Հայաստանի օրենսդրությունը երբեմն նման է սարդոստայնի,- խոստովանում է <br /> ՀՀ արդարադատության նորանշանակ նախարարը


Հայաստանի օրենսդրությունը երբեմն նման է սարդոստայնի,- խոստովանում է
ՀՀ արդարադատության նորանշանակ նախարարը

  • 17-01-2011 21:12:34   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Արդարադատության նախարարությունը բաց է մամուլի հետ երկխոսության համար. մամուլում հրապարակված ցանկացած դիտողության, առաջարկության, քննադատության վերաբերյալ տրվելու են հստակ պատասխաններ»: Այդ մասին իր առաջին ասուլիսիում հունվարի 17-ին հայտարարեց ՀՀ նորանշանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նախարարն իր կողմից իրականացվելիք քաղաքականության կարեւոր ուղղությունների թվում նշեց նախարարություն-ժողովուրդ կապի խնդիրը: Հ. Թովմասյանը նշեց, որ այս ոլորտում խնդիրները հիմնականում երեք պատճառներ ունեն. ըստ նրա, նախարարության համակարգում եզակի չեն այն մարդիկ, ովքեր պետությանը ծառայելը շփոթում են սեփական բարեկեցությունը բարձրացնելու հետ, խնդիրների երկրորդ պատճառն այն է, որ Հայաստանի օրենսդրությունը երբեմն նման է սարդոստայնի, որտեղ սովորական քաղաքացիները խճճվում են եւ դրանից դուրս գալու համար պատրաստ են այս կամ այն անձին վճարել: Խնդիրների երրորդ պատճառը, ըստ նախարարի, ժամանակային անհարկի ձգձգումներն են, որոնք նա խոստանում է կարգավորել նաեւ օրենսդրական փոփոխությունների ճանապարհով: Հ.Թովմասյանը հայտնեց, որ նախատեսվում են կառուցվածքային բարեփոխումներ նոտարիատի բնագավառում: Հայաստանում նոտարները օրական վավերացնում են միջինը 23 գործարք, ինչը միջին եվրոպական չափանիշները գերազանցում է երկու անգամ: Ուստի, ըստ նախարարի, աստիճանաբար պետք է ավելացվի նոտարիատների թիվը եւ անցում կատարվի դեպի ազատականացված նոտարական համակարգ: Բարեփոխումների արդյունքում հաճախորդները իրավունք են ունենալու նոտարից պահանջել հավաքել գործարքի համար անհրաժեշտ փաստաթղթերը: Նախարարը վստահ է, որ նոտարական համակարգում մրցակցության պայմաններում կիջնեն նաեւ ծառայությունների սակագները, իսկ պետության խնդիրն է սահմանել գործարքի համար նվազագույն եւ առավելագույն սակագների չափը: Նախարարի խոսքերով, լուրջ բարեփոխումների կարիք ունի նաեւ քրեակատարողական համակարգը: Նախարարը, մասնավորապես, գտնում է, որ պետք է աստիճանաբար հրաժարվել կազարմային խցերից եւ փոխարինել դրանք մենախցերով: Նախարարը կարեւորեց նաեւ տնային կալանքի համակարգի ներդրումը որպես քրեակատարողական հիմնարկների գերբնակեցումը հաղթահարելու միջոց: ԴԱՀԿ ոլորտում, ըստ նախարարի, նույնպես կա բարեփոխումների անհրաժեշտություն: Մասնավորապես, Հ.Թովմասյանինն մտահուգում է այն, որ ԴԱՀԿ կողմից իրականացվող աճուրդներին «այդքան քիչ մարդ է մասնակցում», ինչի համար կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: «Խնդիրներն այստեղ ես պատկերացնում եմ կոռուպցիոն ռիսկերի առումով եւ ընադհանրապես ամբողջ բարեփոխումների առումով»,- ասաց նախարարը: Նա միաժամանակ ընդգծեց, որ համակարգը բավականին կայացած է, վերջին երկու տարում ԴԱՀԿ կողմից կատարված բռնագանձումները մոտ չորս անգամ ավելացել են: Հրայր Թովմասնաը լրագրողներին ներկայացրեց իր մամուլի քարտուղարին՝ «Ազատություն» ռադիոկայանի արդեն նախկին լրագրող Կարինե Քալանթարյանին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play