Արամ Սաֆարյան. ԶԲԻԳՆԵՎ ԲԺԵԶԻՆՍԿԻ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԼԻԱՐԺԵՔ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ ՄՏՑՆԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔ


Արամ Սաֆարյան. ԶԲԻԳՆԵՎ ԲԺԵԶԻՆՍԿԻ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԼԻԱՐԺԵՔ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ ՄՏՑՆԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔ

  • 29-06-2013 15:58:00   | Հայաստան  |  Վերլուծություն
Ապրիլին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցած «Globsec-2013» միջազգային բարձր մակարդակի խորհրդաժողովում, որին ներկա են եղել եվրոպական երկրների ղեկավարներ, արտգործնախարարներ, նշանավոր քաղաքական գործիչներ եւ դիվանագետներ, առանցքային ելույթներից մեկը եղել է ամերիկյան հայտնի քաղաքագետ, ամերիկյան արտաքին քաղաքականության ճարտարապետներից մեկը հանդիսացող Զբիգնեւ Բժեզինսկու ելույթը: Ինչպես հաղորդել է «Ռեգնում» լրատվական գործակալության եվրոպական հարցերի տեսաբան Դմիտրի Սեմուշինը, պարոն Բժեզինսկին իր ծրագրային ելույթում անդրադարձել է Արեւմուտքի հետագա համախմբման, ԱՄՆ-ի եւ Արեւմտյան Եվրոպայի մասնակցությամբ անդրատլանտյան ազատ առեւտրի ընդհանուր շուկայի ձեւավորման եւ Չինաստանի հետ գլոբալ մրցապայքարի խնդիրներին: Ինչպես եւ քսան տարի առաջ, նա կրկին խոստացել է Ռուսաստանին մտցնել Արեւմուտքի մեջ լիարժեք կարգավիճակով: Հիշեցնենք, որ այս դատողությունները շատ արդիական էին քսան տարի առաջ, երբ փլուզվել էր Խորհրդային Միությունը եւ հետխորհրդային պետություններին, մասնավորապես Ռուսաստանին, Արեւմուտքը խոստանում էր դարձնել ազատ արեւմտյան աշխարհի լիարժեք բաղկացուցիչ: Պարոն Բժեզինսկու Բրատիսլավայի ելույթի նոր նրբերանգն այն է, որ Ռուսաստանը Արեւմուտք մտցնելը պետք է հետապնդի մեկ նպատակ. դա այն միջոցներից մեկն է, որը պետք է կանխի Արեւմուտքի անկումը: Այս գործընթացում, ըստ նրա, առանցքային հենակետ պետք է հանդիսանա ռուսաստանյան «կոսմոպոլիտ» եւ «կրեատիվ» միջին խավը: Այսպիսով, «Ռուսաստանը Արեւմուտք մտցնելու» խոստումն, ըստ ռուս տեսաբանի, ոչ բացահայտ կերպով պայմանավորվում է Ռուսաստանում քաղաքական իշխանության փոփոխությամբ: Դմիտրի Սեմուշինը գրում է, որ «նման կարգի հույսեր, որոնք հասցեագրված են Ռուսաստանին, նրա եվրոպական քաղաքական վեկտորը պահպանելու համար եւ լրացնում են Արեւելյան գործընկերության իրականացվող քաղաքականությունը, նպատակ ունեն չեզոքացնել Ռուսաստանի ջանքերը Եվրասիական միության ստեղծման ուղղությամբ»: Համաձայնելով այս դրույթի սկզբունքային ճշմարտացիության հետ, փորձենք հասկանալ, թե ինչպե՞ս են մեր փոքրիկ Հայաստանից երեւում գլոբալ համագործակցության եւ գլոբալ մրցապայքարի այս դրսեւորումները:
 
Հայաստանում լավ են գիտակցում ռազմավարական դաշնակցի եւ զինակցի պարտավորությունները
 
