Հայոց ցեղասպանության 100-ամյակի դեմ իրականացվող նախապատրաստական աշխատանքները չեն կորցնում իրենց հրատապությունը.Արեստակես Սիմավորյան


Հայոց ցեղասպանության 100-ամյակի դեմ իրականացվող նախապատրաստական աշխատանքները չեն կորցնում իրենց հրատապությունը.Արեստակես Սիմավորյան

  • 17-07-2013 12:59:18   | Հայաստան  |  Վերլուծություն
Արեստակես Սիմավորյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար

Մինչ Անկարան զբաղված է երկրում տեղի ունեցող վերջին իրադարձություններով, Հայոց ցեղասպանության 100-ամյակի դեմ իրականացվող նախապատրաստական աշխատանքները չեն կորցնում իրենց հրատապությունը։ Ի՞նչ և ինչպե՞ս է նախապատրաստում Թուրքիան, ի՞նչ առաջարկություններ են առաջ քաշվում. հարցեր, որոնք մոտակա երկու տարիներին (անգամ ավելի երկար ժամանակահատվածում) Թուրքիայի քաղաքականության անբաժանելի մասն են կազմելու։

Թուրքիայի գիտական, մերձգիտական և քաղաքական շրջանակները 2015-ին ընդառաջ տարբեր վերլուծական հոդվածներով և գաղափարներով են հանդես գալիս։ Վերլուծաբանների տեսակետներն այնպիսի տպավորություն են ստեղծում, թե Թուրքիան դեռ կարիք ունի որևէ ռազմավարության, ինչը պետք է կոչված լինի հայկական կողմի գործողությունների չեզոքացմանը։

Հարկ է նշել, որ նման ռազմավարական բնույթի ծրագրերն ու գործողությունները միշտ չէ, որ կրում են հրապարակային բնույթ։ Հակառակ «ռազմավարության բացակայության» հետ կապված թուրքական կողմի մտահոգություններին, մեկնակետը վաղուց է տրված, և արդեն կարելի է վստահորեն ասել, որ այս գործում ներգրավված ուժերը սկսել են նախապատրաստական աշխատանքները։

Դեռևս 2011թ. սեպտեմբերին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն թուրքական դիվանագիտական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «գաղտնի տագնապ»՝ հրահանգելով ավելի ակտիվ լինել աշխարհասփյուռ հայության գործողություններին խոչընդոտելու ուղղությամբ՝ հատկապես օգտագործելով հայկական սփյուռքի հետ սերտ հարաբերություններ հաստատելու մեխանիզմը։

Թուրքական քաղաքական, հասարակական և մտավոր շրջանակների մի ստվար հատված միակարծիք է, որ մինչև 2015թ. Թուրքիան արմատապես պետք է փոխի Հայաստանի հանդեպ նախապայմաններով առաջնորդվող իր քաղաքական ուղեգիծը և նախապատրաստվի Հայաստանի հետ քաղաքական երկխոսության՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց մինչև հայերից ներողություն խնդրելը։ Մասնավորապես, ԱՄՆ Բրուքինքս ինստիտուտի վերլուծաբան Օմեր Թաշփընարի կարծիքով, հայ-թուրքական արձանագրությունները ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապելն արգելափակում է ողջ գործընթացը1։

Թուրք վերլուծաբան Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուն, անդրադառնալով մինչև 2015թ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին, կարծում է, որ քաղաքական հարաբերությունների հաստատումը կարող է վերջակետ դնել բոլոր հարցերին և նշանավորել թուրքական արտաքին քաղաքականության հաղթանակն աշխարհագրական այդ հակասական իրավիճակում2։ Նույնիսկ արևմտյան ֆուտուրոլոգիայի ոլորտի փորձագետներն են կարծում, որ Թուրքիան մինչև 2015թ. դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու նպատակով կրկին սկսելու է բանակցություններ վարել Հայաստանի հետ՝ ի հեճուկս Ադրբեջանի։

Անգամ հայերից ներողություն խնդրելը, երբ խոսքը վերաբերում է պետական մակարդակով «զղջալուն», դիտվում է այլ հարթության մեջ՝«ընդհանուր ողբերգության առավել լայն համատեքստում, որտեղ կա նաև հայերի մասնակցությունը թուրքական կորուստների հետ կապված»3։ Սա Ահմեթ Դավութօղլուի, այսպես կոչված, «արդար հիշողության» կոնցեպտից բխող մոտեցում է և վիճահարույց լինելով որոշ թուրք մտավորականների համար, այնուամենայնիվ, ընկալվում է Հայաստանի հետ գոնե Ցեղասպանության հարցում առավել ընդունելի և հարաբերությունները կարգավորելուն միտված ճիշտ ուղի։

