Հայկ Քոթանջյան . «Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցություններում կառուցողական շրջադարձի գրավականը ԱԴՐՀ և ԼՂՀ կողմերի փոխադարձ ճանաչումն է»


Հայկ Քոթանջյան . «Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցություններում կառուցողական շրջադարձի գրավականը ԱԴՐՀ և ԼՂՀ կողմերի փոխադարձ ճանաչումն է»

  • 11-12-2013 13:57:47   | Հայաստան  |  Հարցազրույցներ

«Նոյյան Տապանի» հարցերին պատասխանում է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ),  հակաահաբեկչության գծով գիտական փորձագետ (ԱՄՆ), ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի անդամ, գեներալ-մայոր Հայկ Սարգսի Քոթանջյանը:
«Նոյյան Տապանի»  – Պարո՛ն Քոթանջյան, Դուք վերջերս եք վերադարձել Բուխարեստից: Ինչպե՞ս կբնութագրեք Ռումինիայում անցկացված Հարվարդի` Սևծովյան անվտանգության ծրագրի գիտաժողովը: 
Հ. Ք. – “Սևծովյան տարածաշրջանում միջազգային համագործակցությունն անցած և ապագա 20 տարում” թեմայով գիտաժողովը կազմակերպվել էր Ձեր հիշատակած Հարվարդի ծրագրի կողմից` Ռումինիայի ազգային հետախուզական ծառայության հետ համատեղ: Դրան մասնակցում էին մասնագետներ 11 պետություններից, այդ թվում` տարածաշրջանի երկրներից, ցավոք` բացառությամբ Ռուսաստանի: Հարվարդի հետ պայմանավորվածության համաձայն այսուհետև տվյալ Համաժողովը կվարի Ռումինիայի ազգային հետախուզության ծառայությունը:  
«Նոյյան Տապանի» – Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների վերսկսման հաշվառմամբ` գիտաժողովում Ղարաբաղյան պրոբլեմը  որևէ  կերպ շոշափվե՞լ է:
Հ. Ք. – Դեռ նախքան Համաժողովը թուրքական և ադրբեջանական կողմերն ըստ Վիեննայում և Կիևում վերսկսված հանդիպումների արդյունքների հայտարարություններ են արել, թե Ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ կառուցողական բանակցությունների համար հիմք կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղից ՀՀ զորքերի դուրսբերումը, որոնք, ինչպես գիտեք, երաշխավորում են ԼՂՀ բնակչության անվտանգությունը: Ադրբեջանի կողմից պարտադրված սպառազինությունների ինտենսիվ մրցավազքի և հարձակողական սպառազինությունների ու ռազմամոլական  ճարտասանության աճման պայմաններում նման առաջարկությունը, որը ԼՂՀ բնակչությանը զրկում է իր ֆիզիկական անվտանգության համար ռազմական երաշխիքներից, գործում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից քաղաքական խաղադրույքների կանխամտածված մեծացման տպավորություն, որի նպատակը բանակցային գործընթացը կառուցողական փուլ փոխադրելու փորձերի  խաթարումն է: Այս առումով էլ Ղարաբաղյան պրոբլեմը շոշափվեց իմ զեկուցման մեջ: Այնտեղ ես հակամարտության կողմերին, այն է` ԱդրՀ-ին, ԼՂՀ-ին և ՀՀ-ին, առաջարկեցի հակամարտության կողմերի միջև բանակցությունները կառուցողական հուն տեղափոխելու գործընթացն սկսել Ադրբեջանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխադարձ ճանաչմամբ:
Ստորև բերվում է դոկտոր Հայկ Քոթանջյանի զեկուցումը` արված Հարվարդի Սևծովյան անվտանգության հարցերով գիտաժողովում:  
 