Վերջին օրերի քաղաքագիտական շրջանակներում քննարկվող ուշագրավ տեղեկություններից մեկը «Գելափի» միջազգային ասոցիացիայի հայկական ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի հրապարակած տվյալներն են, անցկացված մեծածավալ հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքների մասին: Ըստ այդ հարցման, Հայաստանի հարցվածների ավելի քան 60%-ը դրական է վերաբերվում Եվրասիական միություն մտնելու գաղափարին, միություն, որը ձեւավորվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ: Հարցվածների միայն մեկ քառորդն է անտարբերություն դրսեւորել այդ հարցի նկատմամբ, իսկ բացասական վերաբերմունք արտահայտել է միայն 4%-ը: Ըստ Զարգացման եվրասիական բանկի պատվերով կատարված այս հարցման, Ռուսաստանը բարեկամական երկիր է համարում հարցվածների 90, իսկ Հայաստանի ռազմական դաշնակիցՙ 88%-ը: Հարցվածներից 94%-ը Ադրբեջանը համարել է թշնամական երկիր: Այս հարցումը ցույց է տվել, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը, ասել կուզի` հայաստանյան մեծամասնությունը իր հիմնական մասով, շատ լավ է գիտակցում Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշնակցի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջ իր քաղաքական դերակատարությունը: Որ Եվրասիական միության կողմնակիցների թիվը ավելի փոքր է, քան Ռուսաստանի դաշնակիցների թիվը, խոսում է միայն մեկ բանի մասին. մեր հասարակությունն իր ամբողջության մեջ դեռեւս ամբողջությամբ տեղեկացված չէ եվրասիական տարածքում ընթացող ինտեգրացիոն գործընթացների խորությունից: Հենց այդ խորությամբ չտեղեկացված չլինելն էլ առաջացնում է տարակարծություններ, տեղ է թողնում մեկնաբանությունների համար եւ պատճառ դառնում որոշ մտահոգությունների արտահայտման համար: Այսպես, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նախկին դեսպան, պատմական գիտությունների թեկնածու Վյաչեսլավ Կովալենկոն, խոսելով Հայաստանում ռուսաց լեզվի տեղի եւ դերի մասին, մտահոգություն է արտահայտել, որ «հայկական քաղաքական վերնախավի նշանակալից մասը կողմնորոշված է դեպի Արեւմուտքի հետ հարաբերությունների խորացում եւ հույսեր է փայփայում հեռանկարում Եվրոմիության հետ ինտեգրվելու համար»: Ռուսաստանի հետ հարաբերությունները այդ քաղաքական գործիչները կուզենային հանգեցնել գլխավորապես ազգային անվտանգության ապահովմանը: Այդպիսի քաղաքական գործիչներն, ըստ երեւույթին, կարծում են, որ դրա համար պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները հանգեցնել, լավագույն դեպքում, պաշտպանության եւ անվտանգության ոլորտներին: Իսկ այն ամենը, ինչ վերաբերում է, մասնավորապես ռուսաց լեզվին, նրանց կարծիքով, կապված է «Ռուսաստանի կայսերական քաղաքականության» հետ եւ խոչընդոտ է Եվրոպա տանող ճանապարհին: «Հայաստանի ազգային շահի ապահովմանը, նրա ինքնության պաշտպանությանը, հայոց լեզվի զարգացմանը ոչ մի կերպ չի կարելի հասնել ռուսաց լեզվի հետ պայքարի եւ հակադրության միջոցով»,- եզրակացրել է ռուս դիվանագետը: Այդ եզրակացությանը գուցե նպաստել է նաեւ այն հանգամանքը, որ վերոհիշյալ «Գելափի» հարցման մասնակիցների մեծ մասը հայտարարել է, որ կցանկանար կրթություն ստանալ գլխավորապես Արեւմուտքում, այլ կերպ ասածՙ օգտվել Արեւմուտքի քաղաքակրթական զարգացման բարիքներից:
 
Եթե լինենք անկեղծ, ապա այս պատկերը շատ նման է ռուսական վերնախավի եւ ռուսական միջին խավի նախապատվություններին, որոնք ճիշտ նույն հակումներն են դրսեւորում: Սակայն ինչպես Երեւանում մի առիթով նշել է «Եդինայա Ռոսիա» համառուսաստանյան կուսակցության ճանաչված քաղաքական գործիչներից մեկը, Եվրասիական միություն ստեղծելու եւ հետխորհրդային տարածքը մեկ տնտեսական-քաղաքական ալյանսի մեջ ձեւավորելու գաղափարի պաշտպանությունը ծնվել է նաեւ այն հիասթափությունից, որը հետխորհրդային 20 տարիների ընթացքում զգացին նախկին Խորհրդային Միության փլատակների վրա ստեղծված նորանկախ հասարակություններըՙ չստանալով հավասարը հավասարի հետ շփվելու իրենց ակնկալիքը ԱՄՆ-ից եւ Արեւմտյան Եվրոպայից: Այսպիսով կարելի է ասել, որ հետխորհրդային էլիտաների հնարավորությունների եւ ակնկալիքի եւ ամբողջությամբ վերցրած հետխորհրդային հասարակությունների ակնկալիքի միջեւ կա էական տարբերություն: Սոցիոլոգ Սամվել Մանուկյանը, համեմատելով այս վերջին հարցման արդյունքները երկու տարի առաջ արված հարցումների հետ, զգուշացնում է, որ եթե այս տարբերությունը շարունակի խորանալ, ապա 8-10 տարի հետո մենք կարող ենք ունենալ խզում մեծամասնության եւ վերնախավերի հայացքների եւ ակնկալիքի միջեւ: Սա քաղաքագիտական հիմնախնդիր է, որի լուծմանը իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն:
 
Թույլ չտալ պայքար եւ առճակատում հանուն կողմնորոշումների
 
Չորեքշաբթի օրը Երեւանում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նրա այցելությունը առիթ էր, որ «Նորավանք» հիմնադրամում հավաքված քաղաքական գործիչները, Ազգային ժողովի պատգամավորները, հասարակական կազմակերպությունների եւ վերլուծական կենտրոնների ղեկավարները, մեզանում ճանաչում ունեցող ուսումնասիրողներն ու վերլուծաբանները քննարկեին ոչ միայն ՀԱՊԿ-ի հետագա զարգացմանը եւ նրան հասարակական աջակցությանն ուղղված խնդիրներ, որքան խոսեին մեր հայկական աշխարհայացքի քաղաքական կողմնորոշումների հիմնախնդրին առկա մարտահրավերների եւ դրանց համարժեք պատասխանների խնդիրները: Թույլ եմ տալիս ինձ ձեւակերպել այն եզրակացությունները, որոնք արվեցին այդ աշխույժ ու արժեքավոր մտքերի փոխանակության ընթացքում:
 
Կարծում եմՙ ներկաները կիսեցին իմ այն համոզմունքը, որ եվրոպական ինտեգրման եւ եվրասիական ինտեգրման ծավալման գործընթացներում Հայաստանի իշխանությունը որդեգրել է միակ ճիշտ եւ ճկուն, միաժամանակ խորքային մոտեցումը, այն էՙ ոչ թե ընտրություն ինտեգրման այդ երկու ուղղությունների միջեւ, այլ այդ գործընթացների համադրում եւ կառուցողական մասնակցություն դրանցից յուրաքանչյուրին: Այնպես, ինչպես դա հայտարարել է Հայաստանի նախագահը Լեհաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում: Անշուշտ, կարող է պատահել, որ ինչ-որ պահի մեր առջեւ ընտրության հարց դնեն դրսից: Սակայն առայժմ նման բան չկա, եւ մեր մոտեցումը իսկապես հասկանալի եւ պետք է որ ընդունելի լինի ռուսաստանցի դաշնակիցների եւ եվրոպացի գործընկերների համար: Ներկաները համաձայն էին նաեւ, որ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ պառակտում եւ առճակատում Հայաստանի քաղաքական եւ հասարակական դաշտերում ըստ կողմնորոշումների (օրիենտացիաների): Շատերն են հասկանում, որ այդ դեպքում շատ արագ կարող է տեղի ունենալ ոչ այնքան մտքերի ու տեսակետների բախում, որքան մարգինալացում եւ օտար ազդեցությունների պրիմիտիվ դրսեւորում: Հենց դրա համար էլ բոլոր ներկաները չորեքշաբթի օրը նշեցին «Նորավանք» հիմնադրամում ընթացող թինկ-թանկերի արժեքը եւ նպատակահարմարությունը: Այո, այսպիսի վերլուծական կենտրոններում հարկ է ավելի հաճախ հավաքվել քաղաքական գործիչներով եւ տեսաբան-վերլուծաբաններով, վիճել ու քննարկել աշխարհայացքային ու քաղաքական հարցեր եւ դուրս գալ այդտեղից գործողությունների ծրագրի համար երաշխավորություններով եւ հնարավոր մարտահրավերներին արձագանքելու կարողությամբ:
 