Ակնհայտ է, որ պետական մակարդակով հնարավոր «ներողություն» խնդրելը վերաբերելու է ոչ թե թուրքական պետության կողմից իրականացված ցեղասպանությանը, այլ, այսպես կոչված, «հումանիտար աղետին», այսինքն՝ փլուզման շեմին հայտնված Օսմանյան կայսրությունում ընթացող պատերազմի հետևանքներին։ Ընդ որում, խոսքը ոչ միակողմանի ներողության մասին է։ Ասվածը հիմնավորելու համար մեջբերենք հակահայկական բովանդակությամբ մի քանի գրքերի և տասնյակ վերլուծական հոդվածների հեղինակ, Չանաքքալեի «Մարտի 18» համալսարանի ռեկտոր, դոկտոր պրոֆ. Սեդաթ Լաչիների հայերի և թուրքերի միջև խաղաղություն հաստատելու տեսլականը. «2015թ. հայերի բռնագաղթի 100-ամյակն է, և այն նշելու համար հայերը շատ լուրջ են նախապատրաստվում։ Արդյո՞ք Հայաստանի նախագահը 2015թ. մարտին Գալիպոլի թերակղզի ժամանելով՝ կարող է մեր նահատակների շիրմին մի մեխակ կամ վարդ դնել։ Եվ արդյոք դրանից հետո մեր նախագահը կամ վարչապետը Երևան կգնա՞, ցեղասպանության հուշահամալիրում մի ծաղկեփունջ դնելով կարո՞ղ է ասել՝ մենք սրան ցեղասպանություն (ընդգծումը մերն է- Ա.Ս.) չենք անվանում, բայց ձեր վիշտը մենք գիտենք։ Մենք նույնպես դա ապրել ենք և կիսում ենք Ձեր ցավը»4։ Թուրքիան ամեն կերպ փորձելու է «խուսափել» ցեղասպանություն բառի օգտագործումից։ Սա Թուրքիայի 2015թ. ընտրած ռազմավարության կետերից մեկն է5։

Թուրք վերլուծաբանների հաճախակի կրկնվող նույնաբովանդակ առաջարկություններն ու տեսակետները կարող են վկայել դրանց ուղղորդված լինելու մասին։ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն միտված թուրքական հրապարակային «ջանքերն» ուղղված են միջազգային լսարանին և նպատակ ունեն 2015թ. ընդառաջ թուլացնել մեր զգոնությունը։

Հայերի դեմ պայքարում առաջարկվում են նաև տեղեկատվական-քարոզչական տարբեր բնույթի և մասշտաբների քայլեր, այդ թվում օտարերկրյա «գիտնականներին» սեփական քաղաքականությանը ծառայեցնելու մարտավարությունը։ Օտարերկրյա «գիտնականներն» այսօր էլ շարունակում են սերտորեն համագործակցել Թուրքիայի քաղաքական և մտավոր շրջանակների հետ և, բացի «գիտական» աշխատանքներից, հաճախակի են հանդես գալիս կոչերով և առաջարկություններով։ Տարիներ ի վեր Թուրքիայի օգտին աշխատած և «թուրքական գործակալ» անունը ստացած՝ Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Գյունտեր Լևին հայերի գործողությունները չեզոքացնելու համար կոչ էր արել լրջորեն նախապատրաստվել 2015թ., որը մեծ փորձության տարի է լինելու Թուրքիայի համար6։

21-րդ դար թուրքական ինստիտուտի և 2000թ. Եվրասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնին (ASAM) կից նախկինում գործած Հայկական հետազոտությունների ինստիտուտի7 հիմնադիր Ումիթ Օզդաղը, որը երկար տարիներ զբաղվում է հայկական և տեղեկատվական անվտանգության թեմաներով, արտերկրում թուրքական թեզերի արդյունավետ տարածման համար մինչ օրս իրականացված աշխատանքներն անբավարար է համարում։ Վերջինս առաջարկում է Թուրքիայի շահերը պաշտպանող օտարերկրյա երիտասարդ «գիտնականներ» և հայտնի «պատմաբաններ» պատրաստել՝ նրանց ընտրելով թիրախային երկրներից։ Մասնավորապես, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Լատինական Ամերիկայից, Լիտվայից, Գերմանիայից, Չինաստանից և Ճապոնիայից։ Հետագայում ընտրված «գիտնականները» հնարավորություն կունենան Թուրքիայի հովանավորությամբ և աջակցությամբ տասնյակ լեզուներով հրատարակել թուրքամետ «գիտական» աշխատանքներ և նպաստել հիշյալ երկրներում թուրքական հետազոտական ինստիտուտների8 ստեղծմանը։ Կարծում ենք, որ ներկայումս Թուրքիայի շահերը սպասարկող օտարազգի կեղծարար «պատմաբանների» սերունդը ծերացել է, և սերնդափոխության հարցը դարձել է հրատապ։ Շրջանառվում են հակահայկական ֆիլմերի նկարահանման, թատերական ներկայացումների, մշակութային այլ միջոցառումների, ինչպես նաև հայկական խնդրով զբաղվող նոր վերլուծական կենտրոն հիմնելու գաղափարները։

Այս ուղղությամբ ջանքերը բազմապատկում են Թուրքիայում և արտերկրում թուրքական ֆինանսավորմամբ գործող «ուղեղային կենտրոնները»։ Շատ երկրներ իրենց «սփյուռքի» մաս կազմող այդ հանրույթների գիտելիքներից և պետական կառույցներում մեծ հեղինակություն ունեցող անհատների գործունեությունից օգտվելու հսկայական փորձ ունենալով՝ հաջողել են արտերկրում ստեղծել նպատակային վերլուծական կառույցներ։ Այս հարցում Իսրայելից հետո, թերևս, ակտիվ են Թուրքիան և Ադրբեջանը. ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում «ուղեղային կենտրոններ» ունենալն ընդօրինակելի է դարձել այս երկրների համար՝ վերջիններիս դիտելով որպես այլընտրանքային «դիպկորպուս» կամ լոբբիստական խմբեր, որոնցում ընդգրկվում են առաջին հերթին այդ երկրների առաջատար բուհերի և «ուղեղային կենտրոնների» աշխատակիցներ։ Այդպիսի գործունեություն ծավալող կենտրոններից են՝ Մեծ Բրիտանիայում գտնվող Centre for Strategic Research and Analysis-ը (CESRAN), ԱՄՆ-ում՝ The Rethink Institute-ը, Тhe Foundation for Political, Economic and Social Research-ը (SETA)։

Առանձնահատուկ է Լոբբիստական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գործունեությունը, որը գրասենյակներ ունի թե՛ Ստամբուլում, թե՛ Վաշինգտոնում։ Վերջերս այս կենտրոնը պայքարի նոր ռազմավարություն է մշակել. լոբբիստական գործունեության մոբիլիզացում թուրք հասարակության շրջանում, որի բուն նպատակն է լինելու բողոքներ հղել տարբեր երկրների նախագահների, նախարարների, պաշտոնատար անձանց, հայտնի մեդիա-հոլդինգներին, միջազգային լրատվամիջոցներին և առցանց մամուլին, Թուրքիայի օտարերկրյա դեսպաններին և հյուպատոսներին, ինչպես նաև իրականացնել ոչ հրապարակային գործողություններ։ Ընդ որում, «ազգային մոբիլիզացիա» անունը կրող շարժումը պետք է սպասարկի նաև Ադրբեջանի շահերը ԼՂՀ հարցում։

Եվրոպական երկրներում փորձ է արվելու համախմբել, այսպես կոչված, թուրքական և ադրբեջանական «սփյուռքի» այն հատվածները, որոնք կկարողանան բավական ակտիվ աշխատել մի կողմից՝ Հայաստանի, մյուս կողմից՝ Սփյուռքի դեմ։ Աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն սկսվել են:

Եվրոպայում ստեղծված թուրք-ադրբեջանական արհմիությունների և ՀԿ-ների գործունեության արդյունքում սպասելի են հակահայկական նոր դրսևորումներ 2015թ. ընդառաջ: Այսինքն` Թուրքիայի տարածքից հակահայկականությունն արդեն տեղափոխվում է եվրոպական դաշտ, ԱՄՆ, Լատինական Ամերիկա, որտեղ նույնպես արդեն սկսել են աշխատանքներ իրականացվել։

Հատկանշական է, որ Հայոց ցեղասպանության հարցում թյուրքախոս երկրները համաթյուրքական նշանակության ֆորումների և գիտաժողովների ընթացքում մինչև օրս հիմնականում ձեռնպահ են մնացել թուրք-ադրբեջանական համատեղ գործողություններին միանալուց։ Այժմ, սակայն, թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է նրանց ևս ներքաշել այդ գործընթացում։

Համաշխարհային թյուրքերի ֆորում կառույցը վերջերս անց էր կացրել «Իմաստուն մարդկանց խորհրդի» առաջին ժողովը, ուր, այլ հարցերի կողքին, բնականաբար, չշրջանցվեց 2015թ. հայերի դեմ պայքարելու մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը9։ Թեև միջինասիական թյուրքախոս պետությունների ներկայացուցիչներին ավելի շատ հետաքրքրում է հավաքների հումանիտար-մշակութային և տնտեսական կողմը, այդուհանդերձ, նրանք ևս ակամա հայտնվում են ճնշման տակ և անուղղակիորեն կարող են հանդես գալ որպես Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունների անմիջական մասնակից։

