Բիշքեկյան գագաթաժողովը լիովին հաստատեց արդի աշխարհում ռեգիոնալիզմի զարգացման միտման վրա հենվող միավորումների կենսունակությունը


Բիշքեկյան գագաթաժողովը լիովին հաստատեց արդի աշխարհում ռեգիոնալիզմի զարգացման միտման վրա հենվող միավորումների կենսունակությունը

  • 19-11-2013 15:25:01   | Ռուսաստան  |  Վերլուծություն

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ, ՄԱՍ I

 

Ալեքսանդր Սալիցկի 
Տնտեսագիտության դոկտոր, ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Արևելքի երկրների ինստիտուտի պրոֆեսոր։
 

Նելլի Սեմյոնովա 
ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Էներգետիկ և տրանսպորտային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող։

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) բիշքեկյան գագաթաժողովը լիովին հաստատեց արդի աշխարհում ռեգիոնալիզմի զարգացման միտման վրա հենվող միավորումների կենսունակությունը։

Նման զարգացումը ոչ պակաս չափով պայմանավորված է նրանով, որ արդի աշխարհում նկատվում է համաշխարհային տնտեսության և քաղաքականության կենտրոն-ծայրամասային կառուցվածքի թուլացում։ Մյուս կողմից, ամրապնդվում են կապերը ոչարևմտյան, զարգացման մակարդակով ու նպատակներով միմյանց ավելի մոտ երկրների միջև։ Սա պայմանավորված է նաև Չինաստանի՝ անկախ, ակտիվ և հզոր դերակատարի վերելքով, որը վաղուց արդեն դավանում է բազմակենտրոն աշխարհի դոկտրինին։

Համաշխարհային տնտեսությանը հարմարվելուց, որն ավարտվեց 2001թ. Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) մտնելով, Պեկինն անցում է կատարել դրա յուրացմանը։ Որպես հավասարը հավասարի հետ փոխգործակցելով հին կենտրոնների հետ՝ Չինաստանը փաստորեն ստեղծել է աշխատանքի միջազգային բաժանման ինքնուրույն ենթահամակարգ։ Այն դարձել է խոշորագույն արդյունաբերական և առևտրային տերություն, իրեն ամուր կապել մոտ ու հեռու շատ երկրներ։ Նրա տնտեսական էքսպանսիան, որը համընկավ Արևմուտքի ֆինանսական ճգնաժամի ու Միջին Արևելքում ԱՄՆ անհաջողությունների հետ, առաջացրեց Վաշինգտոնի խիստ բացասական հակազդեցությունը 2000-2010թթ. սահմանագծին։ Արդյունքում՝ բազմակենտրոնության միտումը ձեռք բերեց նաև նոր երկբևեռության երանգավորում։

Այդ երկբևեռությունն արտաքին քաղաքական առումով աջակցվում է Ռուսաստանի կողմից, որն ակտիվորեն պաշտպանում է ազգային ինքնիշխանության գաղափարները։ Մասնավորապես, մեր երկրի հետևողական քաղաքականությունը սիրիական և այլ հարցերում նպաստավոր ազդեցություն է գործում միջազգային հարաբերությունների վրա՝ համեմատաբար թույլ երկրներին հնարավորություն ընձեռելով էլ ավելի լիարժեք օգտագործել բազմակենտրոնության առավելությունները։ Դա լիովին վերաբերում է Կենտրոնական Ասիայի երկրներին, որոնք, հանձինս հզորացող Չինաստանի և տարածաշրջանային իրադրությունը կայունացնող Ռուսաստանի, հուսալի և շահագրգիռ գործընկերներ են ձեռք բերել։

2008-2009թթ. ճգնաժամից հետո բոլորն ընդունում են այն այն փաստը, որ 1970-ականներին արևմտյան երկրների ներքին և արտաքին քաղաքականությունում սկսված նեոլիբերալ փուլը զարգացման կասեցման և տնտեսական աճի տեմպերի զանգվածային անկման ժամանակաշրջան էր։ Արևմուտքի կողմից վարվող գլոբալացումը երկրների ու տարածքների միայն ոչ մեծ խմբի թույլ տվեց հետպատերազմյան Ճապոնիայից հետո կրկնել հաջողության՝ տնտեսության արտաքին շուկաների կողմնորոշում ունեցող հետագիծը։ Տարօրինակ կերպով գլոբալացումը լճացման հանգեցրեց հենց Ճապոնիայում, երրորդ աշխարհում տերությունների կողմից մոռացված երկրների ընդարձակ, «մոռացված գոտու» կազմավորմանը, չկայացած պետությունների թվի աճի և, վերջապես, հենց զարգացած երկրներում տնտեսական դինամիկայի խոշոր խափանումների։

