Առաջարկվել է Եվրոպայի համալսարանական սպորտի շախմատի առաջնությունը 2015 թվականին անցկացնել Հայաստանում


Առաջարկվել է Եվրոպայի համալսարանական սպորտի շախմատի առաջնությունը 2015 թվականին անցկացնել Հայաստանում

  • 25-10-2013 19:06:20   | Հայաստան  |  Սպորտ
 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է հոկտեմբերի 24-25-ը Հայաստանում տեղի ունեցած Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահության նիստի մասնակիցներին՝  նախագահ Ադամ Ռոշեկի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԿԳ նախարար, Հայաստանի համալսարանական սպորտի ֆեդերացիայի նախագահ Ա. Աշոտյանը շեշտել է, որ Հայաստանը Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիային անդամակցել է ընդամնեը մեկ տարի առաջ և ճանաչողական տեսանկյունից կարևոր է  համարում  ասոցիացիայի նիստի անցկացումը Հայաստանում, քանի որ այն համալսարանական սպորտի և անդամ երկրների համագործակցության զարգացմանը միտված  լրացուցիչ հնարավորություն է:

Նախարարը նշել է, որ անդամակցությունից հետո Հայաստանը  ակտիվ մասնակցություն է ունեցել ուսանողական սպորտային խաղերին, իսկ անցյալ տարի Կազանի ունիվերսիադիայից  Հայաստանի պատվիրակությունը  վերադարձել է 10 մեդալով: Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշել  է, որ թեև Հայաստանը Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի ամենաերիտասարդ անդամներից է, սակայն աչքի է ընկնում շատ մեծ ակտիվությամբ, ինչը վստահություն է նեշնչում, որ կունենա խոստումնալից ձեռբքերումներ:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանն առաջարկել է 2015 թվականին Հայաստանում անցկացնել Եվրոպայի համալսարանական սպորտի շախմատի առաջնությունը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը  շախմատային հարուստ ավանդույթներ ունեցող երկիր է: Նախարարը ներկաներին նաև տեղեկացրել է, որ Հայաստանն աշխարհի այն եզակի երկիրն է, որտեղ «Շախմատը» որպես հանրակրթական առարկա դասավանդվում է դպրոցներում: 
Ասոցիացիայի ավելի քան 20 անդամ երկրների ներկայացուցիչներից բացի Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի երևանյան նիստին հյուրի կարգավիճակով ներկա է եղել նաև հարևան Վրաստանի համալսարանական սպորտի ֆեդերացիայի նախագահը:
 

 

Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play