Հայ-ռումինական կապերն օժտված են զգալի ներուժով եւ ունեն զարգացման որոշակի հեռանկարներ<br />


Հայ-ռումինական կապերն օժտված են զգալի ներուժով եւ ունեն զարգացման որոշակի հեռանկարներ

  • 20-01-2011 15:32:00   | Ռումինիա  |  Տնտեսություն
ԲՈՒԽԱՐԵՍՏ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 18-ին Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի տրանսպորտի եւ ենթակառույցների նախարար Անկա Բոաջիուն (Anca Daniela Boagiu), ով ռումինական կողմից գլխավորում է հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը: Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի խորացման հեռանկարները, այդ առումով կարեւորելով մարտի 10-ին նախատեսված Միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի գումարումը Բուխարեստում: Նիստի օրակարգում ընդգրկված են առեւտրի, արդյունաբերության եւ էներգետիկայի, ճանապարհային եւ երկաթուղային տրանսպորտի, գյուղատնտեսության, փոքր եւ միջին ձեռնարկությունների, ինչպես նաեւ տուրիզմի ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր: Նախատեսվում է նաեւ Միջկառավարական նիստին զուգահեռ Բուխարեստում կազմակերպել հայ-ռումինական գործարար ֆորում` երկու կողմերի առեւտրատնտեսական հաստատությունների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայկական պատվիրակությունը կգլխավորի ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար, Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մանուկ Վարդանյանը: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաեւ կրթական եւ գիտատեխնիկական ոլորտում մի շարք ծրագրերի եւ համաձայնագրերի իրականացման հարցերին: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, նույն օրը Հ.Գասպարյանը հանդիպել է նաեւ Ռումինիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետքարտուղար Բոգդան Աուրեսկուի (Bogdan Lucian Aurescu) հետ: Զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռումինական երկկողմ, ինչպես նաեւ ԵՄ, մասնավորապես Արեւելյան գործընկերության նախաձեռնության, ինչպես նաեւ Հյուսիսանտլանտյան դաշինքի եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության շրջանակներում հարաբերությունների խորացման հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ հայ-ռումինական կապերն օժտված են զգալի ներուժով եւ ունեն զարգացման որոշակի հեռանկարներ: Այդ համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվել նախատեսված օրակարգային միջոցառումների ու ծրագրերի ժամանակին եւ պատշաճ իրականացմանը, որոնք ընդգրկում են առեւտրի եւ տնտեսության, տուրիզմի, մշակույթի, կրթության եւ գիտության ոլորտները, ինչպես նաեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն