Քոչարյանի ազատության մեջ մնալու շանսերը նվազում են.Եղիազար Այնթապցի


Քոչարյանի ազատության մեջ մնալու շանսերը նվազում են.Եղիազար Այնթապցի

  • 30-08-2013 16:44:02   | Հայաստան  |  Վերլուծություն
Ըստ ամենայնի առաջիկա օրերին Հաագայի միջազգային քրեական դատարանը սանկցիա կտա Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ձերբակալելու համար: Թե ինչով կավարտվի Ասադի ճակատագիրը, կձերբակալե՞ն արդյոք նրան, թե՞ նա իր մահկանացուն կկնքի միջազգային հակասիրիական կոալիցիոն զինուժի ռմբակոծություններից որևէ մեկի ընթացքում, դժվար է ասել: Սակայն տվյալ պարագայում խնդիրը ունի նաև այլ ենթատեքստ, որն ուղղակիորեն վերաբերում է հայաստանյան իրավիճակին: Խոսքը մասնավորապես այն նախաձեռնության մասին է, որով ընդդիմությունը քայլեր է ձեռնարկում Մարտի 1-ին սեփական ժողովրդի վրա կրակելու համար Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու համար, որպես մարդկության դեմ հանցագործություն կատարած գործչի: 
 
Այստեղ էական չէ նաև այն, թե որքան կհաջողի ընդդիմությունն այդ հարցում, առավել ևս, որ ընդդիմադիր առաջնորդները հայտարարել են, որ իրենք իհարկե շատ կկամենային, որ Քոչարյանը դատվեր Հայաստանի դատական համակարգում, և բանը չհասներ միջազգային ատյաններ: Այնպես որ, եթե Հայաստանում իշխանփոխությունը շատ ավելի շուտ լինի, քան Հաագայի դատարանը կսկսի զբաղվել Քոչարյանի գործով, ապա մեծ է հավանականությունը, որ բանը Հաագա չի էլ հասնի: Խնդիրը տվյալ դեպքում այն հակադարձումներն էին, որոնք իշխանությունն անում էր` ընդդիմության Հաագա ներկայացրած հայցին ի պատասխան` հայտարարելով, որ Հայաստանը Հռոմի ստատուտին միացած պետություն չէ, հետևաբար Հաագայի միջազգային դատարանի առաջ պարտավորություններ չունի, որպեսզի հանցագործ ղեկավարներին հանձնի դատարանին: 
 
Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ Ասադի դեպքն ու դրա ենթատեքստը: Կապն այն է, որ Սիրիան նույնպես Հռոմի ստատուտին չմիացած պետություն է, սակայն Հաագայի դատարանը, իր նախաձեռնությամբ քննելով Ասադի հարցը, մտածում է նրան ձերբակալելու միջազգային սանկցիա տալ: Փաստորեն, Հաագայի դատարանը, ըստ էության, վճռում է Ասադի հարցը, ինչը ցույց է տալիս, որ եթե միջազգային օրակարգում է հայտնվում որևէ գործչի անձեռնմխելիության հարցը, ապա այս դեպքում արդեն ստատուտին միացած կամ չմիացած լինելը էական դեր չի կատարում: 
 
Այսինքն, իշխանության այդ հակադարձումները, թե ընդդիմության ջանքերն իզուր են, որովհետև Հայաստանը միացած չէ Հռոմի ստատուտին, Ասադի, ինչպես նաև նրանից առաջ Լիբիայի նախագահ Քադաֆիի պարագայով ուղղակիորեն հերքվում են, որովհետև 2011թ․ մայիս ամսին Հաագայի դատարանը Քադաֆիին իր երկու մերձավոր զինակիցների հետ ձերբակալելու համանման որոշում էր կայացրել: Իհարկե, այստեղ շատերը կարող են ասել, որ Քոչարյանին, Ասադին ու Քադաֆիին համեմատելը սխալ է: Իհարկե, Ասադն էլ Քադաֆիի նման պատերազմ է մղում սեփական ժողովրդի դեմ և արյուն հեղում անխնա, իսկ Քոչարյանը բավարարվեց ընդամենը տասը մարդու կյանքով, թեև եթե ընդդիմությունն ի վերջո մարդկանց կյանքը չգնահատեր և չգնահատեր երկրի կայունությունը արտաքին թշնամուն առիթ չտալու համար, ապա կասկած չկա, որ Քոչարյանը Ասադից ու Քադաֆիից հետ չէր մնա և իրեն ավելի զուսպ չէր պահի:
 
Բայց փաստն իհարկե այն է, որ նրանց թափած արյան չափն անհամեմատ տարբեր է: Բայց խնդիրն այստեղ համեմատությունները չեն, այլ սկզբունքը: Հետևաբար, երբ որևէ նախկին կամ ներկա բռնապետի հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքը դառնում է սկզբունքի հարց, ապա այդ հարցը լուծելը միջազգային ատյանների և տերությունների համար դառնում է տեխնիկայի խնդիր, անկախ փաստաթղթային բյուրոկրատական քաշքշուկներից:- գրում է 1in.am-ը։
Նոյյան տապան  -   Վերլուծություն