Սահմանամերձ-Սահմանապահ Գիւղը Մի Մարդու Պէս Կը Կռուի Թուրքի Դէմ, Բայց Խաղաղութիւն Է Ուզում


Սահմանամերձ-Սահմանապահ Գիւղը Մի Մարդու Պէս Կը Կռուի Թուրքի Դէմ, Բայց Խաղաղութիւն Է Ուզում

  • 22-08-2013 14:20:15   | Հայաստան  |  Վերլուծություն

Բարեկամաւան… 
 
Գիւղը Հայաստանի Հանրապետութեան Տաւուշի մարզում է՝ նախկին Նոյեմբերեանի շրջանի արեւելեան հատուածում՝ Ոսկեպար լեռնաշղթայի հիւսիսային լանջերին։ «Բարեկամաւան» անունը կրում է 1978-ի Յունուարի 25-ից, սահմանակից է ադրբեջանական Քեամառլու, Ղայմախլու եւ Ալբայրամլու գիւղերին: 
 
Վաղ առաւօտեան, ուղեւորուեցինք դէպի գիւղ: Ճանապարհը երկար էր (գոնէ ինձ համար), բայց անհամբեր սպասում էի՝ երբ եմ կեանքումս առաջին անգամ ոտք դնելու այդ շրջան եւ ամենակարեւորը՝ սահմանամերձ ու ՍԱՀՄԱՆԱՊԱՀ գիւղ: Հակառակ իմ սպասումների՝ արեւոտ ու տաք եղանակ էր: Մեզ դիմաւորեց գիւղապետը: Մինչ գիւղապետարանի սենեակներից մէկում սեմինար-քննարկում էր ջերմոցների վերաբերեալ, 2008-ի Հոկտեմբերից Բարեկամաւանի գիւղապետ Գարիկ Աբազեանը սիրով պատասխանեց իմ հարցերին: 
 
Գիւղում 313 մարդ է ապրում, մեծամասնութիւնը տարեց են, դպրոցում 35 աշակերտ կայ, 20 աշխատող, վերջին անգամ վերանորոգուել է 1998-ին, ներկայումս, կարծում եմ, կայ վերանորոգման կարիք: Հիմնականում զբաղւում ենք անասնապահութեամբ եւ հողագործութեամբ, 60-70 տոկոսն անասուն ունենք, ընդհանուր առմամբ՝ 130-140 գլուխ ոչխար: Ցաւալի բան պէտք է ասեմ. այս պահին հողատարածքների մօտ 90%-ը հակառակորդի կողմից ականապատուած է, սահմանին է մնացել: 
 
Ականազերծման աշխատանքներ գիւղում երբեւէ չեն կատարուել: Ունենք 50-55 հեկտար պարարտային հողատարածքներ, որտեղ արդէն երրորդ տարին է՝ Համահայկական հիմնադրամի 35 միլիոն դրամի ներդրմամբ աշնանացան ենք անում: Մեր համայնքը Հայաստանի Հանրապետութեան նախագահի եւ Գիւղապետն ու գիւղի կառավարութեան ուշադրութեան կենտրոնում է, ասեմ, 95-ամեայ տատիկը որ այսօր՝ գազաֆիկացման աշխատանքներ են ընթանում, եւ յուսով ենք՝ աշնանն արդէն աւարտուած կը լինեն: Կարեւոր էր դեռեւս 2004-ին Ոսկեւան-Կոթի-Բարեկամաւան ճանապարհի կառուցումը, որն ապահովում է կապը շրջկենտրոնի հետ եւ ռազմավարական նշանակութիւն ունի: Սեյրան Օհանեանը յաճախ է այցելում մեզ, հանդիպում է ժողովրդի հետ, արդէն 2 մեքենայ է տրամադրել համայնքին: Չի ցանկանում, որ շատ մարդ իմանայ, բայց կ'ասեմ, որ էլեկտրա-էներգիայի վարձավճարը՝ 4 միլիոն դրամ, ինքն է տուել: Փոխվարչապետն էլ 2-3 անգամ եղել է գիւղում: Սահման ՀԿ-ի օգնութեամբ 5 ջերմոցի տեղադրումը գիւղում մեծ ոգեւորութիւն է առաջացրել, մի անգամ բերք արդէն ստացել ենք, բերքի մի մասն էլ վաճառում ենք: Կառավարութեան՝ հողի հարկի նոր օրէնքը մեզ համար իրօք օգուտ էր, ժողովրդից էլ փող չենք հաւաքում: 
 
Իմ այն հարցին՝ թէ ադրբեջանցու կերպարն ինչպէս է ընկալւում՝ Գարիկն ասաց. Մեր խնձորի, հողի, դեղձի պտղատու բոլոր ծառերն իրենց մօտ են մնացել, իրենք մեր հակառակորդն են, բայց մենք խաղաղութիւն ենք ուզում: Խաղաղութիւնն է առաջնային խնդիրը, որ հայ գիւղացին կարողանայ իր հողամասը մշակել՝ առանց կեանքը վտանգելու: Մի քանի ամիս առաջ, երբ Չինարիի հատուածում լարուածութիւն էր, կրակել էին մեր խաղաղ բնակիչներից մէկի վրայ, բայց նման դէպքերը հազուադէպ են: Պատերազմի ընթացքում 17 զոհ ենք տուել, 1994-ի Յունիսի 18-ին մէկ օրում 7 հոգի զոհուել է, առաջին անգամ դիրքեր էինք դրել, ադրբեջանցիները մտել, վրանում 7-ին սպաննել էին: Զոհուածների ընտանիքները Պաշտպանութեան նախարարի հոգածութեան ներքոյ են: Շատ կ'ուզենայի՝ նրանց յիշատակին յուշաքար դնել: 
 
Մեկուսացուած չենք զգում՝ չնայած աշխարհագրական դիրքով կտրուած ենք: Շփւում ենք նաեւ կողքի համայնքների՝ հիմնականում Կոթիի հետ: Անցած տարուայ սկզբին «Հայ ասպետի» Կարին Տոնոյեանը խմբով եկաւ, միջոցառում անցկացրինք, շատ ողջունելի էր: Կ'ուզենայինք, որ յաճախակի գային Երեւանից, շփուէին մեր երեխաների հետ: Խնդիրներ ի հարկէ կան: Նախ ոռոգման ջրի խնդիրն է, յետոյ էլ մի տարի շատ կաթ ստացանք, բայց ընկերութիւնները գիւղացուն յարմար գնով չվերցրին, մի մասը ստիպուած թափեցինք: Արտագաղթն էլ կայ, չեմ կարող հերքել, բայց դէ ամէն խնդիր լուծելի է, կարեւորը պատերազմ չլինի: Ասեմ նաեւ, որ պատերազմ չենք ուզում, բայց եթէ լինի, գիւղացին առանց կասկածելու զէնք կը վերցնի ու կը կռուի: 
 
Նշանակալից էր նաեւ գիւղի նոր մատուռի՝ եկեղեցու բացումը, 2011-ի Օգոստոսի 19-ին Ստավրոպոլից հայազգի Ցոլակ Միքայէլեանի հովանաւորութեամբ: Դրսում ապրող բարեկամաւանցիներն էլ եկան, լավ միջոցառում անցկացրինք: Գիւղապետի խօսքերի իսկութեան մէջ համոզուելու համար «Սահման» ՀԿ-ի ներկայացուցիչ Ջորջ Տաբակեանի հետ շրջեցինք գիւղի մի քանի ջերմոցներով: Բնակիչները, որոնք արդէն սովորել են ու անձամբ են հետեւում ջերմոցներին, ստացան խորհրդատուութիւն, թունաքիմիկատներ եւ պարարտանիւթեր: 
 
Գիւղացիները պատմեցին, որ ջերմոցների գործն իրօք դուր է գալիս իրենց, նոյնիսկ սկզբնական շրջանում ընտանիքների մէջ թէժ մրցակցութիւն կար՝ ում ջերմոցի բերքն է առատ: Եւ հետաքրքիրն այն էր, որ գիւղի կանանց մեծ մասն էլ էր մասնագիտացել ջերմոցների հարցում, արդէն յստակ գիտէին՝ որ պարարտանիւթը երբ են տալու բոյսերին: Ջերմոցները նաեւ տեղի երեխաների խինդ-ուրախութիւնն էին: 
 
Ինձ համար անմոռանալի էր նաեւ այն պահը, երբ գիւղի տատիկներից մէկը մեր մեկնելուց առաջ ձեռքս բռնեց ու տարաւ իրենց պատշգամբ, կարօտալի հայեացքով նայեց սահմանից այն կողմ մնացած իրենց ցանքատարածութիւններին եւ ուղիղ աչքերիս մէջ նայելով, համոզուած ձայնով ասաց. «Էլի մերն ա, յետ ենք բերելու, էդ օրը ես էլ կը տեսնեմ…»: 
 
ԱՆԻ ՄԱՐԳԱՐԵԱՆ 
Երեւան, Հայաստանի Հանրապետութիւն 
Ռամկավար ՄամուՌամկավար Մամուլ Օգոստոս 22, 2013  
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play