Վերջին քառորդ դարում նեոլիբերալ գլոբալացման վիճակագրորեն նշանակալի և հաջող հակակշիռներ դարձան Չինաստանն ու Հնդկաստանը, որոնք անգամ իրենց չափերի պատճառով չէին կարող ինտեգրվել արևմտակենտրոն (երկմիջուկանի՝ ԱՄՆ, ԵՄ) համաշխարհային տնտեսությանը։ Արդյունքում՝ սկսեց կազմավորվել բազմաբևեռ աշխարհ, իսկ ՉԺՀ ակնհայտ վերածումը նրա նոր կենտրոնի, փաստորեն, նշանակում էր զարգացման զսպման քաղաքականության հաղթահարում։

Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրները նույնպես ազատ զարգացման (այդ թվում և հավաքական՝ տարածաշրջանային) էական արդյունքների են հասել, ինչը, ի թիվս այլ բաների, պակասեցրել է «գլոբալ» ինստիտուտների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) և ԱՀԿ-ի դերը, դրանք դարձնելով ավելի իրավահավասար և սուր բանավեճերի ասպարեզ։ Բարձրացել է տարածաշրջանային համագործակցության նշանակությունը, այդ թվում ֆինանսական ոլորտում։ Հետևաբար, ընդլայնվում են զարգացման ճանապարհների ընտրության հնարավորությունները նաև այլ պետությունների համար, մանավանդ որ Արևմուտքի արժութա-վարկային մենիշխանությունը և դրա հետ մեկտեղ՝ զարգացման ռազմավարություններ թելադրելու հնարավորությունը փաստորեն անցյալի սեփականությունն են դառնում։

XXI դարի առաջին տասնամյակում Չինաստանը դարձավ երրորդ աշխարհի մի շարք «մոռացված երկրների» նոր, հզոր գործընկերներից մեկը, և դա հանգեցրել է այն բանին, որ միանգամայն հակասականորեն բեմահարթակ են վերադարձել հին կենտրոնները։ Բայց երրորդ աշխարհի համար մրցակցությունը վերսկսելու կողքին՝ մենք ափսոսանքով տեսանք նաև վարչակարգերի փոփոխման սակավարդյունավետ սցենարների հերթագայություն, որոնք երկար ժամանակով հետ գցեցին քիչ թե շատ բարեկեցիկ մի շարք երկրների սոցիալ-տնտեսական զարգացումը։

Մինչդեռ ՉԺՀ-ն, վերջնականապես յուրացնելով գլոբալացումը, դարձավ նրա ակտիվ կողմնակիցը։

Չինաստանի արտաքին քաղաքական գծի նոր կետերից մեկը, որի մասին հայտարարվեց ՉԿԿ XVIII համագումարում, ապրանքների և մասամբ կապիտալի միջազգային շարժի հետագա ազատականացման կոչն էր։ «Ակտիվ մասնակցություն ունենալով գլոբալ տնտեսական կառավարմանը՝ Չինաստանն առաջ է մղում ազատականացումն ու առարկում ամեն տեսակ հովանավորչությանը»,- նշվում էր Հու Ցզինթաոյի զեկույցում։

Սա լիովին հասունացած հայտարարություն է՝ նկատի ունենալով ՉԺՀ մրցունակության ներկայիս մակարդակը։ Եվ թեև այդ մակարդակն ապահովվել է հիմնականում հովանավորչական քաղաքականության տասնամյակների շնորհիվ, Չինաստանի վերածվելը «հաջորդ աստիճանի գլոբալացման շարժիչի»՝ հարկ է ընկալել առանց որևէ հեգնանքի, որպես օրինաչափ և լուրջ որակական տեղաշարժ։

Այդ տեղաշարժն ազդարարում է Չինաստանի տնտեսական զարգացման ինտենսիվ փուլի սկսման մասին, երբ ազգային կապիտալի (սկզբում՝ պետականի, իսկ այժմ՝ նաև մասնավորի) համար նեղ է գալիս անգամ վիթխարի ներքին շուկան, և այն էլ ավելի եռանդուն ձգտում է դեպի արտասահման, որտեղ նրա ծառայության տակ են դրվում նաև մեծաթիվ, վերստին պատերնալացվող սփյուռքի (հին և նոր) կապերը։

Նշենք, որ Չինաստանում էմիգրանտներին արդեն քաղաքական չեզոքության կոչեր չեն անում։ Պեկինում 2012թ. գարնանը խուացյաոների միջազգային համաժողովին հրավիրվել էր սփյուռքի մոտ 500 անվանի ներկայացուցիչ։ Համաժողովին ներկա էին երկրի գրեթե բոլոր բարձր ղեկավարները, նրանց ելույթներում, ի թիվս այլ բաների, ընդգծվում էր կեցության երկրների քաղաքական կյանքին օտար երկրներում ապրող չինացիների մասնակցության, «հրապարակային դիվանագիտության մեթոդներով ընդհանուր նպատակներին հասնելու» կարևորությունը։

Չինական էքսպանսիան ոչ միայն առաջ է մղում, այլև մասամբ ձևափոխում է գլոբալիզացիան, քանի որ «սեղանից ուշացածի» դերում Պեկինը ստիպված է իր գործընկերներին առաջարկել համագործակցության ավելի ընդունելի պայմաններ, քան այն պայմանները, որոնք առկա էին այդ գործընթացի նախորդ՝ արևմտակենտրոն փուլում։ Իսկ նրանք, ընդունելով այդ պայմանները, ազատ են սակարկելու նաև ուժի այլ կենտրոնների հետ, ինչն, ընդհանուր առմամբ, այնուամենայնիվ, շահավետ է դառնում միջազգային խաղերի ավելի թույլ կամ գլոբալացման նախորդ փուլում պարզապես մոռացված մասնակիցների համար։ Այլ կերպ ասած՝ Չինաստանի օգնությամբ տարածք է վերստեղծվում ինքնուրույն զարգացման և նրա արտաքին աղբյուրների դիվերսիֆիկացման համար։

Միևնույն ժամանակ, ՉԺՀ ամենաակտիվ մասնակցությամբ տեղի է ունենում զարգացման գաղափարների արտաքին քաղաքական վերածնունդ, այդ թվում BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն), ՇՀԿ, զարգացող երկրների տարածաշրջանային կազմակերպությունների (ներառյալ ԱՍԵԱՆ-ը) գործունեությունը։ Արևմուտքի քննադատությունը ձեռք է բերում գործնական և կառուցողական բնույթ։

Զարգացումը վերականգնելը և այն ինքնուրույնաբար պաշտպանելու կարողությունը ՉԺՀ հիմնական առաջարկությունն են տնտեսապես ավելի թույլ պետություններին։ Կայուն աճի ոգեշնչողի այս նոր դերում Պեկինը, ոչ առանց հիմքի, հայտարարում է, այդ թվում և Կենտրոնական Ասիայում, որ հետաքրքրված է իր գործընկերների իրական անկախությամբ։ Իսկ անկախությունը չի կարող լիարժեք լինել առանց գործունակ պետությունների վերստեղծման և դրանց տնտեսական (այդ թվում ենթակառուցվածքային և արդյունաբերական) զարգացման, ինչին Չինաստանը պատրաստ է օժանդակել և՛ խոսքով, և՛ գործով, քանի որ այժմ հզոր ներդրումային-շինարարական և մեքենաշինական համալիր ունի, որն արդեն երկրի ներսում ներդրման ոլորտների դեֆիցիտ է զգում։

Այս ընդհանուր միտումների գործունեության արդյունքում կենտրոնաասիական երկրները հանձին Չինաստանի ձեռք են բերել ածխաջրածինների սպառման ոչ միայն կարևոր այլընտրանքային շուկա, այլ նաև իրենց արտաքին քաղաքական դիրքորոշումների ամրապնդման իրական գործիք, այդ թվում Մոսկվայի, Եվրոպայի և Վաշինգտոնի հետ հարաբերություններում։

Կենտրոնական Ասիայում արտատարածաշրջանային տերությունների դիրքերի ամրապնդման հանդեպ Պեկինի անվստահությունը կապված է բնական այն երկյուղների հետ, որ վերջիններն աջակցում են անջատողականությանը Սինցզյանում և Տիբեթում։ Այդ անվստահությունը կապված է նաև Պակիստանում և Իրանում հնարավոր ապակայունացման հետ։ Նման երկյուղներ ունի նաև Ռուսաստանը։

Բնութագրելով տարածաշրջանի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը՝ չինացի վերլուծաբան Յույ Սույը գրում է. «Կենտրոնական Ասիայի գործերին միջամտելը ԱՄՆ ռազմավարական ճեղքումն է սառը պատերազմից հետո։ Վաշինգտոնի միջոցառումներն ուղղված են Ռուսաստանի դեմ, սակայն հարկ է ուշադրություն դարձնել նաև այն բանին, որ դրանք Չինաստանը շրջապատելու և փոխելու փորձեր են։ Կենտրոնական Ասիայի երկրների կարևորությունն ամենևին չի զիջում Հյուսիսարևելյան և Հարավարևելյան Ասիայի պետությունների նշանակալիությանը, քանի որ տարածաշրջանը սերտ կապեր ունի չինական Սինցզյանի հետ, որտեղ հարմար հնարավորությունների են սպասում բազմաթիվ անջատողականներ»։ Ավելացնենք, որ Սինցզյանն այժմ չինական տնտեսության նաև կարևորագույն ներքին վառելիքային բազան է։

«Չինաստանը Կենտրոնական Ասիայում,- շարունակում է Յույ Սույը,- դեպքերի մեծամասնությունում Ռուսաստանին օժանդակող ուժն է, իսկ Պեկինի և Մոսկվայի վերաբերմունքը ԱՄՆ-ի հանդեպ զգալիորեն կախված է ամերիկյան քաղաքականությունից»։ Ընդհանուր առմամբ, կարելի է համաձայնել այս բանաձևի հետ՝ նշելով, որ Կենտրոնական Ասիայում Պեկինի ձևավորվող հեղինակությունը կարևոր բնութագրիչ է տարածաշրջանի ներսում և դրա շուրջ տիրող ողջ իրավիճակի համար։

Հատուկ «Новое Восточное Обозрение» ինտերնետ-ամսագրի համար

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play