Թեքեյանցիներն իրենց ամառային հանգիստն անցկացրին «Գուգարք» ճամբարում


Թեքեյանցիներն իրենց ամառային հանգիստն անցկացրին «Գուգարք» ճամբարում

  • 01-08-2013 17:56:04   |   |  Մանկական էջ

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հովանավորությամբ թեքեյանցի աշակերտներն իրենց ամառային հանգիստն անցկացրին Լոռվա գեղեցիկ բնության գրկում` «Գուգարք» մանկական ճամբարում: Արդեն չորրորդ տարին է, ինչ ԹԿ հիմնադրամն իրականացնում է «Ամառային ճամբար» նախագիծը, որն այս տարի ընդգրկեց յոթնօրյա հանգիստ Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի, Կարբիի եւ Բերձորի /Արցախ/ թվով 74 թեքեյանցի աշակերտների եւ նրանց ուղեկցող մանկավարժների համար:
 
Հուլիսի 18-25-ը «Գուգարք» ճամբարն իր հյուրընկալ դռներն էր բացել երեխաների առջեւ, հանդես գալով նորովի` վերանորոգված մասնաշենքերով, լողավազանով եւ խաղահրապարակներով, ինչպես նաեւ ժամանցային զվարճալի ծրագրով: Թեքեյանցի մանկավարժների եւ ճամբարի անձնակազմի համատեղ աշխատանքի շնորհիվ երեխաների առօրյան հետաքրքիր էր եւ հագեցած երեխաների ինտելեկտուալ եւ ֆիզիկական աճին նպաստող զանազան միջոցառումներով: Թեքեյանցիները շատ շուտ համակերպվեցին եւ սիրեցին ճամբարային ռեժիմը` առավոտյան շեփորի կանչը, պարտադիր լիցքային վարժությունները, տողաններն ու շքերթները: Նրանք ակտիվ մասնակցություն ունեցան նաեւ կազմակերպված «Սպորտլանդիա» միջոցառմանը, «Վիկտորինա» ճանաչողական խաղ-մրցույթին, տարբեր թեմաներով զրույց-բանավեճերին::
 
Ծրագրի շրջանակներում թեքեյանցիներն այցելեցին Դսեղ` Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, ուր ծանոթացան ամենայն հայոց բանաստեղծի կյանքի հետաքրքիր դրվագներին եւ իրենց համար նորովի բացահայտեցին մեծն լոռեցուն: 
 
Կազմակերպվեցին արշավներ դեպի «Լքված ճամբար», Դեբեդ գետի հովիտ եւ ժայռերում գտնվող քարանձավներ, ինչպես նաեւ էքսկուրսիա դեպի 10-րդ դարի երկրորդ կեսին հիմնադրված Հաղպատի վանքային համալիր, որտեղ Սուրբ Նշան եկեղեցում թեքեյանցիները Սայաթ-Նովա երգեցին եւ վառ տպավորություններով վերադարձան ճամբար: 
 
 
Ճամբարի վերջին օրն էլ ավելի ակտիվ էր` բոլոր հինգ Թեքեյան դպրոցները հանդես եկան իրենց ելույթներով` բեմադրություն, երգ, պար, ասմունք: Հանգստի ողջ ընթացքն անցավ ընկերական մթնոլորտում` երեխաները հնարավորություն ունեցան շփվելու միմյանց հետ, նոր ընկերներ ձեռք բերելու, կիսելու իրենց մտքերն ու գիտելիքները: 
 
Բաժանումը հուզիչ էր, լի արցունքներով եւ ջերմ խոսքերով: Դժվար էր բաժանվել մտերիմ ընկերներից, հարազատ դարձած «Գուգարք» ճամբարից` մանկության հրաշք-մոլորակից, ուր իշխում են սերն ու բարությունը, երգն ու պարը, ժպիտն ու ծիծաղը: Թեքեյանցիները հեռացան ճամբարից անմոռանալի տպավորություններով եւ մեծ հավատով, որ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը հաջորդ տարի եւս կպարգեւի նրանց անկրկնելի ամառային հանգիստ:
 
Նոյյան տապան  -   Մանկական էջ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play