա կարեւորագույն տարելից լինելուց բացի հնարավորություն է կրկին հիշեցնել այն հրեշավոր փաստի մասին, որ իրականացվել է մեր ժողովրդի նկատմամբ: Մեզ մնում է գործով ապացուցել, որ եղել ենք, կանք ու պիտի լինենք: 
 
Ի՞նչ կցանկանայիք ավելացնել վերջում:
 
Կյանքը անսահման գեղեցիկ պարգեւ է մարդուն: Ապրել ու քեզնից հետո թողնել այն, ինչի համար եկել էիր այս աշխարհ: Թող որ սա լինի մի նոր կյանքի ծնունդ, մի ստեղծագործություն, կոթող, որ կմնա սերունդների համար...Երբեմն բարձրացնել աչքերը եւ նայել երկնքին, ուր ամեն ինչ կատարյալ է ու պարզ: Եւ եթե զգանք, որ այստեղ` ներքեւում ինչ որ բան այն չէ` փորձենք փոխել այն, մի քիչ մոտեցնել երկնքին: Սա հատուցումն է այս կյանքի դիմաց...
 
Հատուկ «Նոյյան տապանի» համար, 
Հարցազրույցը վարեց Արթուր Ղուկասյանը (Իսպանիա)
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play