Բողոքի ակցիաները շարունակվում են. փակ է Արմավիր-Գյումրի ճանապարհը


Բողոքի ակցիաները շարունակվում են. փակ է Արմավիր-Գյումրի ճանապարհը

  • 29-04-2024 11:13:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հայաստանում շարունակվում են բողոքի ակցիաները՝ հաջակցություն տավուշցիների։
 
Երևանի տարբեր հատվածներում, ըստ «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջի, մի շարք պաստառներ են փակցվել «Սաղ տանք, խախանդ ապրենք», «Լռեք, թող հանձնի» և նմանատիպ այլ գրառումներով։
 
Մարզերից այս պահին հայտնի է Արմավիրից Գյումրի միջպետական ճանապարհի փակ լինելու մասին։ Այստեղ են նաև ընդդիմադիր պատգամավորները։
 
Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ ուղեկցվում է բողոքի ակցիաներով ինչպես սահմանի տվյալ հատվածի, այնպես էլ Հայաստանի այլ շրջաններում, այդ թվում՝ Երևանում: Տեղում բողոքող տավուշցիներն ասում են՝ միակողմանի զիջումներ են արվում, անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվում։
 
Իշխանությունները, մինչդեռ, հայտարարում են, որ սրանով անվտանգային ռիսկերն են նվազում։ Վարչապետ Փաշինյանը երեկ ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցում ասել է, որ Ոսկեպար, Կիրանց ու Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, և ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար:։
 
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են, ավելի վաղ շեշտել էր նա։
 
Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։
 
Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։
 
Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:
 
Մինչ այժմ հայտարարվել է Հայաստան - Ադրբեջան սահմանին ընդհանուր թվով 28 սահմանային սյան տեղադրման մասին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play