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱՍՅՈՒՆԵՐ
 
Հարգելի՛ պարոն Նախագահ, 
Հարգելի՛ գործընկերներ
 
ՈՒզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Հարվարդի համալսարանի Սևծովյան անվտանգության ծրագրի 12-րդ միջազգային գիտաժողովին մասնակցելու հրավերի համար: Այս գիտաժողովը համախմբում է տարածաշրջանային անվտանգության դինամիկայի հարցերով զբաղվող առաջատար փորձագետների, որոնք այսպիսով կարող են մտքեր փոխանակել ու քննարկել Ընդլայնված սևծովյան տարածաշրջանում առաջիկա 20 տարվա կտրվածքով զարգացման հնարավոր սցենարները: 
Համոզված եմ, որ ավելի կայուն և անվտանգ տարածաշրջան ունենալու հիմնական ուղին տարածաշրջանային երկրների, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանում ներգրավված ուժային կենտրոնների միջև ինտեգրման և երկխոսության խթանումն է: Երկխոսությունն ու ինտեգրումը նաև Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնասյուներն են: 1991 թ. անկախության ձեռքբերումից ի վեր` մեր պետությունը իր արտաքին քաղաքա-կանության մեջ ակտիվ կերպով իրականացնում է փոխլրացման սկզբունքը` զարգացնելով ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ և առաջ մղելով գործընկերությունը Արևմտյան ուժային կենտրոնների հետ, այդ թվում` ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի: Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հիմնադիր անդամն է և միևնույն ժամանակ սերտ կապեր է հաստատում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ` մասնակցելով նրա խաղաղարարական օպերացիա-ներին Իրաքում, Կոսովոյում, իսկ ներկայումս նաև Աֆղանստանում, ինչպես նաև իրագոր-ծելով Հայաստան–ՆԱՏՕ ԱԳԳԾ-ով ամրագրված պաշտպանական-անվտանգային բարեփոխումները :
Երկխոսությունն ու ինտեգրումը եղել են նաև այն կարևոր շարժիչ ուժը, որը Հայաստանին մղել է ակտիվ կերպով ներգրավվելու Եվրամիության Արևելյան գործընկերության  ծրագրում` միևնույն ժամանակ բանակցելով ԵՄ-ի հետ Ասոցիացված անդամության համաձայնագրի հնարավոր ստորագրման հարցով: Զուգահեռաբար Հայաստանը խորհրդակցել է Ռուսաստանի հետ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ: 2013 թ. սեպտեմբերին Հայաստանը կայացրեց Մաքսային միությանը միանալու գործնական առումով ճշգրիտ որոշում, որը մեծապես պայմանավորված է Հարավային Կովկասում ստեղծված ռազմաանվտանգային իրողությամբ : Միևնույն ժամանակ, Հայաստանը շարունակում է ԵՄ-ի հետ իր կառուցողական համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող զանազան բնագավառներում հարաբերությունները զարգացնելու նպատակով:
Սևծովյան տարածաշրջանի ավելի անվտանգ ու կայուն զարգացման համար խոչընդոտներից են Ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունը և հարևան պետության կողմից Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը: Ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ուղիղ ժողովրդավարության միջոցներով` օրինապատշաճ հանրաքվեի արդյունքներով կազմավորվել է ԽՍՀՄ փլուզման ընթացքում` Վերակառուցման ժամանակաշրջանի խորհրդային օրենսդրութ-յանը համապատասխան, նախքան ԽՍՀՄ կազմալուծման մասին Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրումը : Թեև հայկական կողմը ընտրացուցակներում ընդգրկել էր ադրբեջանական փոքրամասնությանը, սակայն Բաքվի իշխանությունների ցուցումով ադրբեջանական ընտրազանգվածը բոյկոտեց հանրաքվեն: Ցավոք, ժողովրդավարական ճանապարհով` հանրաքվեով, Լեռնային Ղարաբաղի պետության օրինական ստեղծումը ադրբեջանական և հայկական կողմերի համար չդարձավ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդար լուծման հիմք: Փոխարենը Ադրբեջանը ագրեսիա ձեռնարկեց օրինապատշաճ կերպով կազմավորված այդ պետության հանդեպ և սկսեց արյունալի պատերազմ, որը խլեց 25 000 մարդու կյանքը :
1994 թ. կնքված զինադադարից հետո և´ Հայաստանի Հանրապետությունը, և´ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շահագրգռված կերպով աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ծավալված խաղաղ գործընթացին: Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջանքերն ուղղված են վստահության ամրապնդմանը, որովհետև հենց փոխադարձ վստահությունը Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տևական խաղաղության ու կայունության հաստատման բանալին է: Մինչդեռ հարևան պետության գործողությունները մինչև Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների վերջին բանակցությունները հրապարակավ խարխլում էին փոխադարձ վստահության ստղծման համար ցանկացած հիմք: 
Պետք է հուսալ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Վիեննայում կայացած վերջին հանդիպումը խաղաղության գործընթացի վերագործարկման խոստումնալից ազդանշան է : Այդուհանդերձ հարկ է նշել, որ բանակցությունների այս փուլի հաջողությունը կախված կլինի այն բանից, թե կկարողանա Ադրբեջանի ղեկավարությունը հաշտվել իրականության հետ ու հրաժարվել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ թելադրանքի քաղաքականությունից: 
Հակամարտության կարգավորման գործում ներգրավված հարգարժան միջազգային միջնորդները պետք է լուրջ կերպով հաշվի առնեն, որ Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվում, քանի որ Ադրբեջանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության իրավունքը: Ղարաբաղյան հակամարտության զինված փուլն սկսվեց հենց այն պատճառով, որ Ադրբեջանը փորձեց ոչնչացնել օրինական կերպով ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` Ցեղասպանությունը կրկնելու սպառնալիքով: Ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ բանակցություններում դեպի կառուցողական երկխոսություն շրջադարձ կատարելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերադարձումը բանակցային գործընթաց`որպես Հայաստանի և Ադրբեջանի հետ մեկտեղ հակամարտության կողմի: ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների`Հայաստան – Լեռնա-յին Ղարաբաղի Հանրապետություն – Ադրբեջան եռակողմ ձևաչափում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման հիմք պետք է պաղեստինա-իսրայելական հակամարտության նմանությամբ դառնա դիմակայության գլխավոր կողմերի` Ադրբեջանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխադարձ ճանաչումը: 
 