Ըստ որոշ տեսակետների, չի բացառվում նաև, որ տեղի կունենան սադրիչ և ագրեսիվ գործողություններ։ Մասնավորապես, Ստամբուլի Սամաթիայի թաղամասում հայերի դեմ վերջերս իրականացված մի քանի հարձակումների կապակցությամբ «Թարաֆ» թերթում քննադատական հոդվածներով աչքի ընկնող թուրք մտավորական Ալփեր Գյորմուշը հայտնում է այն տեսակետը, որ 2000-ականների սկզբին Թուրքիայում սկիզբ առած «հակամիսիոներական շարժման» անմիջական հետևանք են նաև հայերի դեմ տեղի ունեցած հարձակումները, ինչը կարելի է դիտել 2015թ. ընդառաջ հայերին վախեցնելուն նպատակաուղղված գործողությունների շրջանակներում10։

Վերջերս հակահայկական քարոզչության գործին լծված, այսպես կոչված, Հայկական անհիմն պնդումների դեմ միավորում (ASIMDER) կառույցը և թուրքական ուլտրաազգայնական տարբեր ուժեր շահարկման թեմա են դարձրել իրենց հորինած «Նոր ԱՍԱԼԱՆ» և դրանով պայմանավորված՝ հնարավոր «ահաբեկչական գործողությունները հայերի կողմից»։

Ամփոփելով նշենք, որ թուրքական գիտավերլուծական և քաղաքական շրջանակներում դեռևս քննարկվում են պայքարի մեթոդների ընտրության հարցերը, որտեղ կան փափուկ և կոշտ քաղաքականության կողմնակիցներ։ Թուրքիայի՝ 2015թ. ընդառաջ ձեռնարկվելիք քայլերը իրականում կարող են տարբեր լինել վերը նշվածից, բայց և այնպես, որոշ բաղադրիչներ կարող են ընդհանուր ավելի մեծ գործողությունների մասը կազմել։

1 Ömer Taşpınar, Armenia-Turkey and 2015, http://www.todayszaman.com/columnistDetail_getNewsById.action?newsId=286618

2 Mehmet Fatih Öztarsu, Turkey needs to devise a 2015 strategy, http://www.fatihoztarsu.com/turkey-needs-to-devise-a-2015-strategy.html

3 Ömer Taşpınar, Armenia-Turkey and 2015, http://www.todayszaman.com/columnistDetail_getNewsById.action?newsId=286618:

4 Rektörün 2015 Hayali, http://www.sondakika.com/haber-rektorun-2015-hayali-2800903/

5 Orhan Kemal Cengiz, Türkiye'nin 2015 stratejisi: “Soykırım” kelimesinden mutlak şekilde kaçınmak, http://www.al-monitor.com/pulse/tr/originals/2013/04/turkey-diplomatic-campaign-stop-genocide-recognition.html#ixzz2VhlW80I7

6 Türk ajanı olmakla suçlanan Lewy'den uyarı, http://www.radikal.com.tr/radikal.aspx?atype=haberyazdir&articleid=1022245

7 Եվրասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնին (ASAM) կից նախկինում գործած Հայկական հետազոտությունների ինստիտուտն այժմ շարունակում է աշխատանքները մեկ այլ ռազմավարական հետազոտություններ իրականացնող հիմնադ-րամում՝ AVIM-ում (http://www.avim.org.tr

8 Ümit Özdağ, Dış İşleri Bakanına Açık Mektup veya 2015’e Doğru Yeni Bir Büyük Strateji Önerisi, http://www.21yyte.org/arastirma/milli-guvenlik-ve-dis-politika-arastirmalari-merkezi/2013/04/29/6972/dis-isleri-bakanina-acik-mektup-veya-2015e-dogru-yeni-bir-buyuk-strateji-

9 2. Dünya Türk Forumu İstanbul Deklarasyonu (Taslak), http://www.dunyaturkforumu.com/en/component-/content/article/10-haberler/106--2-duenya-tuerk-forumu-stanbul-deklarasyonu-taslak-

10 Alper Görmüş, 2015’e ayarlı ‘Ermenileri ürkütme’ operasyonu, http://www.taraf.com.tr/alper-gormus/makale-2015-e-ayarli-ermenileri-urkutme-operasyonu.htm

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 6, 2013
«Նորավանք» հիմնադրամ
Նոյյան տապան  -   Վերլուծություն