Նիկոլայ Բորդյուժան «Նորավանքում» հավաքված հասարակությանն ասաց, որ ՀԱՊԿ-ը չունի ՆԱՏՕ-ի հնարավորությունները զանազան միջոցառումեր անցկացնելու եւ հասարակական հնչողություն ունեցող ակցիաներ իրականացնելու համար: Սա հասկանալի է: Ի գիտություն պետք է ընդունել նաեւ, որ անցած տարիների ընթացքում Արեւմուտքը այդպես էլ չհրաժարվեց հետխորհրդային տարածքի երկրների հետ առանձին-առանձին շփվելու եւ, օրինակ, ՀԱՊԿ-ի հետ երկխոսությունից հեռու մնալու քաղաքականությունից: Բայց այս պայմաններում հենց այն հանգամանքը, որ հայաստանյան հասարակությունը, ինչպես ցույց է տալիս հասարակական կարծիքի հարցումը, գիտակցում է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները եւ սկզբունքորեն սատարում է դրանց, շատ խոսուն վկայությունն է այն ճշմարտության, որ ամեն ինչ ուղղակիորեն փող ծախսելու հետ կապելը ճիշտ չէ: Բայց նույն «Նորավանքում» հավաքված մեր քաղաքական գործիչներից մեկը միանգամայն ճշմարտացիորեն ուշադրություն հրավիրեց այն գործողությունների վրա, որոնք աշխարհի տարբեր ուժային կենտրոններից գործադրվում են աշխարհայացքի փլուզում եւ աշխարհայացքային վակումներ առաջացնելու համար, որոնց նպատակը ազգային մտածողությանը ու ձեւավորված աշխարհայացքին անհամատեղելի արժեքների ու վիճելի ճշմարտությունների ներթափանցումն է: Այստեղից տեղեկատվական անվտանգության կարեւորությունը, որի մշակմանն ու իրականացմանը պետք է մասնակցեն թե՛ տեսաբան-մասնագետները, թե՛ քաղաքական գործիչները, թե՛ պետության հոգսերով ապրող հասարակական դաշտի մարդիկ: Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ամփոփելով նկատեց, որ հենց այսպիսի քննարկումներով են ձեւավորվելու այն մոտեցումները, որոնք պաշտպանելու են խորհրդարանական դիվանագետները միջազգային ատյաններում: Մի խոսքովՙ աշխուժացող արտաքին քաղաքական գործընթացների ծավալման պայմաններում քննարկումները մեր հասարակության ներսում պետք է աշխուժացնել, եւ այդ քննարկումների տեղը վերլուծական կենտրոններն են իրենց մարդկային եւ տեղեկատվական ռեսուրսներով: Ինչ վերաբերում է գլոբալ գործընթացների արձագանքին, ապա մենք կլինենք իսկապես խելացի եւ իսկապես խորաթափանց, եթե առանց պառակտումների ու առանց ներքաղաքական առճակատման ժամանակին ու համարժեք արձագանքենք Մեծ Եվրոպայում եւ եվրասիական տարածքում ընթացող եւ բուռն զարգացող բազմաբնույթ գործընթացներին:
 
«Սոյուզինֆո»
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն