Միխեիլ Սաակաշվիլի. «Մենք պետք է մրցակցենք երկու երկրների բարգավաճման հարցում»


Միխեիլ Սաակաշվիլի. «Մենք պետք է մրցակցենք երկու երկրների բարգավաճման հարցում»

  • 22-01-2011 18:30:03   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 22-ին այցելեցին «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, որտեղ ներկա գտնվեցին հայ-վրացական դպրոցականների առարկայական առաջին օլիմպիադայի փակման եւ մրցանակների հանձնման արարողությանը։ Նման օլիմպիադա անցկացնելու գաղափարը պատկանում է Հայաստանի եւ Վրաստանի նախագահներին՝ երկու երկրների միջեւ համագործակցությունն ավելի ամրապնդելու նպատակով։ Հայաստանի եւ Վրաստանի 30-ական աշակերտներ մասնակցեցին օլիմպիադային: «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» եւ «Ինֆորմատիկա» առարկաներից մրցույթներում ամենայուրօրինակ լուծումներ ներկայացրած Հայաստանի եւ Վրաստանի մասնակիցներին «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից հանձնվեցին հուշախորհրդանիշ-արձանիկներ եւ Նվաճման վկայականներ։ Իսկ երկու երկրների ղեկավարները մրցանակներ հանձնեցին բոլոր մրցույթներում երկու թիմերի լավագույն մասնակիցներին։ Մ.Սաակաշվիլին՝ ողջունելով մասնակից թիմերին, համոզմունք հայտնեց, որ «մենք պետք է մրցակցենք երկու երկրների բարգավաճման հարցում»։ Վրաստանի նախագահը նշեց, որ երկրորդ օլիմպիադան կանցկացվի արդեն Վրաստանում։ Նա հայտարարեց նաեւ, որ նախատեսում է Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու ցանկություն հայտնած հայաստանցի ուսանողների համար սահմանել Վրաստանի նախագահի կրթաթոշակ։ Տարածաշրջանի այս երկու երկրները պետք է «ձեռք-ձեռքի սեղմած» մտածեն ապագայի մասին, որովհետեւ «մեր ապագան պայմանավորված է հենց մեր երկու ժողովուրդների գիտակցությամբ եւ բարեկամությամբ»։ Ըստ Վրաստանի նախագահի, ինքը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ընդունում է որպես իր «մեծ բարեկամ, լավ գործընկեր եւ եղբայր»: Նա նշեց նաեւ, որ ինքը եւ վրաց ժողովուրդը չեն կարող մոռանալ անցյալ տարի Հայաստան այցելության ընթացքում իր հայաստանցի գործընկերոջ աջակցությունը։ Ավելին, աշխարհի շատ ժողովուրդներ պետք է օրինակ վերցնեն հայ եւ վրաց ժողովուրդներից. «Ձեր հաղթանակները մեր երկու երկրների հաղթանակներն են»,- ասաց Վրաստանի նախագահը, կոչ անելով երիտասարդներին չհեռանալ իրենց երկրներից, որպեսզի համատեղ ուժերով «մտածենք տարածաշրջանի զարգացման մասին»։ Սերժ Սարգսյանն իր հերթին նշեց, որ հայ-վրացական հարաբերությունները «մենք չենք սկսել եւ, բնական է, մեզնով չեն ավարտվելու»։ «Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է նոր շունչ հաղորդել, մասնակցությունը բերել, որպեսզի կարողանանք այդ թանկ ժառանգությունը փոխանցել մեր զավակներին»,-ասաց Ս.Սարգսյանը։ ՀՀ նախագահը նկատեց, որ երկու ժողովուրդները, հազարամյակներ ապրելով կողք-կողքի, երբեք միմյանց դեմ զենք չեն բարձրացրել, մրցակցել են գրականությամբ, թատրոնով, մարզաձեւերում։ Որպես աշակերտներին ոգեշնչող օրինակ Ս.Սարգսյանը վկայակոչեց իր վրացի գործընկերոջ օրինակը, ով ընդամենը 28 տարեկան հասակում գիտությունների դոկտոր էր, իսկ 36 տարեկանում՝ երկրի ղեկավար։ Լրագրողների հետ զրույցում Մ.Սաակաշվիլին նշեց, որ ոչ միայն հիանում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի նվաճումներով եւ ներուժով, այլեւ ցանկանում է փոխառել նրա փորձը։ «Վերջին տարում շատ բաներ ենք ուսումնասիրել Վրաստանում եւ փոխառել նրա փորձը, մասնավորապես, աշխատանքների կազմակերպման, իրավակարգի եւ բիզնես կլիմայի բարելավման հարցերում»,- իր հերթին հավելեց ՀՀ նախագահը։ «Ես ուրախ եմ, որ Միխեիլ Սաակաշիլին Երեւանում է, դա եւս մեկ քայլ է հարաբերությունների ամրապնդման ճանապարհին»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play