Հույս ունենալով, թե բանակցային գործընթացում տեղի կունենա արդյունարար շրջադարձ, պետք է համոզված լինենք, որ միայն փոխադարձ ճանաչումը կապահովի կայունություն և հարատև խաղաղություն Հարավային Կովկասում, որը` որպես Ընդլայնված սևծովյան տարածաշրջանի մաս, ներդրում կունենա տարածաշրջանում համընդհանուր կայու-նության և անվտանգության հաստատման գործում: Ղարաբաղյան հակամարտության լուծման մեկ այլ հիմնասյուն պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար անվտանգության` միջազգային աջակցության արժանացած երաշխիքները, որոնք պետք է մշակվեն բանակցությունների ընթացքում:
 Վերջում կցանկանայի ներկայացնել Հայաստանի Ազգային ռազմավարական հետազո-տությունների ինստիտուտի` երկխոսությունը և ինտեգրումը Ռազմավարական քաղաքական ֆորումների կազմակերպմամբ առաջ մղելու փորձը : Այդ Ֆորումներին մասնակցում են  ՀԱՊԿ-ի անդամ պետությունների առաջատար կազմակերպությունները, ինչպես նաև ժամանակով ստուգված մեր արևմտյան գործընկերները, ինչպիսիք են` Հարվարդի և Օքսֆորդի համալսարանները, ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանը, «Չաթեմ հաուզ»-ը, Ստամբուլի Քադիր Հաս համալսարանը, Երուսաղեմի համալսարանը և այլն: Դրանք հնարավորություն են տալիս գիտական ձևաչափում դիտարկելու տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս եղած կնճռոտ անվտանգային պրոբլեմների լուծման նկատմամբ տարբեր մոտեցումներ: Նախատեսվում է հաջորդ Ռազմավարական քաղաքական ֆորումը կազմակերպել 2014 թ. մայիսին, այն կարող է քաղաքականության ոլորտի փորձագետների ու մշակողների համար ձևավորել գիտական հարթակ` Ընդլայնված սևծովյան տարածաշրջանի մարտահրավերներն ու հնարավորությունները քննարկելու համար: 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play